կարևոր
78811 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-30 21:52
Մշակույթ

Գյումրու երիտասարդական պալատի դահլիճում բացվեց Սաղարթի «ՏԱՌԵՐԻ ՃԱԽՐԱՆՔ» ցուցահանդեսը

Գյումրու երիտասարդական պալատի դահլիճում բացվեց Սաղարթի «ՏԱՌԵՐԻ ՃԱԽՐԱՆՔ» ցուցահանդեսը

Օրերս Գյումրու երիտասարդական պալատի դահլիճում բացվեց Սաղարթի «ՏԱՌԵՐԻ ՃԱԽՐԱՆՔ» ցուցահանդեսը։

«Տառերի ճախրանք». այսպիսի վերտառություն ունի այն հրաշք ցուցահանդեսը, որը ներկայացվեց գեղանկարչուհի Սաղարթի կողմից։ Յուրաքանչյուր ազգ, երկիր ունի մեծ ճանաչում ոչ թե իր տարածքների մեծությամբ, այլ մշակույթով, մշակութային արժեքներով։ Առանց մշակույթի ազգը չի համարվի ազգ, եթե չունի թեկուզ փոքրիկ կտոր մշակույթից։ Բայց Հայաստան աշխարհը միշտ զարմացնում է, զարմացնում այնպիսի արվեստագետներով, ինչպիսին է տաղանդավոր, իր արվեստում նոր խոսք բերող նկարչուհի Սաղարթը։

Նրա արվեստը մետաքսի վրա բատիկ նկարչության արվեստն է։ Ոգեշնչումների հիմքը հայոց տառերն են, որոնք ներկայացնում են հայ ժողովրդի դարավոր գոյությունը, նրա հոգևոր ու նյութական կյանքը։ Հիրավի, այս աշխատանքների գունագեղումից, տառերի շուրջպարից, նրանց հևքից, անշուշտ կհիանար և կզմայլվեր Մեծն Մեսրոպ Մաշտոցը։

Սաղարթ՝ կին, մայր, նկարչուհի, հոգեթով մի անձնավորություն, որի նկարներում նրա համեստ ինքնությունն է, ուժեղ կամքը, տառերի հետ ամենօրյա զրույցները, նրանց լսելի ձայնը։ «Սուրհանդակ», «Ջրապտույտ», «Արարում», «Հավերժ խոյանք», «Հայացք» և այլ անուններ, որոնք գալիս են հաստատելու, որ մշակութային լավագույն գոհարներ նման են անգին մետաղների, զարդերի, որոնք երբևէ չեն հնանում, չեն պատվում ժամանակի փոշով, այլ՝ հղկվում են և փայլփլում, ինչպես Հայոց այբուբենը։ Ձեզ նոր մտահղացումներ և լույսեր Ձեր արվեստի ինքնատիպ արվեստում։

Հասմիկ Մարտիրոսյան