Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ համագումարին, նշեց, որ այն, ինչ իրականացվել է նախքան համագումարը և համագումարից հետո, հիմնականում նախագահի կողմից առաջ քաշված բարեփոխումների ծրագրի իրականացումն է` Սահմանադրական բարեփոխումներից սկսած:
«Սահմանադրական բարեփոխումներից հետո առաջին օրենքը, որի վրա մենք սկսեցինք աշխատել` հենց Հանրապետական կուսակցության պահանջով, Ընտրական օրենսգրքի փոփոխությունն էր: Այն կբերի կուսակցությունների դերի բարձրացում, քաղաքական կայունության ապահովում, երկրի անվտանգության ապահովում: Ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ կոնկրետ բանակցային գործընթացում բավական լուրջ ձեռքբերումներ եղան` Ընտրական օրենսգրքի փոփոխման հետ կապված»,- ասաց պատգամավորը:
Ըստ Մելիքյանի` այդ փոփոխությունները նկատվեցին նաև այս շաբաթ` «Կուսակցությունների մասին» օրենքում: «Դա բավականին լուրջ գործընթաց է` քաղաքական դաշտն ավելի կայունացնելու, կուսակցությունների դերն ավելի բարձրացնելու, առաջիկա համապետական ընտրություններում քաղաքականացվածության աստիճանը բարձրացնելու, արդարության մակարդակը բարձրացնելու, միջազգային բոլոր ստանդարտներին համահունչ ընտրական գործընթաց իրականացնելու տեսակետից»,- ասաց նա:
Մելիքյանի կարծիքով` նախագահի ելույթը և հատկապես` համագումարի վերջում նրա հնչեցրած հորդորները առաջնահերթություն են ոչ միայն Հանրապետական կուսակցության համար, այլև բոլոր այն քաղաքական ուժերի, որոնք նպատակադրված են առաջիկա հանրապետական ընտրություններին իրենց մասնակցությամբ փորձել կայունություն ստեղծել մեր երկրում` անվտանգության բարձրացման առումով:
Հարցին, թե ՀՀԿ-ին վարչապետի ու մի քանի նախարարների անդամակցությունից հետո 7000 հոգու` մեկ օրվա մեջ անդամակցելուն ինչո՞ւ այդպիսի հնչեղություն տրվեց, և, այնուամենայնիվ, «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներին ստիպե՞լ են անդամագրվել, Մելիքյանը պատասխանեց. «Իրականում դա այն հարցը չէ, որ Հանրապետական կուսակցության պարագայում հնչեղություն տալու կարիք ուներ: Այո, Հանրապետական կուսակցությանը անդամագրվեցին հանրապետության վարչապետը, մի քանի նախարարներ, և այդ ընթացքում կուսակցությանը անդամագրվեցին նաև բազմաթիվ քաղաքացիներ: 7000 հոգու անդամագրումը Հանրապետական կուսակցության համար ինչ-որ արտառոց դեպք չէր: Դա բացարձակապես լուրջ սենսացիոն հայտարարություն մենք չենք համարում, ուղղակի լրատվությունը դա փորձեց բարձրացնել սենսացիայի մակարդակի: Իրականում Հանրապետական կուսակցությունից յուրաքանչյուր օր զտման հետևանքով բավականին քանակությամբ անդամներ հեռացվում են տարբեր պատճառներով, և որևէ մեկը դրան լուրջ դեր չի էլ տալիս, որովհետև դա բնական գործընթաց է, որ իրականացվում է Հանրապետական կուսակցությունում»:
Դիտարկմանը` Սեյրան Սարոյանն էլ ասաց, որ «գազավիկներն» են անդամագրվել, իսկ հիմա էլ մամուլում լուրեր են հայտնվել, թե 7000-ը չի լրացել, և հիմա էլ ՀԷՑ-ի աշխատողներին են ստիպում անդամակցել, պատգամավորն արձագանքեց. «Ես նման հայտարարություններին ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Միգուցե այդ 7000-ի մեջ կան «Գազպրոմի» աշխատակիցներ, ՀԷՑ-ի աշխատակիցներ, քաղաքապետարանի, տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ և գործազուրկներ: Դա կարող ենք տեսնել բոլոր հանձնված փաստաթղթերն ուսումնասիրելու արդյունքում, և ես կարծում եմ, որ այդ 7000-ը վերջը չէ, ամեն օր էլ անդամագրվում են»:
Հարցին` նշեցիք, որ նաև զտման գործընթաց է տեղի ունենում, կարող եք նշել` ի՞նչ պատճառներով, կարո՞ղ եք թիվ ասել, Մելիքյանը պատասխանեց. «Ես չեմ կարող հստակ թիվ ասել, հարկավոր է ճշտել: Պարտադիր չէ, որ ամեն օր դուրս գան, կարող է երկու-երեք օրվա մեջ, տասը օրվա մեջ դուրս գան ու մտնեն: Դա կարող է լինել կուսակցության հետ կապի ընդհատումով, այլ վայրեր տեղափոխվելու: Ես չեմ կարող ասել` ով ինչ պատճառով է դուրս գալիս, պետք է յուրաքանչյուր անդամի դիմումը ուսումնասիրել»: