|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ նման արդյունքի են հասել երկու ամսում: Փաշինյանի խոսքով՝ սա կարևոր ցուցանիշ է:
«Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակենք:Մամուլում հրապարակումներ կան, որ բյուջեում այս վերականգնված թիվը չի արտահայտվում, այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Հիմա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կներկայացնի, թե ինչու այս պահի դրությամբ սա բյուջեում չի արտահայտվում»,- ասաց վարչապետը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ, ըստ էության, օր օրի այդ գումարի չափը փոխվում է, և այս պահի դրությամբ՝ 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է այդ գումարը:
«Մենք կարող ենք այդ գումարը բաժանել 3 մասի՝ 800 միլիոնը մուտքագրվել է բյուջե, 12.7 մլրդ առաջադրվել է գանձման պետբյուջե, իսկ 7 մլրդ գումարն էլ նախնական հաշվարկներ են, որոնք դեռ փոփոխման են ենթակա»,- ասաց Անանյանը:
Փաշինյանն էլ հավելեց, որ, ստացվում է՝ չվճարված հարկն ընկերության ներկայացուցիչները մուտք են արել իրենց իսկ ընկերության հաշվին, որը կալանքի տակ է, այսինքն՝ գտնվում է ԱԱԾ-ի հսկողության ներքո: «Այդ գումարը չի կարող որևէ կերպ կորչել, և երբ ստուգումների արդյունքում ակտը կվերջանա, գումարը մասնավոր ընկերության հաշվից կտեղափոխվի պետբյուջե: 20 մլրդ դրամը որևէ տեղ չի կարող կորչել, ուղղակի ընթացակարգերի խնդիր է: Ի դեպ, այս թիվը չի վերաբերում յուրացումների, կոռուպցիոն գործերի հետ կապված գործերին»,- ասաց նա: