Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 24-28-ը` ժամը 15:00-20:00-ը, Հյուսիսային պողոտայում բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն, կարող են ՄԻԱՎ-ի անվճար հետազոտություն անցնել, որից հետո ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները կտրամադրեն նաև խորհրդատվություն:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Մադոյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ հինգ օրվա ընթացքում համապատասխան մասնագետները շարունակելու են անվճար և արագ հետազոտություն իրականացնել. տեղում շարժական ախտորոշիչ լաբորատորիա կլինի, իսկ հետազոտման պատասխանները կստանան 15-20 րոպեների ընթացքում:
«Նախատեսում ենք շուրջ 500 հոգու հետազոտել: Ուզում ենք հասարակությանը ցույց տալ, որ ՄԻԱՎ-ի համար հետազոտվելն այնքան էլ վախենալու և դժվար բան չէ: Առաջին անգամ, երբ իրականացրինք ակցիան, դրական դեպքեր չհայտնաբերվեցին, իսկ 2014-ին երկու դրական դեպք եղավ, որոնցից մեկն առաջին անգամ էր իմանում, որ ՄԻԱՎ-ով հիվանդ է, իսկ երկրորդը տղամարդ էր, ով ժամանակին հետազոտվել էր, սակայն ինչ-ինչ պատճառով չէր համոզվել, որ ՄԻԱՎ ունի` հրաժարվելով դիսպանսեր հսկողությունից»,- ասաց Մադոյանը:
Նա նշեց նաև, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը բավականին քիչ է, և մեր հիմնական խնդիրն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնողները գնում են երկրներ, որտեղ ՄԻԱՎ-ի տարածվածության աստիճանը բարձր է: «Տղամարդիկ հիմնականում ՌԴ են մեկնում, որտեղ տարածվածությունը շատ բարձր է, և քանի դեռ մենք կունենանք միգրացիա, և մեր արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանա վարակից պաշտպանել իրենց, ՄԻԱՎ-ով հիվանդների դեպքերն ավելանալու են: Դրա դեմ պայքարելու համար պետք է տղամարդիկ մինչև երկրից մեկնելը ստանան համապատասխան ինֆորմացիա առողջ ապրելու մասին, իսկ Հայաստան վերադառնալուն պես` հետազոտվեն»:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանն էլ նշեց, որ արդեն 3-րդ տարին է, ինչ անցկացվում է անվճար հետազոտությունը: Աշխարհում մարդկանց 2/3-ը չգիտի իր վիճակի մասին և անգիտակցորեն վարակում է մյուսներին, սա էլ հիմնականում դառնում է վարակի տարածման հիմնական պատճառը:
«ՄԻԱՎ-ը վարքագծային հիվանդություն է, դրա համար էլ մարդ պետք է ճիշտ գնահատի իր վարքը: ՌԴ և Ուկրաինա արտագնա աշխատանքի մեկնելով` աշխատանքային միգրանտները վարակվում են և, վերադառնալով Հայաստան, շարունակում են հարաբերությունների մեջ մտնել իրենց զուգընկերոջ հետ` տարածելով վարակը: Այս առումով` հանրային միջոցառումներն իրենց դերն ունեն, քանի որ այսօր ավելացել է հետազոտվել ցանկացողների թիվը»,- ասաց Պետրոսյանը: