կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-04 18:52
Առանց Կատեգորիա

Զարուհին ապահովագրված էր

Զարուհին ապահովագրված էր

Ցավալի է՝ նույնիսկ նրանք, ովքեր համաձայն են Զարուհու հետ, չգիտեն, թե ինչ է նշանակում կեղտոտ սպիտակեղենը: Այսինքն` նրանք համաձայն են, որովհետեւ կարծում են, որ պետք է կեղտոտ սպիտակեղենը դրսում ցույց տալ: Այսինքն` այդ սպիտակեղենն արժանի է դրսում երեւալու:

 

Կեղտոտ սպիտակեղենի խայծը քաղաքական որեւէ բանավեճի հետ ընդհանուր ոչինչ չունի: Մի կողմ թողնենք, թե ինչ է արել Զարուհին Ստրասբուրգում: Զարուհին խորագետ չէ, թեպետ իրավաբան է, եւ փաստի արժեքը գիտի: Նա Սերժ Սարգսյանին ուղղել է որեւէ կերպ չապացուցված, թեպետ երկրի շուրթերից չիջնող հարց: Զարուհին նմանապես գիտի, որ ծուխն առանց կրակի չի լինում: Հայաստանում որեւէ կոմպրոմատ չի հերքվում, միայն ջրվում է:

 

Պետք չէ խորանալ, թե ով է Զարուհուն զիջել իր հարցը, կամ գիտեի՞ն մեր պատվիրակության անդամները, թե ինչպես է նա պատրաստվում շշպռել Սերժ Սարգսյանին: Իմ տեղեկություններով` Ստրասբուրգ չեն գնում «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղալու: Այնտեղ գնում են քաղաքական հաշիվներ մաքրելու: Քաղաքական հաշիվների մեջ, ինչպես ցույց է տվել հայ-եվրոպական սիլի-բիլին, Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը չի մտնում: Այսինքն` եթե նույնիսկ ոչ ոք նրան ձայն չի տվել, նա նախագահ է: Այսինքն` Ստրասբուրգը չի քննարկում, թե ով է ընտրվել, ով` ոչ, ով է քաղբանտարկյալ եւ ով` ոչ: Ամեն ինչ ճիշտ է: Բայց երբ դուք ձեր հետ ընդդիմության ներկայացուցիչ եք տանում, պետք է պատրաստ լինեք, որ նա Եվրոպայի հետ ձեր «շակալադ» հարաբերություններից կարող է ինչ-որ անհաճո բան սարքել: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ ընդդիմությունը արդեն 22 տարի Հայաստանի Հանրապետությունում չի կարողանում ինքնառեալիզացվել: Այլեւս չգիտի, թե որտեղ է վերջանում անբարոյականությունը եւ որտեղ է սկսվում քաղաքականությունը: Որովհետեւ իր հետ հարաբերություններում ընդդիմությունը տեսել է միայն անբարոյական մոտեցում: Երբ ինքը կազինոյի մասին հարց է տալիս, դա նրան բացարձակապես անբարոյական չի թվում, որովհետեւ, որպես օրենքի ներկայացուցիչ, նա գիտի, որ անբարոյականը քվեները կեղծելն է, մարդկանց քվեի դիմաց փող առաջարկելը, աշխատավարձերը հուլիսի 1-ին բարձրացնելու մասին սուտ ասելը, գազի գնի բարձրացումից օրեր առաջ խաբելը, որ գազի գինը չի բարձրանա: Այսինքն` կիրառական անբարոյականության առջեւ տեսական անբարոյականությունը, այսինքն` չճշտված հարցը, չի երեւում:

 

Անձամբ ես Զարուհու հարցն անբարոյական չեմ համարում, այդ հարցն ունի գոյության իրավունք աշխարհի ցանկացած ծայրում, ամենուր, քանի դեռ երկրի ներսում Սերժ Սարգսյանն անհասանելի է բոլորին եւ, մասնավորապես, ԱԺ պատգամավորին: Երբ խոսում եք խաղի գրված կամ չգրված կանոնները պահպանելուց, պետք է ելնեք այն կանխավարկածից, թե դրանցից ո՞ր մեկն է աշխատել Հայաստանի ներսում: Երբ խոսում եք Զարուհու հարցով հայ ժողովրդին եւ Հայաստանն անարգելուց, պետք է մատնացույց անեք, թե, ընդհանուր առմամբ, ինչո՞վ է զբաղված Հայաստանը եւ հայ ժողովուրդը վերջին 22 տարիներին, արտագաղթելուց, աղքատանալուց, ընտրությունների ժամանակ փող վերցնելուց բանկերի եւ դատարանների դռներն ընկնելուց բացի: Բացարձակ է հնչում, բայց չեք ասի, որ սրանք մեծամասնության զբաղմունքը չեն: Եվ այս էկզեկուցիան պետք է կանգնեցվի, որովհետեւ մի բան պարզ է՝ տղամարդիկ տղամարդու գործով չեն զբաղված` 4 երեխաների մորն անվանարկելով։ Իսկ թե ինչո՞վ է զբաղված 4 երեխաների մայրը, թողեք նրա խղճին։ Նա իրեն ապահովագրել էր հարցի առաջին մասով։

 

Սեյրան ՀԱՆՈՅԱՆ

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: