Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոմպոզիտորների միությունում ստեղծված իրավիճակը նախանձելի չէ: Հոկտեմբերի 7-ին շուրջ երեք տասնյակ երիտասարդ կոմպոզիտորներ հանդես եկան բաց նամակով, որով կոչ էին անում հոկտեմբերի 26-ին միությունում կայանալիք նախագահի ընտրությւոններին քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին: Սակայն միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երիտասարդ կոմպոզիտորների շարժումը կազմակերպված է, հրահրված, եւ նրանց պահանջն անառողջ է: Ամիրխանյանին ի պատասխան` կոմպոզիտորները հորդորեցին զերծ մնալ վիրավորանքներից եւ իրենց չանվանել հրահրված զանգված: Հոկտեմբերի 26-ին շատերն են սպասում եւ հույս ունեն, որ այդ օրը մի շարք հարցեր իրենց պատասխանը կստանան, սակայն այսօր կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը նշեց, որ միգուցե այդ օրը համագումարը չկայանա, քանի որ Ամիրխանյանը պատրաստվում է ինչ-որ ժամանակով Մոսկվա մեկնել:
Այն, ինչ կատարվում է միությունում, փորձել են yerkir.am-ի հետ զրույցում իրենց գնահատականը տալ երիտասարդ այն կոմպոզիտորները, որոնք գտնվում են Հայաստանից դուրս:
Վահրամ Սարգսյան, Մոնրեալ, Կանադա
Կարծում եմ` կարիք չկա կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ այժմ է կատարվում: Դեռեւս շուտ է վերջին երկու տասնամյակների ընթացքում տեղի ունեցածին գնահատականներ տալը. անցյալի պատասխանները ժամանակը կտա: Այսօր կոմպոզիտորների միության համար որոշիչ պահ է եկել. կան շատ լավ, գործունյա , տաղանդավոր երիտասարդներ, ունենք միջազգային ճանաչում ունեցող ավագ սերնդի ներկայացուցիչներ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Պարզապես պետք է կարողանալ օգտագործել այս ներուժը` կազմակերպելու համար մի առողջ եւ աշխույժ, արդիական եւ մշտապես զարգացող մարմին, որը կամուրջ կհանդիսանա հայ ստեղծագործող եւ նրա ստեղծագործությամբ հետաքրքրված մարդու կամ կազմակերպության միջեւ` լինի դա հրատարակչություն, միջազգային մշակութային կառույց, թե պետություն, կամ պարզապես երաժիշտ-կատարող, ինչպես նաեւ կհոգա կոմպոզիտորի և երաժշտագետի առջև ծառացած արդիական բազում խնդիրները...
Ահռելի պատասխանատվություն է ընկնելու ընտրությունների արդյունքում ընտրված նախագահի եւ խորհրդի ուսերին: Շատ կարևոր է երիտասարդներին քաջալերելն ու ներգրավելը կազմակերպչական բոլոր գործընթացների մեջ: Կարծում եմ` այս ոլորտում չափազանց անհրաժեշտ եւ այլեւս անխուսափելի են փոփոխությունները, անշուշտ հուսով եմ` դրանք կլինեն միայն դրական: Ընտրվելիք նախագահն առաջին հերթին պետք է մոբիլիզացնի մարդկային և այլ ռեսուրսները, վերանայի միության կանոնադրությունը, այն գործի դնի եւ խորհրդի հետ միասին բաշխի պատասխանատվությունները...
***
Արսեն Բաբաջանյան, Գերմանիա
Անկեղծ ասած` ինձ շատ դուր է գալիս այդ մարդու բառապաշարը, բայց ոչ` ասված խոսքերի բովանդակությունը: Եթե ինչ-որ մեկը հետևողական լինի այս խնդրի ընթացքին, կտեսնի, որ ընդդիմադիր թեկնածունները, բացի փաստերից, ուրիշ ոչինչ չեն ներկայացնում, իսկ ՀԿԵՄ նախագահը վերջիներիս միայն վիրավորանքների տեսքով է պատասխան տալիս: Վերջերս էլ նա մի շարք կոմպոզիտորների, որոնք պարզապես իր հետ համակիր չեն, անվանեց «մոլորյալներ եւ հիմարներ»: Մինչդեռ նրանք ժողովրդական կամ վաստակավոր արտիստներ են, ԵՊԿ պրոֆեսորներ, պետական մրցանակի դափնեկիրներ, Երեւանի պատվավոր քաղաքացիներ եւ այլն, իսկ, ինչպես հայտնի է, այդ կոչումները շնորհում է Մշակույթի նախարարը եւ երկրի նախագահը: Ակամայից ստացվում է այնպես, որ նա պնդում է, թե պետական կառույցների կողմից խրախուսված մարդիկ մոլորյալններ են:
Հոկտեմբերի 26-ին նշանակվել է ուշացած համագումարը: Այդ փաստով ոգեւորված` երիտասարդությունը մի բաց նամակ գրեց իրենց ավագ կոլեգաներին՝ մտածելով, որ նրանք պետք է որ անտարբեր չլինեն իրենց իսկ բնագավառի ապագայի վերաբերյալ: Այս անգամ նույնպես ՀԿԵՄ նախագահը պատասխանեց իր ոճին հավատարիմ՝ վիրավորանքներով: Տվյալ դեպքում մնում է կա՛մ լռել, կա՛մ համարժեք պատասխան տալ: Մենք մեր բարձունքի վրա գտնվելով՝ դեռեւս աչք կփակենք այդ բանի վրա: Բացի այդ, հետաքրքրական մի նկատառում ենք նկատում. բաց նամակին ի պատասխան` կարճ հարցազրույցի սկզբում նա հայտարարում է, որ չի ուզում տեղեկանալ նամակի բովանդակությանը, իսկ քիչ անց ասում է. «Ի՞նչ է նշանակում հրապարակայնորեն պախարակել ինձ, նվաստացնել, վերագրել անհավանական գործարքներ, որոնց համար ինձ պետք էր հենց հիմա գնդկահարել: [...] Ի՞նչ է նշանակում հրապարակավ մեկին մեղադրել գողության, անազնվության մեջ»:
Նախ` հարց է առաջանում, եթե նա ծանոթ չէ բովանդակությանը, ապա որտեղի՞ց է մեջբերումներ անում: Այս խոսքերն ինձ ստիպեցին վերընթերցել նամակը, որին իմ համաձայնությունն եմ տվել միանալու. խոսք անգամ չկա գողության մասին: Չեմ հասկանում, ինչո՞ւ է այս մարդը միշտ գողության մեղադրանքից պաշտպանվում, երբ վերջինս չի հնչում: Մինչդեռ կարծում ենք` տրամաբանական է երիտասարդության կարծիքին ականջ դնելը, ընդ որում` ճնշող մեծամասնության կարծիքին: Երբ ես տեսա համաձայնությունը տված երիտասարդների վերջնական ցուցակը, շատ ուրախացա այս աննախադեպ համախմբվածության համար: Սակավաթիվ են մեր նամակին չմիացողները` այն էլ շատ սուբյեկտիվ պատճառներով, որոնց մասին այստեղ չեմ ուզում խոսել:
Ինչեւիցե, մենք ՀԿԵՄ նախագահի հետ երկխոսության եզրեր այլեւս չենք փնտրում, իսկ մեր ավագ գործընկերներին մեր ուղերձն արդեն արել ենք, եւ նրանց որոշելիք հարցն է` մեզ հետ հաշվի կնստեն, թե՞ ոչ:
***
Արթուր Աքշելյան, Շվեյցարիա
Երկար տարիներ է, ինչ կոմպոզիտորների միությունը գտնվում է ակնհայտորեն լճացած վիճակում, որն իր հերթին հետեւանք է մի շարք բացասական երեւույթների` մերօրյա երաժշտարվեստում գոյացած։ Իրականում խնդիրները գալիս են շատ ավելի խորքից. կփորձեմ այն հակիրճ դիտարկել իմ եւ երիտասարդ կողմի տեսանկունից։ Նախ եւ առաջ, կարծում եմ` թելը կամ կապող օղակը ինչ-որ տեղ կտրված է նոր սերունդի եւ ավագ սերունդի միջեւ, համենայնդեպս, ես եւ մի շարք համախոհներ այլ աշխարհայացք ունենք` հայ երաժշտության ներկայի եւ ապագայի հետ կապված։ Անկասկած, ժամանակակից երաժշտության բնագավառը Հայաստանում գտնվում է տրադիցիոնալ մշուշի մեջ, ինչը խոչնդոտում է նորամիտ տարրերի ներմուծմանն ու միջազգային լայն շերտերի հետ հպմանը։
Ըստ իս` այսօր առանց այս ամենի բարելավման, մեր արվեստում էապես աճ չի կարող գրանցվել։ Ավելին՝ երիտասարդներին ընձեռված հնարավորություններ չկան, լավագուն դեպքում` ով կարող է, իր գլխի ճարը տեսնում է... Օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը կապված է այս ամենի կուտակման, ինչպես նաեւ այլ ներքին խնդիրների հետ, որոնք բազմիցս նշվում են։ Կարծում եմ` երիտասարդների խնդիրներին հոգատարությամբ իր աջակցությունը պետք է ցուցաբերեր միությունը այս տարիներին` համերգների որակի ապահովման, մշակութային կառույցների հետ շփման, միջազգային փառատոնների կազմակերպման տեսքով` ինչպես տարբեր երկրներում է ընդունված։ Ես պատկերացում չունեմ, թե ինչ գաղափարախոսություն կարող է ունենալ նման միությունը, ամենը սիրողական մակարդակում է, եւ տպավորություն է` որեւէ երաժշտական դաշտ գոյություն չունի այստեղ կամ այնտեղ։ Այնինչ, այօրվա պես ակտիվ եւ հագեցած երաժշտական աշխարհ երբեւէ չէր էլ կարող լինել։
Մինչ օրս միության «գործելաոճը» ոչ մի ելք չի ենթադրում անորոշությունից, ցավոք, կառույցի ղեկավարները պարզապես անտեղյակ են, անտարբեր, կտրված ամեն տեսակ եռուզեռից։ Ռացիոնալ մարդիկ են պետք, որոնք հակված են նոր մոդելներ կիրառել, միջազգային կապեր ձեւավորել։ Ես կապ չունեմ այդ կառույցի հետ, իսկ ինչպե՞ս կամ ինչու ունենա՞մ։
***
Արամ Հովհաննիսյան, Շվեյցարիա
Այսօր Կոմպոզիտորների միության իրավիճակը կարելի է բնութագրել տարբեր տեսանկյուններից: Քանի որ ես ՀԿԵՄ-ի անդամ չեմ, չեմ կարող փաստացի խոսել ներքին անկարգություններից, որոնց մասին բազմիցս խոսվել է միության անդամների կողմից: Խնդիրն ավելի շուտ միության գործունեության, նպատակի եւ մշակութային քաղաքականության մեջ է, որն, իմ կարծիքով շատ թերի է եւ մնացել է սովետական շողքի տակ: Իսպառ բացակայում է կառուցողականությունը, ժամանակակից արվեստի հանդեպ հետաքրքրությունը, ունկնդրի հետ կապը։ Այս ամենը հասկանալու համար անպայման չէ լինել միության անդամ, քանզի վերջին տարիների հայ ժամանակակից երաժշտության վերելքները տեղի են ունենում բացարձակապես ՀԿԵՄ-ի շրջանակներից դուրս: Օրեր առաջ մի շարք երիտասարդ կոմպոզիտորների հետ հրապարակեցինք բաց նամակ, որտեղ ներկայացված էին առկա խնդիրները: Ի պատասխան՝ ՀԿԵՄ նախագահ Ռ. Ամիրխանյանը պիտակավորեց երեւույթը իբրեւ «թշվառական» եւ «հրահրված»: Մի կողմ թողնելով այն, որ նա բարոյապես իրավունք չուներ նման կերպ արտահայտվել մարդկանց վերաբերյալ, որոնցից շատերի գործերը պատվիրվում եւ հնչում են համաշխարհային հեղինակավոր փառատոններում` միության նախագահը նաեւ չի տիրապետում ղեկավարին հարիր պահվածքի եւ դիվանագիտական մոտեցման, ինչը, մեծ հաշվով, արդարացնում է երիտասարդներիս պահանջը: Այսօր ժամանակակից արվեստի միություն ղեկավարելու համար առնվազն պետք է ճանաչել եւ օգտագործել արվեստագետների ողջ ներուժը, լինել ստեղծագործ եւ նորարար, ժամանակակից կոմպոզիտորական արվեստը դարձնել մշակութային կյանքի անբաժան մաս:
Նոր ժամանակները թելադրում են նոր մոտեցումներ, ուստի, բնական է, որ 73-ամյա անվանի երգահանը, չնայած հայ երգարվեստում ունեցած իր ավանդին, այնուամենայնիվ, մասնակից չի եղել ժամանակակից ակադեմիական երաժշտության զարգացումներին եւ ղեկավարման նոր տեխնոլոգիաներին, ուստի նա չի կարող օգտակար լինել` որպես համակարգի ղեկավար: Զարմանալի չէ, թե ինչու շատ երիտասարդ կոմպոզիտորներ չեն ցանկանում անդամակցել տվյալ համակարգին՝ հասկանալով, որ միությունը առաջին հերթին պետք է լինի կազմակերպող կառույց, մտահղացումների եւ փառատոնների խթան, սեմինարների կենտրոն, այլ ոչ թե անդամակցությամբ «կաշին փրկելու» միջոց այն հույսով, որ երկու տարին մեկ հիշեն իրենց մասին: «No, merci»:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ