Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից Հայաստանի նկատմամբ բացասական տրամադրվածություն չկա, փաստում են ոլորտի փորձագետները: Ի վերջո Փաշինյանը չի՞ կողմնորոշվում ՀԱՊԿ-ի հարցում: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում նկատեց՝ Հայաստանի Հանրապետությունն է ՀԱՊԿ-ի անդամ, և ոչ թե Նիկոլ Փաշինյանի՝ իր թիմի հետ միասին: Եթե նա (նկատի ունի Փաշինյանը-խմբ.) իր վերադասների՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի Հատուկ ծառայությունների հանձնարարականները կատարելու հրամայականով փորձում է սառեցնել ՀԱՊԿ աշխատանքները, դա դեռ չի նշանակում, որ ՀԱՊԿ-ն էլ պիտի «նեղացած օրիորդի» կեցվածք ընդունի:
«ՀԱՊԿ-ի ղեկավարությունը պարբերաբար բարձրաձայնում է, որ ինքն իր վրա վերցրած պայմանագրային պարտավորությունները, որով Հայաստանը ևս պարտավորություններ ունի, բարեխղճորեն կատարում է: Հիշեցնեմ՝ օրեր առաջ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ Ռուսաստանի միջուկային «հովանոցը», համաձայն նոր միջուկային դոկտրինի, տարածվում է առաջին հերթին ՀԱՊԿ երկրների վրա: Սրանից հետևություն. ՀԱՊԿ-ն իր պարտականությունները կատարում է» ,- ասաց Նահապետյանն ու հավելեց՝ Փաշինյանն ակնթարկային և մղձավանջոտ երազ է, որը եկել ու անցնելու է, բայց ՀՀ-ՌԴ կամ ՀՀ-ի և մնացած դաշնակիցների հետ հարաբերություններն ավելի երկարաժամկետ են, քան Փաշինյանի իշխանությունը:
Նահապետյանի խոսքով՝ Փաշինյանի «տերերը» փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ՀԱՊԿ-ը նյարդայնանա ու համարժեք, կոշտ պատասխան տա այս քայլերին, սակայն նույն ՀԱՊԿ-ը այդ խայծը կուլ չի տալիս: Նահապետյանը պնդեց, որ հիմա տեսանելի է լրիվ հակառակ պատկերը: ՀԱՊԿ-ի կողմից հայտարարություններ են լինում, թե Հայաստանի համար իրենց դռները մշտապես բաց են, Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպությունում լայնամասշտաբ մասնակցությանը, որի համար առարկություններ չկան:
«ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն անընդհատ հայ հասարակությանը հասկացնում ու իրազկում են, որ ՀՀ-ի օրվա իշխանությունները կործանարար են և մեր երկիրը դեպի անդունդն են տանում: ՀԱՊԿ-ը մեզ միշտ ակնարկում է, որ այն լրջագույն խնդիրները, որ հնարավոր է առաջանան, դրա մեղավորը Փաշինյանն է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ասում էր՝ Փաշինյանին ժողովուրդն է ընտրել: Ի՞նչ էր ուզում սրանով ժողովրդին հասկացնել. Պուտինը մեզ ասում էր՝ 2018-ին դո՞ւք եք Փաշինյանին ընտրել, սխալվե՞լ եք, դե հիմա էլ եկել է ժամանակը, որ ուղղեք ձեր սխալը»:
Այս ամենի համատեքստում Նահապետյանը նկատեց՝ եթե Փաշինյանն ասում է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար, ապա ինչո՞ւ կտրուկ որոշման չի գնում, ու Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից:
«Ինքն իր իշխանությունը պահելու համար կոշտ քայլերի չի գնում՝ ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ ՌԴ-ի մասով. ընդամենը հայտարարություններ: Եթե դու համոզմունք ունես, որ ՀԱՊԿ-ը կամ ՌԴ-ն վտանգ են ներկայացնում, ապա հանի՛ր 102-րդ ռազմաբազան, դու՛րս արի ՀԱՊԿ-ից, Ռուսաստանի հետ խզի՛ր բոլոր տնտեսական կապերդ: Ինքը սովոր է բոլորին «այո» ասել, բայց գործնականում ոչ մի հստակ քայլ չի արվում: Խնդիրն այն է, որ հարվածները թիրախավորվում են Հայաստանի ուղղությամբ: Սա իր իշխանության երկարաձգման միակ մարտավարությունն է…», - ասաց Նահապետյանը:
Բացի այդ, այստեղ մի կարևոր հանգամաք էլ նկատեց զրուցակիցը. տարածաշրջանում կոմունիկացիաների բացման համար Փաշինյանը սպասում է Արևմուտքից համապատասխան հանձնարարկաններին: Նահապետյանը պնդեց՝ սա հավաքական Արևմուտքի համար ձեռնտու գործողություն չէ: Ինչո՞ւ…:
«Որովհետև Արևմուտքի համար նախընտրելի է, որ այստեղ պատերազմ լինի»,- ասաց ռազմական փորձագետն ու հիշեցրեց այն խոսակցությունները, թե Ֆրանսիան «զինում է» Հայաստանին կամ էլ այն, որ Հնդկաստանից զենք-զինամթերք է գալիս մեր երկիր: Նահապետյանը բացատրեց՝ այս խոսակցությունները թշնամի երկրի նախագահին հնարավորություն են տալիս ենթադրելու, թե Հայաստանը զինվում է, որ պատերազմ սկսի:
«Ալիևը կարող իրավունք վերապահել ու «հակահարված» հասցնել, որի հողն, ի դեպ, նա նախապատրաստում է»,- ասաց ռազմական փորձագետը:
«Այն, ինչը Փաշինյանն ասում է, ժողովուրդը լրիվ հակառակը պիտի հասկանա ու անի, որովհետև Փաշինայնը տարածաշրջանում ներկայացնում է մեզ ոչ բարեկամ երկրների շահերը»,- եզրափակեց Նահապետյանը:
Հիշեցնենք` այս տարվա փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցնում է իր մասնակցությունը կազմակերպությանը:
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ-ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ-ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է իր պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ից պատասխանը չուշացավ. «Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը»:
Մայիսի 8-ին էլ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինայնը հունիսի 14-ին ԱԺ-ում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը ՀԱՊԿ-ից դուրս գալն է լինելու։
Սիլվի Մուրադյան