Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Մելիքգյուղում կայացավ դպրոցի բացման արարողությունը: Դպրոցը հիմնանորոգվել է արգենտինահայ բարերարներ Հրաչյա եւ Մերի Սուրենյանների ֆինանսավորմամբ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, բարերարներ տեր եւ տիկին Սուրենյանները` Սփյուռքից ժամանած իրենց հարազատների հետ, բազմաթիվ հյուրեր:
Դպրոցի բացման կապակցությամբ մելիքգյուղցիներին շնորհավորեց Գաբրիել Գյոզալյանը եւ ասաց, որ մարզում իրականացվող բազմաթիվ ծրագրերի մեջ առանձնակի տեղ ունի դպրոցաշինությունը: Դպրոցների ավելի քան 70 տոկոսում կառուցման կամ հիմնանորոգման աշխատանքներ են տարվել: Գործընթացը շարունակական է, եւ առաջիկայում ծրագրերի շրջանակն ավելի ընդգրկուն եւ ընդլայնված կդառնա:
- Անչափ ուրախ եմ, որ մելիքգյուղցիները հնարավորություն ունեն այս բարենորոգ շենքում լավագույնս իրականացնելու կրթության եւ դաստաիարակության ավանդույթները: Սակայն միայն շինությունը բավարար չէ: Վստահ եմ, որ դպրոցի մանկավարժները ամենայն սիրով եւ պատասխանատվությամբ կնվիրվեն իրենց գործին, որի պարագայում կարելի կլինի ունենալ լավագույն արդյունք,- ասաց մարզպետը եւ շնորհակալություն հայտնեց բարերարներին ու «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Ներկաները շրջայց կատարեցին դպրոցում, ականատես եղան, թե ինչպիսի մեծ աշխատանք է կատարվել երկրաշարժից ավերված եւ երկար տարիներ չվերանորոգված շինությունում: Դպրոցն այժմ ամբողջությամբ նորոգվել է եւ ունի լավագույն պայմաններ: «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ ամբողջովին նոր գույք է ձեռք բերել:
Արգենտինահայ բարերարներն առաջիկայում նախատեսում են Մելիքգյուղում այլ ծրագրեր իրականացնել:
Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին