Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմի և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոնտգոմերիի հետ Բրյուսելում ապրիլի 19-ին ստորագրեց Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը: Հաջորդ օրը Երևանում ավարտվեց ՀՀ-ԵՄ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունների 5-րդ փուլը, որով համաձայնություններ ձեռք բերվեցին դրա ևս երկու գլուխների շուրջ: Դրանով ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացը, Արևելյան գործընկերության ծրագրից բխող պահանջների շրջանակում, փաստացի մտնում է ֆինալային շրջափուլ:
Սակայն վերջին այս իրադարձությունները տեղի ունեցան ապրիլի 10-ին Հայաստանի կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի միջև համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրման ֆոնին: Դա առաջին կոնկրետ փաստաթուղթն էր, որով Հայաստանը պաշտոնականացրեց Մաքսային միության հետ գործակցության մեջ մտնելու իր ցանկությունը: Ստորագրված հուշագիրը որևէ կոնկրետ գործընթաց, հետևաբար նաև Հայաստանի կողմից ստանձնվող պարտավորություն չի ենթադրում: Դրանում արված ձևակերպումներն այնքան ընդհանրական են, որ դժվար է խոսել երկարաժամկետ պլաններ կառուցելու մասին: Սակայն տվյալ դեպքում էականը ոչ թե ձևակերպումներն են, այլ ինքնին փաստթղթի ստորագրումը, որի իմաստը Հայաստանին որպես Մաքսային միության ոչ ֆորմալ անդամ ներկայացնելն է: Այս իմաստով Հայաստանի համար մղվող դիրքային տակտիկական պայքարում պաշտոնական Մոսկվան ԵՄ-ի նկատմամբ տարավ կարևոր հաղթանակ:
Հետաքրքրականն այն է, որ ինչպես Բրյուսելում ռեադմիսիայի համաձայնագրի ստորագրման, այնպես էլ Երևանում Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ այս հուշագրի առկայությունը բացարձակապես անտեսվեց: Համենայն դեպս, եվրոպացիներից ոչ մեկը այս փաստին հրապարակայնորեն չանդրադարձավ: Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը զգուշացնում էր. «Եվրամիությունը չի կարող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը: Իրավաբանորեն դա հնարավոր չէ: Անհրաժեշտ է ընտրություն կատարել»:
ԵՄ-ի լռությունը կամ առկա իրողությունները միտումնավոր անտեսելու այս կեցվածքը պատահական լինել չի կարող: Բրյուսելում, թերևս, հիմնվում են Երևանում ՄՄ-ի հետ ինտեգրացմանն ուղղված հուշագրի փաստացի բովանդազրկության վրա` համարելով, որ այն չի կարող խոչընդոտել Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի հետ տարվող աշխատանքներին: Մոսկվայում, կարծես, համակերպել են այն մտքի հետ, որ Հայաստանը չի կարող Մաքսային միության անդամ դառնալ այն ծավալով ու ձևաչափով, որով դրա մաս են Բելառուսը և Ղազախստանը` ընդհանուր սահմանի բացակայության և ԼՂՀ-ի կարգավիճակի շուրջ առկա անորոշության պատճառով:
Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, ըստ էության, բացահայտել է այն միակ հնարավոր ձևաչափը, որի շրջանակներում Հայաստանը կարող է համագործակցել Մաքսային միության հետ: «Անջատված տարածքների կառավարման տեխնիկայի եւ տեխնոլոգիայի տեսանկյունից, այդ թվում` մաքսային տարածքների դեպքում, ունենք եվրոպական փորձը, եւ, ըստ էության, այստեղ խնդիր չկա»,- ասել է Խրիստենկոն` փաստացի ակնարկելով, որ կարող են գործարկել մոտավորապես այն մեխանիզմները, որոնք գործում են ԵՄ-ի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրների միջև: Թեեւ անգամ այս պարագայում կիրառվելիք այդ մեխանիզմները մնում են անհասկանալի, սակայն տվյալ պահին էականն այն է, որ Ռուսաստանը բոլոր դեպքերում հետևողականորեն զարգացնում է Հայաստանին Մաքսային միությանը ինչ-որ կերպ «կցելու» քաղաքականությունը: Իսկ դա ուղղակիորեն է հակասում մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն պնդմանը, թե` «մի հավատացեք բոլոր այն մարդկանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան»:
Իրականում այդ պարտադրանքը կա, և դա շատ ուղղակի է: Ընդամենը օրեր առաջ Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստան 2015-ից թույլատրել բացառապես արտասահմանյան անձնագրերով: Պուտինն արդեն հավանություն է տվել այդ գաղափարին` հստակ ընդգծելով, որ բացառություն է արվելու միայն Մաքսային միության անդամ երկրների քաղաքացիների համար: Թե ինչ է սա նշանակում արտագնա աշխատանքի համար ամեն տարի Ռուսաստան մուտք ու ելք անող Հայաստանի` տասնյակհազարավոր քաղաքացիների համար, կարելի է միայն ենթադրել: Ակնհայտ է, որ ռեժիմի այս խստացումն արվում է հատկապես Հայաստանին և ԱՊՀ մյուս երկրներին Մաքսային միությանը միանալուն դրդելու, ավելի ճիշտ` անուղղակի պարտադրելու համար:
Չի կարելի բացառել, որ Հայաստանի և ՄՄ-ի միջև կնքված հուշագրի նկատմամբ իր ոչ բնական անտարբերությամբ ԵՄ-ն անուղղակիորեն խրախուսում է Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության այս խստացումը` դիտելով այն իր հետաքրքրության գոտում գտնվող երկրներին` Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին, Ռուսաստանից որոշակիորեն կտրելու միջոց: Դա բխում է այն տրամաբանությունից, որ այդ երկրները կհասկանան, որ գործ ունեն ոչ թե իրենց ազատ կամարտահայտմամբ, այլ Մոսկվայի ուղղակի պարտադրանքով և նրա կայսերապաշտական նկրտումները բավարարելու հայեցողությամբ միավորվելու անհեռանկար իրողության հետ: Դրանով Բրյուսելը կարող է նպաստել, որպեսզի Ռուսաստանը ընտրած փաստացի շանտաժային քաղաքականությամբ` սեփական ձեռքերով արգելակի Եվրասիական միության ձևավորման գործընթացը:
Բոլոր դեպքերում Հայաստանի համար սկսվել են բավականին դժվար ժամանակներ: Թե ԵՄ-ն` ստորագրվող համաձայնագրերով, թե' ՌԴ-ն` իր հսկայական քաղաքական, տնտեսական ու սոցիալական ազդեցությամբ, Երևանին կանգնեցնում են բարդ երկընտրանքի առջև, եթե, իհարկե, իշխանություններն արդեն վերջնականապես չեն կողմնորոշվել դեպի ռուսական ինտեգրացիոն պրոյեկտները: Սակայն չի կարելի բացառել, որ եթե Երևանը կարողանա որոշ ժամանակ ևս շարունակել մանևրելու, ժամանակ ձգելու ներկայիս քաղաքականությունը, տեղի ունենան որոշակի փոփոխություններ, որոնք էականորեն կթուլացնեն սեղմվող օղակը: Օրերս Շվեյցարիայի արտգործնախարար Բուրկհալտերը՝ ՌԴ իր գործընկերոջ`Լավրովի հետ բանակցություններից հետո հանդես է եկել մի ուշագրավ հայտարարությամբ. «Մենք պատրաստվում ենք 2014-ին ստորագրել մի պայմանագիր, որը հնարավորություն կտա ազատ առևտուր իրականացնել եվրոպական երկրներին, որոնք գործում են Եվրոպական ազատ առևտրի ընկերության շրջանակներում և Մաքսային միության հետ, որում ընդգրկված են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը»:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ