Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մաքսային արժեքի հայտարարագիրն այսուհետ կարելի է լրացնել նաև էլեկտրոնային եղանակով. Հայաստանը ԵԱՏՄ երկրներից առաջինն է, որ մշակել է փաստաթղթերի ներկայացման գործընթացը պարզեցնող համակարգ: 2015թ.-ի հունվարի 1-ից, կապված ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ, փոխվել է ներմուծվող ապրանքների հայտարարագրման ընթացքում մաքսային արժեքի հայտարարագրման կարգը: Երրորդ երկրներից ներմուծում կատարողն ապրանքների հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին է ներկայացնում մաքսային արժեքի հայտարարագիր, որում հիմնավորում է իր կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը: Դրա համար ԵԱՏՄ-ում միասնական ձևաթուղթ է սահմանված:
«ՊԵԿ-ը, առաջնորդվելով մաքսային մարմնի և ներկրողի միջև փաստաթղթային շփումը նվազագույնի հասցնելու սկզբունքով, որպես ռազմավարություն է ընդունել փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացումը: Մաքսային արժեքի հայտարարագիրը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում լրացվում է թղթային տարբերակով: Մենք առաջինն ենք անցնում էլեկտրոնային տարբերակի»,-նշում է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը:
Նոր կարգի շնորհիվ հայտարարատուն նախօրոք տեղեկացված է լինում մաքսային արժեքի հայտարարագրման գործընթացից, ներկայացվող պահանջներից և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից, ինչը թույլ է տալիս հայտարարագրման ընթացքում խուսափել մաքսային արժեքի վերաբերյալ լրացուցիչ հարցերից՝ արագացնելով հայտարարագրման ընթացքը: Հայտարարատուն հնարավորություն ունի նաև իր կողմից ներկայացված հայտարարագրում կատարելու ճշգրտումներ ինչպես ապրանքների բացթողումից առաջ, այնպես էլ դրանից հետո: Մաքսային մարմինը աշխատանքային մեկ օրվա ընթացքում պարտավոր է ընդունել հայտարարագիրը, ճշգրտում կատարել կամ համապատասխան հսկողություն նշանակել: «Հսկողություն նշանակելու դեպքում ապրանքը բաց է թողնվում, և ներմուծողը վճարում է մաքսատուրքն ու հարկերը՝ հաշվարկված իր կողմից ներկայացված մաքսային արժեքի համաձայն: Եթե 60 օրվա ընթացքում մաքսային մարմինն այլ արժեք է հիմնավորում, մաքսային արժեքի հայտարարագրում կատարվում է ճշգրտում, և գանձվում են այն հարկերը կամ տուրքերը, որոնք պետք է ներմուծողը վճարեր սահմանը հատելիս»,-ընդգծում է Գևորգ Սաղոյանը: Էլեկտրոնային համակարգն արդեն անցել է փորձարկման փուլը: Առաջիկայում նախատեսվում է դասընթաց կազմակերպել ներմուծողների և մաքսային միջնորդների համար՝ համակարգի գործառնման կարգին ծանոթացնելու նպատակով:
Նշենք, որ ԵԱՏՄ տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման, հսկողության և ճշգրտման կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 20.09.2010թ. թիվ 376 որոշմամբ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին