կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-14 15:40
Քաղաքական

Շատ դիմումներ կան, որ մարդիկ պահանջում են իրենց աշխատավարձից ավելի շատ պահել. Վիգեն Սարգսյան

Շատ դիմումներ կան, որ մարդիկ պահանջում են իրենց աշխատավարձից ավելի շատ պահել. Վիգեն Սարգսյան

ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որի մասին զեկուցեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցրեց, թե ո՞րն է տարբերությունը հիմնադրամի ու ներդրումային ֆոնդի միջև:

«Ասում եք` սա նպաստ չէ, ապահովագրություն է, ուրեմն ցույց տվեք ապահովագրական ռիսկը: Եթե ռիսկ չկա, ի՞նչ կարիք կա հիմնադրամ ստեղծելու, ԿԲ-ին ներգրավելու, ապարատ ստեղծելու: Իսկ եթե փողն ազատ է՝ ի՞նչ իմաստ ունի այն արտասահմանում արժեթղթերի մեջ ներդնել: Նշեք հարկի ու պարտադիր վճարի տարբերությունը: Զինվորն ինչո՞ւ աշխատավարձ չի ստանում, ինչո՞ւ չենք մտահոգվում ողջ զինվորների մասին, դա էլ է կարևոր»,- հարցրեց Հրանտ Բագրատյանը:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ժամկետային զինծառայողի համար ունեն նվազագույն վճար, որը փոխհատուցում է պարենային ու տրանսպորտային խնդիրները: Նախարարի խոսքով` դա, իհարկե, փոքր գումար է, քան այն, ինչը կցանկանար ինքը` որպես նախարար: Սակայն եթե պատգամավորը կարող է որոնել ժամկետային զինծառայողին միջին աշխատավարձ տալու աղբյուրներ, ապա Վիգեն Սարգսյանը միայն երջանիկ կլինի:

Ինչ վերաբերում է հիմնադրամի ու ներդրումային ֆոնդի միջև տարբերությանը, Վիգեն Սարգսյանի խոսքով` ներդրումային ֆոնդն ունի այլ խնդիրներ, հիմնադրամը՝ այլ, դա չի նշանակում, որ հիմնադրամը չի կարող արժեթղթերի մեջ ներդրումներ չունենալ:

1000 դրամը նպաստ չէ, որովհետև, ըստ նախարարի, նպաստը ենթադրում է սոցիալական բաղադրիչ, մինչդեռ վճարում են այն զինծառայողի համար, ով գնացել է առաջնագիծ ու զոհվել թշնամու գնդակից:

Հրանտ Բագրատյանն առաջարկեց Դիլիջանում գտնվող 44 միլիոն դոլարանոց կենտրոնը վաճառել ու ներդնել ֆոնդում՝ առաջին երկու տարվա համար:

Նախարարի խոսքով՝ ֆոնդում ամեն տարի կհավաքվի նվազագույնը 4,5 միլիարդ դրամ: «Շատ դիմումներ կան, որ մարդիկ պահանջում են իրենց աշխատավարձից ավելի շատ պահել, ինչը վստահություն է տալիս մեզ, որ ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ որևէ մեկն ավելի շատ չի մտածում զինվորի մասին, քան ինքը: