| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բավականին տրամադրված եմ, որ շուտով բուհում առկա բոլոր խնդիրները կլուծվեն: Լրագրողների հետ զրույցում ասաց Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանն` անդրադառնալով բուհում առկա կոռուպցիոն գործի, ձերբակալության և վարկային պատմության մասին:
Տեղեկացրել էինք, որ այսօր Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանն ազատվեց ռեկտորի պաշտոնից` իր իսկ դիմումի համաձայն: Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:
Ըստ Մուրադյանի` բժշկական համալսարանն ունի իր բարի ավանդույթները, մեծ ավանդն առողջապահական ճակատը պահելու հարցում, իհարկե, կան նաև մարտահրավերներ, որոնց դիմակայել է պետք:
«Կան որոշակի խնդիրներ, որոնք վերլուծելուց հետո ծրագրի ձևով կներկայացնեմ: Սակայն մեր գործունեության հիմնական դրույթը լինելու է այն, որ մենք կարողանանք միջազգային ստանդարտներին համապատասխան որակ ապահովել: Բժշկական համալսարանը շատ հայտնի է տարածաշրջանում, մեր երկրի սահմաններից հեռու, ինչը պատիվ է մեզ համար, և, առհասարակ, վերջին 100 տարվա ընթացքում մեր ժողովրդի առողջական ամբողջ լուծը տարել ենք մենք` այս համալսարանի շրջանավարտներս»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե նրան չի՞ մտահոգում փաստը, որ դառնում է մի բուհի ռեկտորի պաշտոնակատար, որը վարկային մի շարք պարտավորություններ ունի /ըստ Նարիմանյանի` 1,6 մլն դոլար/, Մուրադյանը պատասխանեց, որ կարծում է`բուհի տնտեսական իրավիճակը վերլուծելուց հետո կկարողանա այս հարցին անդրադառնալ: «Բուհն ունի մեծ ռեսուրս, և դա օգտագործել միայն փաստացի կրթության ոլորտում, ճիշտ չէ: Ռեսուրսները կբավարարեն, որ մենք բոլոր հարցերի լուծումները տանք: Հուսով եմ և բավականին տրամադրված, որ շուտով այս խնդիրները կլուծվեն»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե, բացի դրանից, բուհն ամռանը կոռուցպիոն սկանդալի մեջ էր հայտնվել, անգամ` ձերբակալված կա, ինքը տեղյա՞կ է մանրամասներին, Մուրադյանը պատասխանեց, որ այն, ինչ հանրային դաշտում է եղել, տեղյակ է, ավելի մանրամասն` ոչ: «Կարծում եմ` պետք է անենք ամեն ինչ, որ ուսանողության հետ փոխադարձ վստահություն ունենանք, հիմնական ձեռքբերումները պետք է խորացնենք, իսկ եթե կան թերություններ, կշտկենք դրանք»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Միքայել Նարիմանյանի աշխատանքը, Մուրադյանը պատասխանեց, որ երբևէ իրեն թույլ չի տա նման գնահատականներ տալ, այն էլ` հանրային կերպով: «Ես դա ոչ կոռեկտ եմ համարում: Ի դեպ, Նարիմանյանի հետ աշխատել եմ ոչ միայն որպես ամբիոնի վարիչ, մենք նույն հիվանդանոցում ենք աշխատել երկար տարիներ: Կարծում եմ` նա իր հրաժարականի պատճառները պարզ ներկայացրեց»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը:
Արմեն Մուրադյանը, երբ ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, հայտարարեց, որ շտապում է վիրահատարան` աշխատանքի: Դիտարկմանը, թե չի՞ խանգարի նրան ռեկտորի պաշտոնը, պատասխանեց, որ հիմա էլ է գալիս վիրահատարանից, երեկ էլ է այնտեղ եղել: «Բժիշկը չի դադարում լինել բժիշկ, քանի որ դա մասնագիտություն չէ, կոչում է»,- ասաց նա: