կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-02 13:13
Հասարակություն

Հայ-ռուսական միացյալ զորախմբավորման մասին համաձայնագիրը Ղարաբաղի դեպքում չի կարող գործել. Վաղարշակ Հարությունյան

Հայ-ռուսական միացյալ զորախմբավորման մասին համաձայնագիրը Ղարաբաղի դեպքում չի կարող գործել. Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրուցեց Մոսկվայում ստորագրված` հայ-ռուսական միացյալ զորախմբավորման վերաբերյալ համաձայնագրի մասին: Նրա խոսքով՝ այս պահին համաձայնագիրը քննադատողները պետք է գիտակցեն, որ հիմքում Հայաստանի անվտանգության խնդիրն է:

Հարությունյանը բացատրեց, որ այդ պայմանագրում հստակ ձևակերպված է, թե որ դեպքում է կիրառվելու այն, և կարծիքը, թե հնարավոր է՝ միացյալ զորախմբավորման մասին համաձայնագիրը կիրառվի, ասենք, Վրաստանի դեմ, անհիմն է: «Ինչպե՞ս պետք է բազան լուծի խնդիրը: Եթե Հայաստանի վրա հարձակում լինի, պետք է այդ պարագայում գործի՝ ՀՀ զինված ուժերի հետ համատեղ»,- ասաց նա:

Ըստ Հարությունյանի` ստեղծված լարումն արհեստական է, և տպավորություն է, թե ռուսական կողմից ցանկացած գործողություն ենթարկվում է քննադատության որոշակի շրջանակների կողմից: «Պայմանագիրը հասանելի է ինտերնետում, և հստակ գրված է, որ այս խմբավորումը գործում է բազայի հիման վրա, գործում է միայն Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիայի դեպքում, իսկ բազային պայմանագրում հստակ ասվում է, որ ՌԴ-ն չի կարող օգտագործել ռազմական բազան այլ նպատակների համար, եթե չլինի ագրեսիա Հայաստանի դեմ: Սա ուղղված չէ երրորդ կողմի դեմ, և այն մտահոգությունը, թե կարող է օգտագործվել Վրաստանի դեմ, անհիմն է»,- ասաց նա, ապա հստակեցրեց, որ բոլոր այս փաստաթղթերում նշված է, որ համաձայնագիրը կարող է գործել, եթե ագրեսիա լինի հենց Հայաստանի դեմ, Ղարաբաղի դեպքում չի կարող գործել, քանի որ Ղարաբաղը Հայաստանի կողմից ճանաչված չէ:

Հարությունյանը նաև կարծիք հայտնեց, որ, Հայաստանի անվտանգության հարցը նկատի ունենալով, պետք է ավելի շրջահայաց որոշումներ կայացնել: «Մեր զինվորը, այո, ավելի պատրաստված է, բայց ժամանակակից պատերազմը ռեսուրսների պատերազմ է, և, սա գնահատելով, մենք մտել ենք ՀԱՊԿ ու ստորագրել բազային պայմանագիր»,- նշեց նա՝ բերելով օրինակներ, թե ինչպես են բավականին զարգացած և ուժեղ երկրներ այնպիսի համագործակցություն ստեղծում, որը կարող է իրենց անվտանգության գրավականը դառնալ: «Ճապոնիան ունի ամերիկյան բազա, որովհետև ի վիճակի չէ ապահովել իր անվտագնությունը»,- նշեց Հարությունյանը: