կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-25 19:42
Հասարակություն

Ովքեր են օգտվում պոլիկլինիկաներից. Հետազոտություն

 

 Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) և Օքսֆամ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացված «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» բյուջետային ծրագրի գնահատման զեկույցն այսօր ներկայացվեց հանրությանը: Համաձայն հետազոտության՝ կարիքի և հիվանդացության առկայության դեպքում ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններ դիմում են բնակչության 20 տոկոս:

Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունք ունեցողների ընդամենը 17 տոկոսն են օգտվում իրենց իրավունքից: Ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններ դիմելիությունը ցածր է. հիմնական օգտվողները 0-7 տարեկան երեխաներն են և տարեցները: Ուշագրավ է, որ տնային տնտեսությունների մոտ 10 տոկոսի մոտ չափահաս անդամի բուժումը սահմանափակվում է միայն ավանդական մեթոդներով, երեխաների դեպքում՝ 3,2 տոկոսի մոտ: Արտահիվանդանոցային օղակը բաց են թողնում և անմիջապես այցելում են հիվանդանոցներ չափահասների հիվանդացության դեպքում տնային տնտեսությունների 6,5 տոկոսը, իսկ երեխաների դեպքում՝ 4,7 տոկոսը: ՏՏԸՀ-2016 հետազոտությանը նախորդած 12 ամիսների ընթացքում բժշկի է դիմել ՀՀ բնակչության ընդամենը 27,7 տոկոսը՝ գերակշիռը կանայք:

Պոլիկլինիկաներ դիմելիությունը հիվանդանոցների և ախտորոշիչ կենտրոնների համեմատությամբ ավելի մեծ է երեխաների և 75 տարեկանից բարձր տարեցների մոտ, իսկ հիվանդանոցներ և ախտորոշիչ կենտրոններ՝ բնակչության միջին տարիքային խմբերի դեպքում: Տղամարդիկ ավելի շատ են նախընտրում դիմել հիվանդանոցներ և ախտորոշիչ կենտրոններ՝ 43,7 տոկոս, քան պոլիկլինիկաներ՝ 39,3 տոկոս: Վերջին մեկ տարում բնակչության միայն 30,8 տոկոսն է օգտվել արտահիվանդանոցային բժշկական օգնության հաստատություններից: Այստեղ մեծ է 0-7 տարեկան երեխաների ընդգրկվածությունը՝ 56,9 տոկոս, կամ ամբուլատոր ծառայություններ ստացողների 40,6 տոկոսը: Բավականին փոքր է նպաստառուների ընդգրկումը ԱԱՊ ծառայություններում՝ 32 տոկոս: Նաև փոքր է բնակչության աղքատ և հարուստ խմբերի ընդգրկումը ԱԱՊ ծրագրերում: Ամբուլատոր ծառայություններից օգտվողների 78,5 տոկոսը բնակչության միջին և միջինից ցածր եկամտային խմբերից են:

Գնահատման արդյունքները թույլ են տալիս պնդել, որ առողջապահության առաջնային պահպանման ոլորտում պետական քաղաքականության բարեփոխումները խիստ արդիական են. բուժօգնության առաջնային օղակի բարելավումը շարունակում է մնալ հրատապ, իսկ դրան ուղղված ջանքերը պետք է շարունակական բնույթ կրեն: Ծրագրի արդյունավետության բարձրացման համար կարևորվում է հասցեականության բարելավումը, մատուցվող դեղորայքի և ծառայությունների որակը, նաեւ բժշկական անձնակազմի որակի և ծանրաբեռնվածության բարձրացումը:

Օքսֆամ կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը զեկույցը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում նկատեց, որ բուժօգնության առաջնային օղակի բարելավումը շարունակում է մնալ հրատապ խնդիր: «Պոլիկլինիկաներ դիմելիությունը, մարդկանց իրազեկվածությունը բավականին ցածր մակարդակի վրա է, մարդիկ չգիտեն, թե ի՞նչ ծայառություններ են այդտեղ մատուցվելու, ինչպիսի՞ դեղորայք են տրամադրվում, ի՞նչ դեղաչափով: Ցածր է նաև որակյալ ծառայություններ ստանալու ակնկալիքն ու վստահությունը »,-նշեց նա: Մարգարիտա Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանում գործում է 504 ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություն՝ մոտ 14000 հոգուց բաղկացած բժշկական անձնակազմով: Օքսֆամ կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենը նշեց, որ իրենց առաջարկություններից մեկն այն է, որ բուժհիմնարկները զերծ մնան դեղորայք ձեռք բերելուց, լինի երրորդ կողմ, որն էլ ավելի վստահելի կլինի ու զերծ կմնա այլ միջոցներով դեղորայք ձեռք բերելուց: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ վստահեցրեց, թե խնդրի լուծման ճանապարհներ են մշակում. մինչեւ տարեվերջ ռազմավարությունը պատրաստ կլինի, առայժմ վերանայում են գործառույթները: Ըստ փոխնախարարի, պոլիկլինիկաները անում են այն, ինչ պետք է անեն եւ որ դրանք նախեւառաջ իդենտիֆիկացնում են խնդիրները, ուղերգրումներով ուղղորդում դեպի հիվանդանոցներ: