Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հարցը, ըստ որի` կուսակցությունների գրանցման գործընթացը լիբերալացվում է:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով հիմնական զեկուցող` արդարադատության նախարար Արփինե Հոհաննիսյանին, նշեց, որ իր համար անհասկանալի է կուսակցությունների գրանցման լիբերալացումը` այն դեպքում, որ ներկա պահին գրանցված է 79 կուսակցություն, և տասնյակ կուսակցություններ, հերթ կանգնած, սպասում են գրանցվելուն:
«Այսքան կուսակցությունների առկայությունը նոնսենս է: Սուքիասյանի բառարանում էլ ազատ հապավում չի մնացել, բոլոր հապավումներով կուսակցություններ են բացվում: Դրանց մեծ մասը մարդ կուսակցություններ են, որոնց գոյության մասին իմանում ենք ընտրությունների ժամանակ, երբ դրանք պետք է կցվեն խոշոր կուսակցության և իրենք ծառայությունները վաճառեն այդ խոշոր կուսակցությանը: Եթե մենք գնում ենք կուսակցությունների կայացմանը, ուրեմն այս աջաբսանդալը կբերի ավելի վատ հետևանքների, որովհետև սնկի պես կաճեն մանր կուսակցությունները: Դրանք լուրջ վնաս կհասցնեն քաղաքական դաշտին, որովհետև ամեն ինչ կվերածեն բազարի, առքուվաճառքի: Չե՞ք կարծում, որ ֆիլտր է պետք, ոչ թե ամեն մեկը մի անուն պեղի, դնի կուսակցության անուն, և ընտրությունների ժամանակ իր ծառայությունները վաճառի խոշոր կուսակցություններին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այդ մոդելը չի հանգեցնի քաղաքական կուսակցությունների կայացմանը:
Նա նաև մտահոգություն հայտնեց, որ «ժեկերի պետերից մինչև ավելի բարձր պաշտոններ զբաեցնողներն իրենց շահերը ծառայեցնում են կուսակցական շահերին»:
Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանի խիստ քննադատությունը փոքր կուսակցությունների ու մարդ-կուսակցությունների հասցեին ուշագրավ է նրանով, որ վերջին տարվա ընթացքում ԲՀԿ-ից առանձնացած պատգամավորները ստեղծեցին տարբեր կուսակցություններ:
Նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կիսում է Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունը. իսկապես 79 գրանցված կուսակցություն փոքր Հայաստանում` իսկապես ճոխություն է ու ավելորդություն, բայց արդարադատության նախարարությունը չէ, որ պետք է գնահատական տա, թե որ կուսակցությունը ինչպիսին է`, ակտիվ է , պասիվ է, կայացած է, թե` ոչ, ծառայություն մատուցող է, թե` ոչ:
«Այդ կուսակցություններին գնահատողը ընտրողն է, ՏԻՄ ընտրությունների ժամանակ մենք ականատես եղանք դրան: Կուսակցության` որպես քաղաքական միավորի, գնահատականը պետք է տա ընտրողը, պետությունը եթե միջամտեց իր գործիքակազմով, ապա կմեղադրվի, որ քաղաքական մոտեցում է ցուցաբերում այս կամ այն կուսակցությանը: Ինչքան ազատ թողնես դաշտը, այնքան հեշտ կբյուրեղացվի այն: Ինչքան խստացնում ես, հակառակ էֆեկտի է բերելու, դա իմ դիրքորոշումն է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց, որ եթե օրենքը հիմա էլ կիրառվի, ապա 79 կուսակցություններից 70-ը չի բավարարելու օրենքի պահանջներին, նրանց նպատակը քաղաքական բազարն է: «Ինչ վերաբերում է չարաշահմանը, ապա հեռու չգնանք` Հանրապետական կուսակցության ժեկի պետից մինչև ավելի բարձր պաշտոնյան յոթ հազար հոգու, իրենց կամքին հակառակ, դարձրեցին հանրապետական»,- ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը չհամաձայնեց, որ յոթ հազար մարդ պարտադրաբար ՀՀԿ-ական է դարձել: «Փաստեր ունե՞ք, թե՞ դա Ձեր գնահատականն է, որ իրենց կամքին հակառակ է եղել: Փաստերով պետք է արձանագրումները կատարել, պետք չէ հայտարարել, որ յոթ հազարը պարտադրաբար են կուսակցանացել, դա չափազանցված է»,- ասաց նախարարը: