Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարդուհի տատի վկայությունը
Կոստանդնուպոլիս
Կարեն Ջեմիլյանը ներկայացնում է Հայոց ցեղասպանության ականատես իր տատի վկայությունը՝ ներկայացնելով իրենց տոհմի կրած տառապանքները: Նա նշում է, որ ապրիլի վերջին օրերին թուրք զինվորները ներխուժել են հայաբնակ գյուղեր և բոլորին պարտադրել 24 ժամում լքել տներն ու ոտքով գնալ դեպի Սիրիայի անապատները` իրենց հետ վերցնելով միայն այն, ինչ կարող են կրել: Արդյունքում՝ գաղթի 10-րդ օրը 2500-ից մարդուց մնացել էր 1000-ը միայն. ոմանք մահացել էին սովից և հիվանդությունից, իսկ մեծ մասին թուրքերն էին կոտորել:
«Սա մի ամբողջ տոհմի պատմություն է, որը դարեր շարունակ ապրել է Կոստանդնուպոլիսից ոչ այնքան հեռու հայկական գյուղերով բնակեցված մի վայրում, որտեղ ծնվել է նաև մեծն Կոմիտասը: Տատս պատմում էր, որ ապրիլի վերջին օրերին թուրք զինվորները ներխուժել են հայաբնակ գյուղեր և բոլորին պարտադրել 24 ժամում լքել տներն ու ոտքով գնալ դեպի Սիրիայի անապատները` իրենց հետ վերցնելով միայն այն, ինչ կարող են կրել: Պատերազմի ժամանակ հայերից արդեն առգրավել էին ձիերն ու բոլոր անասունները: Կարելով իրենց կոճակների մեջ ունեցած ոսկի դրամները, վերցնելով գրքերը, գրկելով երեխաներին` կանայք ճանապարհ են ընկել դեպի անհայտ և դժբախտություններով լի հեռուները:
Ես հարցրեցի տատիկիս` իսկ ինչու գրքեր: Նա ասաց. «Բալես, գրքերն են, որ պիտի պահպանեն մեր ապագա սերունդերը»:
Տատիկս պատմում էր, որ գաղթի 10-րդ օրը 2500-ից մարդուց մնացել էր 1000-ը միայն. ոմանք մահացել էին սովից և հիվանդությունից, իսկ մեծ մասին թուրքերն էին կոտորել: Ամեն օր նրանք մեկական ոսկի էին շորթում մեկ տնից և եթե դա չկար, պարզապես մորթում էին անմեղ կանանց և երեխաներին: Այդ նույն ժամանակ մահանում է հայրիկիս տատիկը՝ Ազատուհին, որը գաղթում էր կրտսեր կույր տղայի հետ: Նրան հանձնում են հողին, սակայն գիշերը, երբ վայրի կենդանիները հայտնվում են մոր գերեզմանի մոտ, կույր տղան՝ 10 տարեկան Դավիթը, փայտերով քշում է նրանց և նոր գերեզման փորում մոր համար, չափազանց մեծ ճիգերով մի մեծ քար է քարշ տալիս և փակում է մոր դին: Ի դեպ, հայրիկիս այս հորեղբայրն այդ օրվանից կորում է քարավանից, բայց 3 ամիս անց Հալեպի շուկայում գտնում է իր ավագ քրոջը: Դավիթը սառը ջուր է վաճառում շուկայում, երգում հայերեն բոլորիս հայտնի երգերը, երբ քույրիկը, ճանաչելով ձայնը, վազում է նրա մոտ:
Պապիկիս ավագ եղբայր Համբարձումը միացել էր ֆիդայիններին. նրա պատմությունը շատ ավելի ողբերգական է: Դեռ մինչև գաղթը թուրքերը, իմանալով, որ նա միացել է ֆիդայական շարժմանը, սպանում են նրա մինուճար 5 տարեկան որդուն՝ Կարապետին և դա անում այնպես, որ նա սարերում թաքնված ականատես լինի: Նա մահացել է 90 տարեկանում Երևանում: Ասում են` Համբարձումը մինչև 30-ական թվականներ մնացել է Թուրքիայում և ավելի քան 1000 թուրք է ոչնչացել իր երկու զինակիցների հետ,այնուհետև անցել է Հունաստան և միացել կնոջը, որն այլևս երբեք նրան զավակ չի պարգևել:
Իսկ Էմիշյանների մեծ տոհմի մի քանի փրկված անդամններ հաստատվել են Սիրիայում, որտեղ, ցավոք, նրանց տառապանքները չեն ավարտվել: 1918 -ին, հավատալով սրիկա Աթաթուրքին, նրանք վերադառնում են իրենց տուն: 1921-ին սկսվում է թուրք-հունական պատերազմը՝ երկրորդ եղեռն, այս անգամ նրանց այլևս ոչ մի րոպե չեն տալիս՝ սպանելով բոլոր հայերին: Իմ նախնիներին հաջողվում է ոտքով, օր ու գիշեր տանջվելով հասնել Իզմիր: 1922-ի սեպտեմբերին թուրքերը կրակի են տալիս քրիստոնյաների տները, և այդ օրը կրակի մեջ մահացել է նաև իմ նորածին հորեղբայրը…»:
Աղբյուրը՝ armeniangenocide100