Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նախքան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարց ուղղելը, ասաց, որ նախորդ բոլոր կառավարությունները փառահեղորեն զարգացրել են առասպելական ժանրը ՀՀ-ում, որից մեկն էլ վերաբերում էր ուռուցքաբանության տարածաշրջանային կենտրոն ստեղծելուն՝ միջնադարյան ախտորոշմամբ, քիմիաթերապիայի բրոնզեդարյան մեթոդներով, որից մարդիկ մեծ մասամբ մահանում են: Ըստ պատգամավորի` պետպատվերի շրջանակներում ներառված է դարի այդ հիվանդության բուժման հատվածը, և գաղտնիք չէ, որ դաշտը մոնոպոլացված է` քիմիաթերապիայի դեղեր իրավունք ունեն ձեռք բերելու որոշ օլիգարխներ, և ադյ դեղերը վաճառվում են տարածաշրջանային գներից մի քանի անգամ ավելի թանկ: Բացի այդ, ըստ նրա, այս հիվանդության տոկոսը ՀՀ-ում աղետալի բարձր է, և հիվանդները նախընտրում են բուժում ստանալ Վրաստանում, ՌԴ-ում, Իրանում և այլն, բայց ո` ՀՀ-ում, որտեղ խայտառակ որակ է և գնային խայտառակ քաղաքականություն: «Հիմա ո՞նց եք տեսնում այդ ոլորտի կարգավորումը՝ առանց առասպելաբանության, որակը հաշվի առնելով»,- հարցրեց Զոհրաբյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ Ուռուցքաբանության կենտրոնին անդրադարձավ և հաստատեց, որ այն ստեղծվել է և, այո, չի աշխատել, մոտավորապես գիտեն, թե ինչու: Նախարարը նշեց, որ ինքն արդեն սկսել է բանակցությունները կենտրոնի պոտենցիալ շահագործողի հետ, ով ԱՄՆ-ում ապրող հայրենակից է: Թորոսյանը տեղեկացրեց, որ նրա հետ էքսկլյուզիվ պայմանագիր կա, որը ենթակա է կատարման, հակառակ դեպքում` իրավական պարտավորություններ կառաջանան:
Թորոսյանի խոսքով՝ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո ինքը պարտավորություն է վերցրել կենտրոնը շահագործել, բայց հստակեցրեց, որ դա կենտրոնի մի փոքր մասն է՝ ախտորոշման մասը:
Նա հայտնեց, որ իր համար երկու գերակա ոլորտ է առանձնացրել՝ առաջնային առողջության պահպանումը, որն ուղղված կլինի հիվանդությունների կանխարգելմանը, երկրորդ` ուռուցքաբանությունը, որ կանխարգելեն, նաև բուժեն:
Դեղերի ոլորտում, նախարարի խոսքով, երկու խնդիր կա: «Նախ` զուգահեռաբար դեղերի ներմուծման խնդիր է եղել, երբ արտադրողից ներկրողը ներկրել է դեղը, և մյուս ներկրողները չեն կարողացել ներկրել: Հիմա կա կառավարության որոշում, որ լավ չի գործել, որը հիմա նորն է շրջանառվում` ցանկացած պայմաններն ու պահանջները ապահովելու դեպքում ցանկացած մարդու, ցանկացած ներկողի թույլ տրվի դեղ ներկրել, իհարկե` վերհսկողությամբ: Դա բերելու է շուկայում մոնոպոլիաների վերցման, իրականում թեև մոնոպոլիաներ դեղերի ոլորտում չեն եղել` զուտ անձնավորված, կան խոշոր ներկրողներ`3-4, բայց ամեն մեկն իր խմբաքանակը ներկրում է, և հիմա ցանկացածը կարող է բերել»,- ասաց նախարարը:
Բացի այդ, ըստ նրա, խնդիր է նաև օնկոլոգիայի չգրանցված դեղերի հարցը: «Ի՞նչ ենք անելու, արտադրողները միշտ չէ, որ ցանկություն ունեն այդ դեղերը գրանցել մեր նման երկրի համար, որտեղ շրջանառությունը քիչ է: Հիմա մենք որոշել ենք գրանցել պետության հաշվին. իմանանք դեղը ոնց մտավ, ոնց վաճառվեց»,- ասաց Թորոսյանը:
Նա հայտնեց, որ մտադիր են նաև դեղերի ԱԱՀ-ն վերացնել, որը կհանգեցնի գների նվազման:
Նաիրա Զոհրաբյանն առաջարկ ուներ` այն գումարները, որ տրվում են թեկուզ օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար, մեծ մասը ախտորոշմանն ուղղվի:
Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ առողջության առաջնային պահպանման համար հենց դա էլ արվում է: Նախարարն ասաց, որ մամոգրաֆիայի սքրինինգային ծրագրեր կներդվեն, կսկսեն երեք մարզից և կշարունակեն նաև այլ մարզերում: Կակտիվացնեն արգանդի վզիկի ստուգման և ուռուցքների վաղ հայտնաբերման ու բուժմանն ուղղված ծրագրերը: