կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-29 13:05
Քաղաքական

Մենք մեր կուսակիցներին Նոր տարվան և ցանկացած առիթով կբաժանենք ցանկացած բան. ՕԵԿ-ական պատգամավոր

Մենք մեր կուսակիցներին Նոր տարվան և ցանկացած առիթով կբաժանենք ցանկացած բան. ՕԵԿ-ական պատգամավոր

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի` ջենտլմենական փաստաթուղթ ստորագրելու առաջարկին, և կա՞, արդյոք, խմբակցության կամ անձնական տեսակետ այս կապակցությամբ, նա պատասխանեց. «Իմ անձնական կարծիքն այն է, որ ոչ թե պետք է ջենտլմենական փաստաթուղթ ստորագրել, ես դեմ չեմ այդ բարի մղմանը, ոչ թե տղամարդավարի պետք է փաստաթուղթ ստորագրենք ու տեր լինենք դրան, այլ քրեական օրենսգրքով պետք է խստացնենք»:

Ի դեպ, Մարգարյանը խոսեց նաև ընտրակաշառքների բաժանման մասին և հավաստիացրեց, որ իրենք կաշառք երբևէ չեն բաժանել:

«Ովքեր որ ընտրակաշառք են բաժանում, նրանք պիտի պատասխան տան: Ես սա ասում եմ` ձեր աչքերի մեջ նայելով: Մենք որևէ միջոց չենք ունեցել, որ բաժանենք: Գրոշներով չպետք է գնել պատիվ, արժանապատվություն և գրոշներով չպետք է վաճառել երեխաների ապագան»,- ասաց նա, ապա անդրադարձավ մուրաբաների բաժանման հայտնի պատմությանը. «Մենք մեր կուսակիցներին Նոր տարվան և ցանկացած առիթով կբաժանենք ցանկացած բան: Մենք մեր համակուսակիցներին ենք բաժանել, մեղավոր չենք, որ հարյուրհազարավոր կուսակիցներ ունենք: Դուք լավ գիտեք` ովքեր են ընտրակաշառք բաժանում, ինչ տեսքով, և ովքեր են դրա միջոցով ձայներ ստանում»: