կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-17 15:24
Քաղաքական

Վստահ չեմ, որ դեկտեմբերին կնշանակվի. Քոքոբելյանը՝ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը Հայաստանին փոխանցելու մասին

Վստահ չեմ, որ դեկտեմբերին կնշանակվի. Քոքոբելյանը՝ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը Հայաստանին փոխանցելու մասին

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքեբելյանը քաղաքական միտում է տեսնում ՀԱՊԿ օրակարգից գլխավոր քարտուղարի հարցը հանելու և դրան տարվա վերջում անդրադառնալու մեջ: Այսօր խորհրդարանում, անդրադառնալով այն բանին, որ, ըստ նախապես որոշված կանոնակարգի, պետք է հայկական կողմի ներկայացուցիչ ընտրվեր ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում, պատգամավորն ասաց. «Այս անգամ էլ հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Վստահ չեմ, որ դեկտեմբերին կնշանակվի»:

Ըստ նրա՝ այս դիրքորոշումն ակնհայտ մտածված, հետևողական քաղաքականություն է, որովհետև նման նշանակումների ժամանակ ուղղակի վրիպումներ չեն լինում:

Քոքոբելյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված զգուշավորություն կա, դրա համար էլ մինչ այս պահը լուրջ գնահատական չի տրվել քառօրյա պատերազմին: «Իսկ հայ պաշտոնյան այս պաշտոնում կարող է խանգարել նրանց: Բոլորս էլ գիտենք, որ եղել են քննարկումներ, համաձայնություններ, բայց միջազգային լարված թատերաբեմում ռուսական կողմը գտնում է, որ իր վերահսկողության տակ պետք է պահի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Այն խնդիրները, որոնք առնչվում են հայ պաշտոնյայի հետ, պարզապես նրա կողմից ավելի ուշադիր արձագանք կստանան: Հայաստանը պարտավոր է օր առաջ, ժամ առաջ բարձրացնել այս խնդիրները ՀԱՊԿ-ում, հակառակ դեպքում` ՀԱՊԿ-ը չի ծառայի Հայաստանին` որպես անվտանգության համակարգ»,- ընդգծեց պատգամավորը:

Քոքոբելյանը նաև շեշտեց, որ հայկական կողմին ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի չփոխանցումը բոլորովին էլ կապված չէր թեկնածուների հետ: