Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Հոկտեմբերի 30-ին Արցախում տեղի ունեցավ աննախադեպ հանրահավաք, որին մասնակցեց տեղի բնակչության մոտ 30 տոկոսը։ Արցախցիները դուրս եկան փողոց իրենց ինքնորոշման իրավունքին տեր կանգնելու և ժողովրդական կամարտահայտությունը ներկայացնելու համար։ Ընդ որում, արցախցիների բազմամարդ հավաքը կոնկրետ ուղերձներ էր պարունակում։ Հիմնական ուղերձն ուղղված էր միջազգային հանրությանը, որ արցախահայությունը համաձայն չէ ապրել Ադրբեջանի կազմում։ Իսկ երկրորդ կարևոր ուղերձն ուղղված էր Հայաստանին ու ընդհանրապես ողջ հայությանը՝ սպասելով համապատասխան արձագանքի։ Սակայն, երբ Հայաստանի իշխանությունները Արցախից հրաժարվելու և այն Ադրբեջանի քմահաճույքին թողնելու քաղաքականություն են վարում, ապա մնում է միայն, որ ընդդիմությունը և ողջ հանրությունը արձագանքեն Արցախից եկող ազդակներին։
Ուստի, պատահական չէ, որ, ի աջակցություն Ստեփանակերտում տեղի ունեցած ակցիայի, հոկտեմբերի 5-ին «Դիմադրություն» շարժումը հանրահավաք հրավիրեց Ֆրանսիայի հրապարակում։ Այն անվանվեց միասնության հանրահավաք, քանի որ ի սկզբանե այն ոչ թե որևէ անձի, քաղաքական ուժի կամ ընդդիմության շուրջ էր, այլ Արցախի ինքնիշխանության։ Թերևս դրանով էր պայմանավորված, որ եկեղեցին առաջին անգամ պաշտոնապես իր մասնակցությունը բերեց հանրահավաքին, և Բագրատ Սրբազանը կաթողիկոսի օրհնությամբ մասնակցեց և ելույթ ունեցավ ակցիայի ընթացքում։ Իսկ մինչ այդ դրան հետևել էր Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը, որում բարձրաստիճան հոգևորականները կոչ արեցին Հայաստանի իշխանություններին վերացնել բաժանարար գծերը, հաղթահարել ատելության և թշնամանքի մթնոլորտը և ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ բովանդակային երկխոսություն նախաձեռնել։
Մյուս կողմից էլ՝ զորակցություն հայտնելով Արցախի ժողովրդին՝ Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծում էր, որ ինքնորոշման իրավունքն անսակարկելի է։ Իհարկե, խորհրդի հայտարարության մեջ որոշակի տպավորություն կար, որ եկեղեցու «ընդդիմադիրության» մեջ անհեթեթ մեղադրանքներից խուսափելու նպատակով որոշակիորեն առկա էր «ո՛չ նալին, ո՛չ մեխին» սկզբունքը, այնուամենայնիվ, թե՛ կոնկրետ արձագանքը, թե՛ եկեղեցու մասնակցությունը հավաքին կարևոր ազդակ էին հայության միասնականության և համազգային հիմնախնդիրների շուրջ համախմբվելու տեսանկյունից։ Պատահական չէ, որ Ստեփանակերտում ընթացող հանրահավաքին զուգահեռ Արցախի ԱԺ-ի հայտարարության տեքստում հատուկ հղում էր կատարվում ՀայաստանԱրցախ-Սփյուռք եռամիասնությանը։ Իսկ եկեղեցին, որն Արցախում, Հայաստանում և հատկապես Սփյուռքում հայությանը միավորող կարևոր համազգային կառույց է, այդ եռամիասնությունն ապահովելու գործում մեծ դերակատարություն կարող է ունենալ։ Այնինչ, Հայաստանի գործող իշխանությունների պատկերացմամբ, Արցախը դուրս է եկել այդ եռամիասնությունից։
Եվ դրանով է պայմանավորված, որ իշխանությունների նախաձեռնությամբ 4 օր տևած Համաշխարհային հայկական գագաթաժողովի ընթացքում, որին մասնակցում էր շուրջ 600 սփյուռքահայ աշխարհի 45 պետություններից, Արցախի թեմային միայն թռուցիկ անդրադարձ եղավ, նույնիսկ հարկ չհամարեցին կազմակերպել Երևան ժամանած սփյուռքահայերի այցելություն Արցախ։ Ըստ այդմ, շատ հասկանալի է, թե ինչու եկեղեցու ներկայացուցիչները՝ տվյալ դեպքում թե՛ Գարեգին Երկրորդը, թե՛ Արամ Առաջինը, չէին մասնակցում այդ գագաթաժողովին։ Վերադառնալով «Դիմադրություն» շարժման նոյեմբերի 5-ի հանրահավաքին՝ պետք է նշել, որ դրա գլխավոր թեման Արցախի մեր հայրենակիցներին աջակցություն հայտնելն ու հայությանը համախմբելն էր։
Դրա համար էլ ընդդիմադիր գործիչներն իրենց ելույթներում հավաստիացնում էին, որ սկսված պայքարը միայն ընդդիմության հարցը չէ, այլև ողջ հայ ժողովրդի խնդիրն է, քանի որ զոհասեղանին է դրված մեր պետականության հարցը։ Եվ միասնականությունն ընդգծելու հետ էր կապված նաև, որ այդ ակցիայի ընթացքում ընդդիմադիր գործիչների ու մյուս մասնակիցների շարքում ելույթներ եղան նաև սփյուռքահայության ներկայացուցիչների կողմից։ Ավելին, հավաքի ընթացքում նոր կապիտուլ յացիան կանխելու տեսանկյունից անգամ հատուկ շեշտադրում կատարվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման և համահայկական զորաշարժի իրականացման վրա։ Այդպիսով հանրահավաքի կազմակերպիչները ցույց տվեցին, որ Արցախում առկա տրամադրությունները և իրադարձությունները շատ արագ հնարավոր է (և պետք է) պրոյեկտվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում