Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը եւ Ղարաբաղը մի խնդիր պետք է լուծեն` Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Իսկ պայքարը, զոհերը, այն, որ հայ ժողովուրդը 20 տարի զրկանքներ է կրում, որ մեր զորքերը 20 տարուց ավելի նստած են խրամատներում, բոլորն այդ նպատակի համար են. լրագրողներին այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքերով' Ադրբեջանի նպատակը, նվազագույնը, մեր կողմից ազատագրված տարածքները վերադարձնելն է, իսկ հետո ստատուս քվոն փոխելը: Հարությունյանը, որպես ռազմական գործիչ, պարզաբանեց, թե ինչ է նշանակում ստատուս քվոյի փոփոխություն, եւ ինչու Հայաստանի համար ընդունելի չեն Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի 6 դրույթները:
«Երբ նայում ենք շփման գծին, ապա Ղարաբաղում շփման գիծը կազմում է մոտ 350-400 կիլոմետր: Երբ շրջանները տալիս ենք, շփման գիծը 2 անգամ ավելանում է, իսկ դա նշանակում է, որ պետք է ավելացնենք բանակի, տեխնիկայի քանակը եւ այլն: Հասկանալի է, թե դա ինչ ռեսուրսներին եւ ծախսերի հետ է կապված: Երկրորդ` շրջկենտրոնները' Հադրութ, Մարտունի, Ստեփանակերտ, գտնվում են ադրբեջանական զորքերից 15-20 կիլոմետր հեռավորության վրա, ինչը թույլ չի տալիս նրանց օգտագործել հրետանին եւ այլն: Ու եթե այս տարածքները տալիս ենք, նրանք մոտենում են: Բացի այդ' ազատագրված տարածքներում մենք ունենք ռոկադային ճանապարհներ, որոնք թույլ են տալիս պատերազմի ժամանակ տեղափոխել ուժերը գլխավոր ուղղությամբ, եւ այլ ֆրոնտալ ճանապարհներ, որոնք ապահովում են զորքերի տեղաշարժը դեպի առաջնային գիծ: Եթե մենք հանձնում ենք այդ ճանապարհը, կորցնում ենք Քելբաջարի, Զանգելանի ճանապարհը, Լաչինն է մնում: Իսկ ով մեկ անգամ գնացել է Ղարաբաղ, հստակ գիտի, որ Լաչինի ճանապարհը շարքից հանելը շատ քիչ միջոցներ է պահանջում: Եվ սա ինչի է բերում' բալանսի խախտման` հօգուտ Ադրբեջանի»,- ներկայացրեց գեներալ-լեյտենանտը' հավելելով, թե երբ ասում են, որ ստատուս քվոն չի բխում Հայաստանի շահերից, այդպես է' չի բխում, քանի որ մեզ հարկավոր է Ղարաբաղի անկախության ճանաչումն ու խաղաղ կյանքի անցնելը: Բայց քանի դեռ դրա համար չկան նախադրյալներ ու առաջարկներ, ստատուս քվոն ձեռնտու է Հայաստանին:
Ուորլիքը չի ասել, թե Ղարաբաղը կլինի անկախ, այլ ասել է' այդ տարածքներն ազատենք ու նստենք, բանակցենք, ասել է այն, ինչ բխում է իր երկրի շահերից ու քաղաքական նպատակներից, դրա համար Հայաստանը հո չպետք է պատերազմ հայտարարեր ԱՄՆ-ին: Իսկ հայկական կողմի արձագանքը Ուորլիքի հայտարարությանը Վաղարշակ Հարությունյանը բավարար է համարում:
Զինվորականը հարց բարձրացրեց' եթե Ադրբեջանն այսօր հասկանում է, որ ռազմական առումով ի վիճակի չէ վերցնել ազատագրված տարածքները եւ նույնիսկ այսօր չի քննարկում Ղարաբաղի կարգավորման հարց, այլ ասում է' այն իմն է, Ղարաբաղին կտանք ամենաբարձր ստատուսը, բայց Ադրբեջանի կազմում, եթե հիմա Ադրբեջանը չի գնում փոխզիջումների ու Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմանը, ապա երբ, տարածքները նրան հանձնելով, խախտենք բալանսը հօգուտ Ադրբեջանի, մեծացնենք մեր ռազմական ծախսերը, Ադրբեջանը կգնա՞ դրան, իհարկե` ոչ: Ըստ Հարությունյանի` այսօր աշխարհն այնպիսին է, որ միջազգային հարաբերությունների հիմքում դրված է ուժը, այլ ոչ թե միջազգային իրավունքը:
«Հայկական կողմը եւ Ղարաբաղը համաձայն են 6 շրջան տալ, հայտարարված է, չէ՞, որ համաձայն ենք Ղարաբաղի անկախության դիմաց գնալ կոմպրոմիսի ու 6 շրջան տալ: Մենք մեր կողմից ասել ենք, թե մեր կոմպրոմիսը որն է ու ինչի ենք պատրաստ: Ասեք, թե ինչի է պատրաստ Ադրբեջանը Ոչ մի բանի ' կոշտ դիրքորոշում, եւ այս պայմաններում խոսել կոմպրոմիսների ու այլ բաների մասին, անիմաստ է, չկա այնպիսի նախապայման, որ Ադրբեջանը գնա ինչ-որ փոխզիջման»,- նշեց Հարությունյանը:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա ակտիվացան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, արդյո՞ք աշխարհաքաղաքական շահերից ելնելո՞վ, պաշտպանության նախկին նախարարը միանգամից արձագանքեց, թե Ղարաբաղին միայն աշխարհաքաղաքական տեսակետից պետք է նայել' եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բոլոր ակտիվացումները, համանախագահ պետությունների շահերը աշխարհաքաղաքական են, որովհետեւ Ղարաբաղն է որոշում, թե տարածաշրջանն ինչ զարգացման ճանապարհով է գնում:
Վաղարշակ Հարությունյանը Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը կոշտ չի համարում եւ նշում է, թե ինքը բանակցային գործընթացին մասնակցել է, եւ ավելի կոշտ հայտարարություններ են եղել, իսկ կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի քաղաքականությունը խելամիտ է համարում:
Ըստ նրա` խնդրի հանգուցալուծումը երեք կերպ կարող է լինել` առաջին` հայկական, ադրբեջանական ու ղարաբաղյան կողմերը գան ընդհանուր համաձայնության, ինչի նախադրյալներն այսօր չկան, երկրորդ' ռազմական հանգուցալուծում, սակայն եթե Ադրբեջանը կարողանար այս հարցը լուծել ռազմական ուժով, կլուծեր, բայց, գեներալ-լեյտենանտի համոզմամբ, չի կարող եւ չի էլ կարողանա' ռազմական լուծումը բացառված է, քանի որ եթե կաղմերից մեկնումեկը փորձի ռազմական լուծում տալ, ապա դա կհանգեցնի ՀԱՊԿ-ՆԱՏՕ զինված հակամարտության, իսկ միջուկային գերտերությունները չեն գնա հակամարտության:
Մնում է երրորդ տարբերակը' ստատուս քվոյի պահպանումն ու այն, որ այս կոնֆլիկտը երկար կձգվի, ինչից, վստահեցնում է բանախոսը, պետք չէ վախենալ կամ հուսահատվել, քանի որ Ղարաբաղի գործոնը Հայաստանի համար լրջագույն աջակցություն է և, այսօր տարածաշրջանում Հայաստանի ծանրակշռությունը կապված է Ղարաբաղի հետ: Իհարկե, պետք է միշտ զգոն լինել, բայց պետք չէ վախենալ' պատերազմը բացառված է: