Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի օրվա առթիվ․
«Սիրելի ուսանողներ, դպրոցականներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի օրվա առթիվ: Անշուշտ, նոր ուսումնական տարվա մեկնարկը սպասված է և ավելի քան պարտավորեցնող յուրաքանչյուրիս համար: Ուսումնական տարին մեկնարկում է նոր մարտահրավերներով, որոնք, վստահ եմ, հաղթահարելու ենք միասին` համատեղ աշխատանքի շնորհիվ:
Օրը խորհրդանշական է, հետևաբար ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել գիտելիքի կարևորությունը, որը, իմ խորին համոզմամբ, ամենամեծ կապիտալն է բոլոր ժամանակներում: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված փոփոխություններ կատարվեցին նաև կրթական համակարգում: 2020-21 ուսումնական տարին մեկնարկում է այլ ձևաչափով, որն իր մեջ ներառում է հեռավար
ուսուցումը: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ է ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Չնայած ստեղծված իրավիճակին՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայելու ԵՊԲՀ-ում ուսուցումն անխոչընդոտ և բարձր մակարդակով իրականացնելու համար:
Ցանկացած ոլորտ, իսկ բժշկագիտությունն առավել ևս, հնարավոր չէ պատկերացնել առանց ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական խորը գիտելիքների, շարունակական զարգացման: Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է ամեն մի սովորողի, դասախոսի ամենօրյա աշխատանքը, նվիրումը և բարձր պատասխանատվությունը, որը կարող է նպաստել և արագացնել սահմանված ուղենիշերին հասնելու, արդիական չափանիշներին համահունչ կրթություն ստանալու գործընթացին:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել այն ապագա բժիշկներին, որոնք այս օրերին առաջին անգամ են մուտք գործում 100-ամյա պատմություն ունեցող բժշկական հաստատություն՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Հերացիական լինելը պատվաբեր կոչում է, որը պետք է կրեք բարձր պատասխանատվությամբ և սիրով: Կյանքում և բժշկագիտության մեջ եղեք նախաձեռնող և պատասխանատու: Մաղթում եմ նորանոր հաջողություններ և նպատակների իրականացում»: