Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագիրը վավերացնելու հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ նախագծում երկու հասկացություն կա «տարածաշրջան» և «ագրեսիայի անմիջական սպառնալիք», ապա հարց ուղղեց Զաքարյանին, թե որքանո՞վ է դա վերաբերում Արցախին: «Ես ուզում եմ հասկանալ` այս սահմանումները, այս հասկացությունները որքանո՞վ են առնչվում Արցախին, Արցախի տարածքին, ԼՂ հակամարտությանը, Արցախի սահմաններին, ինչպե՞ս ենք մենք սա ընկալում»,- հարցրեց նա:
Զաքարյանը պատասխանեց, որ այս համաձայնագիրը միացյալ գործողություններ է ենթադրում ՀՀ տարածքի նկատմամբ անմիջական սպառնալիքի ու ագրեսիայի և ՌԴ տարածքի նկատմամբ անմիջական սպառնալիքի ու ագրեսիայի դեպքում: «Տվյալ պարագայում համաձայնագիրը վերաբերում է միայն ՀՀ տարածքին ագրեսիային կամ անմիջական սպառնալիքին»,- ասաց նա:
Վարդանյանն արձագանքեց,, որ հարցն առաջանում է, քանի որ «տարածաշրջան» տերմինը մեկնաբանված է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջան ձևով: «Կովկասյան տարածաշրջանի մեջ հասկանալի է, թե էլ ինչ է մտնում»,- ասաց նա:
«Խնդիրը ելակետային է: Հարավային ռազմական օկրուգի խնդիրներից ելնելով` Հարավային Կովկասը համարվում է ընդհանուր տարածաշրջան, բայց մեր պարագայում մենք խնդրին ունենք այլ մոտեցում, դրա համար էլ «տարածաշրջան» տերմինը մի փոքր այլ ուրվագծով ձևակերպում է ստացել»,- պատասխանեց Զաքարյանը: