Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միտքը` 1000-ական դրամ տրամադրել մեր բանակին, շատ ոգևորող է. այսօր լրագրողներին ասաց գրականագետ Վարդան Դևրիկյանը:
Ըստ նրա` ոչ այս ձևով, բայց բանակի համար ինչ-որ բան միասին անելու գաղափարն իր մոտ առաջացել էր դեռ ապրիլյան դեպքերի ժամանակ, քանի որ նկատել էր, որ ճակատ մեկնողները մտազբաղ են, թե ինչ է լինելու ընտանիքների վիճակը, եթե իրենց մի բան պատահի:
«Յուրաքանչյուրը 1000 դրամ տալով` բարեգործության մակարդակն է նաև բարձրանում, վեհացվում, և, անկախ սոցիալական վիճակից, կարծում եմ, որ 1000 դրամը խորհրդանշական քայլ է, ելակետ: Վաղուց էր քննարկվում ազգային տուրքի գաղափարը, և սա, կարծում եմ, հենց մեր ազգային տուրքը կլինի: Բացի այդ` Սփյուռքն էլ պետք է մասնակից լինի սրան, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պետք է կոչով հանդես գա ու ասի, որ երկքաղաքացիություն ունեցողները 2 ամիսը մեկ 5 դոլար տան բանակի համար»,- ասաց Դևրիկյանը` հավելելով, որ ՀՀ անձնագիրը չպետք է զուտ աքսեսուար լինի:
Գրականագետն ասաց նաև, որ իրեն ցավ են պատճառել պարզունակ քննարկումներն այս հարցի շուրջ, և 1000 դրամները չպետք է առիթ լինեն` բանակին վատաբանելու: «Բացի այդ` իրավական առումով ոչ մի հակասական բան չկա դրա մեջ: Վաղը, մյուս օրը բոլորն էլ կհամոզվեն, որ դրա կարիքը կար»,- ասաց նա:
Հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ հասարակությունն ուղղակի չի վստահում իշխանությանը և վստահ չէ, որ այդ գումարն ամբողջությամբ տեղ կհասնի զինվորների ընտանիքներին, Դևրիկյանը պատասխանեց, որ դա այլ հարց է, բայց վստահ է` դա այն գումարը չէ, որ կուտվի: «Անվերապահորեն պետք է տանք 1000 դրամները, քանի որ երկրի լավ օրից չէ նման որոշում կայացվել: Մենք սպասելու ժամանակ չունենք, որ մտածենք` եկեք սպասենք, թող իշխանության հանդեպ վստահությունը վերականգնվի և նոր միայն նման քայլի դիմենք»,- նշեց նա:
Դևրիկյանը նշեց նաև, որ այս կոնտեքստում պետք է կրճատենք նաև բանակին կամ այլ միջոցառումներին նվիրված օրերին ծախսվող գումարները: