կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-20 22:19
Իրավական

Ցանկացած քաղաքացի կոռւպցիայի հետ կապված ցանկացած հարցով կարող է դիմել անձամբ ինձ. ՔԿԾ պետ

Ցանկացած քաղաքացի կոռւպցիայի հետ կապված ցանկացած հարցով կարող է դիմել  անձամբ ինձ. ՔԿԾ պետ

Հուլիսի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հիմնարկի անձնակազմի առջև հանդես գալով՝ ՀՀ ԱՆ ծառայության պետ Ա. Մխոյանը մասնավորապես, նշեց առաջնային այն խնդիրները, որոնց լուծումն ապահովելու գործում լուրջ անելիքներ ունեն քրեակատարողական ծառայողները:

«Շղթայական խնդիրների արդյունավետ լուծման առաջին քայլն անհատական մոտեցումն է: Յուրաքանչյուր ծառայող, անկախ իր կոչումից և պարտականություններից, պետք է արմատապես փոխի իր մտածելակերպը, արժեհամակարգը, բարոյահոգեբանական վիճակը և հատկապես աշխատաոճը: Սա քրեակատարողական հիմնարկների առջև դրված հիմնախնդիրներից է»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ծառայության պետն առանձնահատուկ շեշտեց կոռուպցիայի, արգելված իրերի և հանցավոր ենթամշակույթների դեմ ծավալվող պայքարը: Ա. Մխոյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ այս չարիքներն են բոլոր առկա դժվարությունների պատճառը, և միմիայն օրենքի դաշտում գործելով է հնարավոր վերացնել այդ երևույթները:

Այնուհետ ծառայության պետը շրջեց քննչական գործողությունների համար նախատեսված սենյակներում, բուժմասում, տեսակցությունների սենյակներում, խոհանոցում, խցերում, զրուցեց կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ:

Շրջայցի ընթացքում ծառայության պետը տվեց հասցեական հանձնարարականներ՝ ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել սննդի որակը և բազմազանությունը, հետևել աղբահանության, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման աշխատանքներին և այլն:

Հանդիպեց նաև այդ պահին կալանավորված անձանց ու դատապարտյալներին տեսակցության եկած հարազատների հետ, հետաքրքրվեց նրանց հուզող խնդիրներից, դժգոհություններից, նրանց առջև ծառացած դժվարություններից:

«Կոռուպցիայի ամենաչնչին դրսևորումները հակասում են այսօրվա պահանջներին, և ցանկացած քաղաքացի ցանկացած հարցով կարող է դիմել Քրեակատարողական ծառայություն և անձամբ ինձ»,-նշել է արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը: Ծառայության պետը քաղաքացիներին հորդորեց նաև զերծ մնալ որևէ հակաօրինական քայլերից, քանի որ կոռուպցիան ոչ միայն վերցնելն է, այլև առաջարկելը:

Ամփոփելով շրջայցը՝ ծառայության պետը հիմնարկի վարչակազմի ուշադրությունը հրավիրեց հանձնարարականների կատարմանը և պահանջեց խիստ հետևողական լինել վերհանված թերությունների վերացմանը: