Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին պաշտպանության նախարարությունը նախաձեռնել էր հանրային քննարկում մի խումբ մտավորականների հետ` քննարկելով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը:
Այսօր լրագրողների հետ հանդիպեցին այդ մտավորականները` ներկայացնելով իրենց տեսակետը, որը բարձրաձայնել էին նաև նախարարի հետ հանդիպման ժամանակ:
Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ իր համար գաղափարն ընդունելի է, բայց ոչ` այն ձևով, որ առաջարկվում է: Ըստ նրա` հարցը պետք է կանխավ քննարկման դրվեր, և բոլոր հնարավոր տարբերակները ծանրութեթև անելուց հետո միայն որոշման նախագիծ կազմվեր:
«Խոսքն ավելի լայն հասկացության մասին է, քան 1000 դրամը: Սա մի խնդիր է, որը կարող է չոքել յուրաքանչյուրիս դռանը, և նրանք, ովքեր իրենց կյանքն են զոհում հայրենիքի համար, արժանի են պաշտպանության: Կարծում եմ, որ ճիշտ կլինի գաղափարը կյանքի կոչել կամավորության սկզբունքով, քանի որ կամավորություն` նշանակում է վստահություն, այսինքն` իշխանությունը վստահում է ժողովրդին: Գիտե՞ք` ժողովուրդը միշտ չէ, որ վստահում է իշխանությանը, բայց իշխանությունը պարտավոր է վստահել ժողովրդին, հակառակ դեպքում` սխալ տեղում է»,- ասաց Բաբայանը:
Նրա համոզմամբ` կամավորություն` նշանակում է զգալ, որ դու քո երկրի տերը, չէ՞ որ Արցախյան պատերազմում մենք նախ հաղթել ենք հենց կամավորներով, հետո է կանոնավոր բանակ ձևավորվել: «Ինչո՞ւ են մեզ զրկում վայելել կամավորության հաճույքը: Մարդն ազատ է ծնված, և երբ ստիպում ես ինչ-որ բան, դիմադրում է` ինչո՞ւ պետք է լավ գաղափարը դառնա 1000 դրամի խնդիր: Սա չի կարելի հետաձգել, քանի որ բոլորս էլ գիտենք` չկա ամբողջովին պաշտպանված երկիր, իսկ մենք պատերազմի մեջ ենք, և մեր ապագան միայն պաշտպանվածության մեջ է: Եթե սկսենք մտածել, որ այդ գումարը տալիս ենք մեզ, մեր բարեկամին, շատ բան կփոխվի»,- ասաց Բաբայանը:
Ըստ նրա` մարդիկ ուզում են տեսնել` ո՞ւր է գնում իրենց գումարը, և երբ ասում են` պետական փողերը քիչ են, սխալ են ձևակերպում, քանի որ չկա պետական փող հասկացություն, կա հարկատուներից ստացված գումար:
Ինչ վերաբերում է գումարի չափին, ապա այն, ըստ Բաբայանի, պետք չէ նվաստացնել, քանի որ աշխատող մարդու համար նրա աշխատած յուրաքանչյուր լուման էլ գումար է: «Պետք չէ ասել` 1000 դրամը երկու ծխախոտի կամ երկու բաժակ սուրճի փող է, 1000 դրամն աշխատողի վաստակն է: Բացի այդ` իշխանությունն ուզում է ժողովրդի վստահությունը վայելել և նոր միայն ինչ-որ քայլ անել, բայց պետք է հակառակը լիներ»,- ասաց նա:
Բաբայանն անդրադարձավ նաև մի կարևոր հարցի` նշելով, որ մենք ռեսուրսներ չունենք, որ քանակով բանակ ստեղծենք, մենք պետք է ուղեղով մտածենք, ու մեր բանակը պետք է դառնա ինտելեկտուալ բանակ: Ըստ նրա` պետք չէ մտածել, որ բանակը պատիժ է, սակայն դրան հասնել է պետք:
ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ նշեց, որ նախագծի մեջ շատ լավ, վեհ գաղափար կա` միավորվել մեկ գաղափարի շուրջ, այն էլ` բանակի: Սակայն, ըստ նրա, գաղափարը կուլ գնաց ձևին, քանի որ այն հասարակության սրտով չէ:
«Հարցն ավելի աղմկահարույց դարձավ, քան ես կուզեի, որ լիներ: Մեր հասարակությունը միշտ էլ իր զինվորի կողքին է, այլ հարց է` ի՞նչ ձևով են մատուցում այն կամ այն օրինագիծը: Կարծում եմ` նախ պետք է քննարկումներն ավելի շուտ անեին, և հետո` եթե այն կյանքի կոչվի, ապա` միայն կամավորության սկզբունքով: Կամավորության սկզբունքով, իմ կարծիքով, Սփյուռքն էլ կմիանա, քանի որ խոր գաղափար կա այս ամենի մեջ, որը նախ պետք չէ հալած յուղի պես ընդունել, բայց պետք էլ չէ փչացնել»,- ասաց Աղամյանը:
Նա նշեց նաև, որ հարցին ընդամենը պետք էր նուրբ մոտենալ, առաջարկել մի քանի տարբերակներ և նոր միայն օրինագծի տեսք տալ: «Ազգ-բանակ միասնությունը ես տեսնում եմ այս գաղափարի մեջ, բայց եթե այլ ձևով արվեր ամեն ինչ»,- ասաց Աղամյանը:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանի կարծիքով էլ` անգամ թոշակառուն իր թոշակից կտա այդ գումարը, եթե միայն վստահություն լինի, որ գումարը նպատակային է ծախսվելու: Ըստ նրա` ամբողջ խնդիրն անվստահության մեջ է. մարդիկ չեն հավատում, որ իրենց տված գումարը տեղ է հասնելու:
«Ես նույնպես կողմ եմ գաղափարի իրագործմանը, բայց միայն` կամավորության սկզբունքով: Այն, որ հավատ չկա, որ գումարը տեղ է հասնելու, իշխանության մեղքն է, և կարծում եմ, որ նախ պետք է քայլեր արվեն, որ ժողովրդի վստահությունը վերականգնեն: Կամավորության սկզբունքով շատ ավելի ճիշտ կլինի, քանի որ նախ ընդվզում չի լինի, հետո` երբ մարդիկ տեսնեն, որ իրենց տված գումարը նպատակին է ծառայում, կավելանա գաղափարին միացողների թիվը»,- ասաց Հեքեքյանը:
Նա նշեց նաև, որ ամբողջ խնդիրն այն է, որ ժողովուրդը միայն ձևին է դեմ, ոչ թե գաղափարին: Ըստ Հեքեքյանի` պետք է նաև հիմնադրամում, որը զբաղվելու է գումարների բաշխմամբ, հանրային սեկտորն ընդլայնել: «Թող ոչ թե 3, այլ 13 մարդ լինի հասարակության կողմից, և լինեն հանրության վստահությունը վայելող մարդիկ, այլ ոչ թե նրանք, ովքեր արդեն իսկ ներաճել են իշխանության հետ»,- կարծիք հայտնեց նա:
Հեքեքյանը նշեց նաև, որ մենք ամենօրյա պատերազմի մեջ ենք և պետք է մի քիչ զուսպ լինենք մեր քայլերում: Նրա կարծիքով` տոները, որոնց վրա միլիոններ են ծախսվում, պետք է ավելի համեստ նշենք, քանի որ դրանք սկսել են նմանվել խնջույքի` խորտակվող նավում:
Ամփոփելով իրենց խոսքը` մտավորականները եկան ընդհանուր գաղափարի` եթե օրենքն ընդունվի այն տեսքով, ինչ հիմա է, այդ կերպ միայն կխորանա անջրպետը իշխանության և հասարակության միջև: