կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-28 14:03
Քաղաքական

Պուտինը և Քոչարյանը բարեկամական հարաբերություններ ունեն, Փաշինյանի հետ շփումը կառուցողական է. Պեսկով

Պուտինը և Քոչարյանը բարեկամական հարաբերություններ ունեն, Փաշինյանի հետ շփումը կառուցողական է. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին միավորում են բարեկամական հարաբերությունները, շփումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառուցողական է։ Այս մասին Բիշքեկում «Sputnik Արմենիա»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կարող եմ ասել ձեզ մի բան, իր անցած այցի ժամանակ Պուտինը հանդիպել է երկրորդ նախագահի տիկնոջ հետ։ Նրանք բարեկամական հարաբերություններ են պահպանում։ Դուք  գիտեք, ե՛ւ Պուտինին, ե՛ւ երկրորդ նախագահին միավորում են բարեկամական հարաբերությունները»,- ասել է նա։

Միեւնույն ժամանակ, Պեսկովը չի մեկնաբանել Քոչարյանի ձերբակալությունը։ Նա նշել է, որ իշխանափոխությունից հետո շատ ժամանակ է անցել եւ եղել է դադար հայ-ռուսական հարաբերություններում։

Ավելին, Պեսկովի խոսքով՝ Փաշինյանը հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահի հետ։

«Նրանք աշխատանքային կառուցողական հարաբերություններ են հաստատել։ Հարաբերությունները հիանալի զարգանում են, ինչպես եւ պետք է լինի մեր երկու երկրների միջեւ»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։

Փաշինյանի՝ 2020-ին Մոսկվա կատարելիք այցի առիթով Պեսկովն ասել է, որ այցն ուսումնասիրվում է, մոտավոր ժամկետներ չկան։ Բայց ավելացրել է, որ այցը կարող է շատ արագ համաձայնեցվել, այս առումով խնդիրներ չկան։