կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-28 15:30
Քաղաքական

«7000 մարդու մեկ գիշերում ՀՀԿ-ականացնելը մեսիջ էր»

«7000 մարդու մեկ գիշերում ՀՀԿ-ականացնելը մեսիջ էր»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը գուցե չհիշեր խորհրադյիան տարիները, եթե չլիներ ՀՀԿ 16-րդ համագումարում  քվեարկությունը: Այսօր նա խորհրդարանում լրագրողներին ասաց. «Այ հենց քվեարկությունը գալիս էր ու միաձայն` լա՜վ է, ուռա՜, բնականաբար, սա հիշեցնում էր, թե որտեղ ենք այդ ամենը տեսել` լինի խորհրդային անցյալը, թե` միակուսակցական իրավիճակն այլ երկրներում: Մի կողմից ներկայացվում է, թե մենք պետք է մրցակցային քաղաքական դաշտ ունենանք, պետք է փոխվենք, ու փոփոխությունը պետք է սկսվի մեզանից, և միգուցե պետք էր, որ այդ փոփոխության մեջ տեսնեինք, որ ՀՀԿ-ից մեկը կգա ու կասի, որ մի փոքր այլ գաղափար ունի, այլ տեսլական ունի, միգուցե ասի, որ ձեռնպահ է, և այդ դեպքում գոնե կտեսնեինք, որ ներքին քննարկում կա»:

Պողոսյանը հավելեց, որ երբ որոշում ընդունվեց համագումարի ընթացքում ՀՀԿ նախագահի ընտրության վերաբերյալ, լավ կլիներ, որ գոնե մի քանի հոգի գոնե ձևականորեն դեմ լինեին: «Թող լիներ 300 հոգի կողմ, 10-ը` ձեռնպահ, 1-ը` դեմ, գոնե թող այդպես լիներ»,- ասաց նա:

Հարցին, թե Սերժ Սարգսյանի ելույթի քաղաքական մեսիջները որո՞նք էին, Պողոսյանը պատասխանեց. «Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի բոլոր ելույթները շատ լավն են, ինչը մենք նայել ենք, շատ լավ տեքստ է, այդ իմաստով, յուրահատուկ ձևով տարբերվում է մյուսներից: Բայց ինձ թվում է, որ բոլորս սովորել ենք, որ ելույթը, տեքստը և մեր կյանքում իրականությունը կամ գործողությունները տարբեր բաներ են: Ի՞նչ իմաստ կա նստել և ասել՝ ինչ գեղեցիկ մեսիջներ են փոխանցվում, լավ կլինի, որ կյանքում տեսնենք այդ ամենը»:

Պատգամավորն ընդգծեց` ինչքանով է այս անգամվա գեղեցիկ տեքստը իրականություն դառնալու, կերևա գործողություններով:

Խոսելով 7000 հոգու՝ մեկ գիշերում ՀՀԿ-ին անդամակցելու մասին՝ Պողոսյանը կարծիք հայտնեց, որ նրանք ստիպողաբար են անդամակցել այդ կուսակցությանը: «Սա մեսիջ էր, թե` նայեք, ես այս մարդն եմ, որ միայն իմ անունի հետ կարելի է 7000 անդամ ունենալ մեկ գիշերում: Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա` կուսակցությունը չի նայում` էդքան հոգուն ոնց են ստուգելու: Կարող են լինել մարդիկ, որոնք կապ չունեն իրենց որևէ արժեքի կամ գաղափարի հետ, հնարավոր է այնպիսի գորոծղություններ են արել, որ իրենցով այլ մարմիններ պետք է զբաղվեն»,- ասաց պատգամավորը: