Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և ԼՂՀ-ից շուրջ 200 վարսավիրներ երեկ մասնակցեցին վարսահարդարման շոու-ցուցադրության, որը կազմակերպել էր Հայաստանում IDEA-S-ի պաշտոնական ներկայացուցիչ «Շվարցկոպֆ Պրոֆեսիոնալ»-ը:
«Շվարցկոպֆ»-ը Հայաստան էր հրավիրել Բարսելոնայում հայտնի վարսահարդար Ալեքսանդր Կիրիլյուկին, ով ներկաներին ավելի քան 10 նորաոճ ու ամենապահանված սանրվածքները ցուցադրեց, և հենց բեմին` շոու-ծրագրի ընթացքում, վարպետության դաս անցկացրեց վարսավիրների համար:
IDEA-S-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչների տնօրեններից Զավեն Տեր-Պետրոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին նման մասշտաբի միջոցառում առաջին անգամ է անցկացվում:
«Ալեքսանդր Կիրիլյուկին ենք Հայաստան բերել, քանի որ, նախ, նա շատ հայտնի և պրոֆեսիոնալ է, հետո` նրա ոճը կովկասյան է: Նա Բարսելոնայում ունի մեծ վարսավիրանոց և շատ հայտնի վարսավիր է: Նա միշտ աշխատում է «Շվարցկոպֆի» հարդարման միջոցներով և հենց «Շվարցկոպֆ»-ի միջոցով է հայտնի դարձել: Սա Կիրիլյուկի հետ արդեն երկրորդ համագործակցությունն է»,-ասաց Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ հույս ունի, որ տարին մեկ անգամ հայ վարսավիրներին նման հնարավորություն կընձեռեն:
Ըստ նրա` նման միջոցառման նպատակն այն է, որ հայ վարսավիրը տեղեկացված կլինեն համաշխարհային նորություններին և վարսահարդարման ոճերին:
Այսօր էլ «Շվարցկոպֆ»-ի գրասենյակում /Պուշկինի 40/ Կիրիլյուկը 5-10 վարսավիրների հետ կաշխատի` սովորեցնելով նոր կտրվածքներ: «Կիրիլյուկը շատ է ճամփորդում տարբեր երկրներում և մեծ փորձ ունի, կարելի է ասել` ձեռքը միշտ զարկերակի վրա է պահում»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Ինա Պետրոսյանն արդեն 9 տարի է, ինչ Ստեփանակերտի «Սոֆիա» վարսավիրանոցում վարսավիր է աշխատում, թեև մասնագիտությամբ դեղագործ է: «Նման միջոցառումները մեզ գիտելիքներ և փորձ են տալիս, որոնք կփորձենք կիրառել մեր աշխատանքում: Ամեն անգամ չէ, որ մեզ նման բախտ է վիճակվում, նման միջոցառումների պակաս շատ է զգացվում: Համբուրգում, Իսպանիայում և Հունաստանում էլ նման սեմինարի եմ մասնակցել, սակայն տեղում ուրիշ է»,- ասաց նա:
Տիկին Ինան նշեց նաև, որ Ստեփանակերտում սանրվածքների ժամանակակից ոճերին շատ են հետևում: «Մեր կանայք շատ են սիրում գեղեցիկ հագնվել և նորաոճ սանրվածքներ անել: Սանրվածքների մեջ սկսել են կիրառել գույների խառնուրդը և ամենից շատ նախընտրում են շիկահեր դառնալը: Մեզ մոտ տղաներն էլ են հաճախում վարսավիրանոց և այնպիսի կտրվածներն են անում, որոնք ոչ ստանդարտ են: Միակ բացը տղաների մոտ մազ ներկելու միտքը հաղթահարելն է»,- ասաց նա:
Ալեքսանդր Կիրիլյուկը նշեց, որ, չնայած այն փաստին, որ պետք է առաջնորդվել այցելուի ցանկությամբ, սակայն վարսահարդարը պարտավոր է տեղյակ լինել ժամանակակից վարսահարդարման բոլոր գաղտնիքներին: Նա նշեց նաև, որ նոր սանրվածքները հաճախ շատերի կողմից չեն ընդունվում, սակայն միշտ գտնվում են համարձակներ, որոնք ոճային փոփոխման են գնում` կամաց-կամաց հասարակության աչքին սովորեցնելով ժամանակակից սանրվածքները: «Հիշում եմ` մի անգամ մեր վարսավիրանոց եկավ 13-14 տարեկան դպրոցական տղա: Նա ուզեց, որ մազերը կտրենք և ներկենք, իսկ սանրվածքն այնքան էլ տղաների` կարճ սանրվածքի նման չէր: Հաջորդ օրը մեզ զանգահարեցին դպրոցից` տնօրենը, ուսուցիչները, ու ասացին, թե ինչու ենք դպրոցականի մազերը ներկել, սակայն մի փոքր զրուցելուց հետո սկսեցին հարցնել, թե որտեղ է գտնվում մեր վարսավիրանոցը և ինչ նորաոճ սանրվածք կարող ենք առաջարկել իրենց»,- ասաց Կիրիլյուկը:
Ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժ, որն առավել մանրամասն կպատմի Կիրիլյուկի արած սանրվածքների մասին: