Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյուղատնտեսության նախարարությանը 2017 թվականի համար տրամադրված գումարները բավարար են, սակայն, գյուղատնտեսական ոլորտը համապատասխան ձևով զարգացնելու համար բավարար չեն. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով հարցին, որ գյուղացիներին հատկացվող դիզվառելիքի և պարարտանյութի գումարները պակասել են, նախարարն ասաց, որ գումարը ոչ թե նվազել է, այլ պարարտանյութի արժեքն է նվազել: «Բացի դրանից` մեր ֆերմերային տնտեսությունների կողմից կա 1 միլիարդ կուտակված պարտք գյուղնախարարությանը կամ բյուջեին: Այս պարտքերի հարցը պետք է որոշենք, թե ինչ ենք անում, քանի որ որոշ դեպքերում, երբ մենք համոզված ենք, որ եղել է չարաշահում, ու անվանական գիտենք՝ ի՞նչ և ինչո՞ւ է կատարվել, ապա դիմել ենք դատարան»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե չարաշահումներն ի՞նչ կարգի են եղել, քանի որ մամուլում կային հրապարակումներ, ըստ որոնց` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրն էր վերցրել Հովիկ Աբրահամյանի հողերի համար, նախարարը պատասխանեց, թե նախկին դեպքերի համար ինքը որևէ բան ասել չի կարող, քանի որ դրանց ուշադիր չի հետևել:
«Ցանկացած բան կարող է լինել Հայաստանում: Դրա համար էլ ասում եմ՝ անվանական ուսումնասիրում ենք ցուցակները, որպեսզի հասկանանք՝ ո՞վ է պարտք, ի՞նչ վիճակում է, ուսումնասիրություն անենք և ներկայացնենք»,- ընդգծեց Առաքելյանը՝ հավելելով՝ եթե բացահայտվի, որ չարաշահումները խոշոր անձանց կողմից են եղել, միևնույն է, օրենքի համաձայն կշարժվեն:
Արձագանքելով դիտարկմանը, թե պատասխանը փոքր-ինչ անվստահ էր, Առաքելյանը կատակեց. «Որտե՞ղ տեսաք անվստահություն, տենց շատ մարդ է խաբվել իմ հայացքից»:
Դիտարկմանը, թե Հայաստանում գյուղատնտեսական կոոպերացիաները չեն աշխատում, սակայն օրենք ընդունում են և փորձում ստիպողաբար առաջ տանել, Առաքելյանը պատասխանեց, որ ինքն անձամբ դեմ է ստիպելուն: Նա նշեց, որ կողմ է բացառապես բանակցելու ճանապարհով հարցը կարգավորելու եղանակին:
«Դուք համաձայն եք, չէ՞, որ կոոպերացիան լավ է, ու եթե կուզեն միասին աշխատել, ուրեմն՝ գյուղատնտեսությունը կզարգանա, չեն ցանկանա աշխատել, ինչ նախարար էլ գա, միևնույն է, չեն զարգանա: Ուզում են պայքարել զոռով, բայց զոռովի հարց չէ, այլ գյուղացու ցանկության հարց է, բայց որպեսզի նա ցանկանա, պետք է հասկանա, թե ինչի մասին է խոսքը, քանի որ եթե ասենք՝ արի, միացի կոոպերացիային, այն դեպքում երբ նա չգիտի՝ դա ինչ է, կտապալվի էլ»,- նշեց Առաքելյանը:
Խոսելով այն մասին, որ հայկականի անվան տակ թուրքական լոլիկ է արտահանվել, նախարարն ասաց, թե, իր իմանալով, նման բան չկա, բայց, քանի որ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այդ հարցը բարձրացրեց, կրկին հարցը կուսումնասիրեն:
«Ինձ համար կարևորն այն է, որ լոլիկ չի մնացել, արտահանումն աճել է, նոր ջերմոցներ կկառուցվեն, քանի որ պոտենցիալ կա: Ինձ համար կարևորը գյուղատնտեսության զարգացումն է, իսկ մնացած հարցերով թող իրավապահ մարմինները զբաղվեն»,- ընդգծեց նախարարը:
Դիտարկմանը՝ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասում էր, որ գյուղացիներին անհրաժեշտ է խորհրդատվություն տրամադրել, և հարցին՝ մի՞թե խորհրդատվությունն է պակասում, որ գյուղատնտեսությունը չի զարգանում, ի դեպ, վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հսկայական գումարներ էր ներդնում, որ գյուղացիներին սովորեցնեն կովերի պտուկները ճիշտ լվանալ, Առաքելյանը պատասխանեց. «Ոչ, նույն այդ ֆերմերային տնտեսության խնդիրները կարգավորելու համար են խորհրդատվությունները»: