կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-07 12:01
Հասարակություն

Մելիքգյուղի ներկան եւ ապագան

Մելիքգյուղի ներկան եւ ապագան

Երբ ամեն անգամ հերթական այցս եմ կատարում Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնք (ի դեպ, երկու ամսում` 5 անգամ) եւ շրջում գյուղում, ինչպես նաեւ արեւելքով ձգվող Ծաղկունյաց լեռներում, նորանոր բացահայտումներ եմ անում, թե իրականում ինչ պոտենցիալ ունի Մելիքգյուղը, եւ դեռեւս 2005 թվականից ինչ ավերիչ գործունեությամբ է զբաղվել եւ ցանկանում է շարունակել «Գլոբալ-Գոլդ Մայնինգ» (ԳԳՄ) ընկերությունը (2012-ից էլ` ՋիՋիՍիԱր հայաստանյան ընկերություն)` իր «Մեգո Գոլդ» դուստր ձեռնարկության միջոցով:

 

Վերոհիշյալ գուղի եւ ընկերության մասին հասարակությունը տեղեկացավ վերջերս, երբ ԳԳՄ/ ՋիՋիՍիԱր հայաստանյան ընկերությունը հայտարարեց, որ ցանկանում է Թուխմանուկ ոսկու հանքավայրի մոտ կառուցել թվով 3-րդ պոչամբարը (9 բալ ուժգնությամբ սեյսմիկ գոտում՝ 7 հա տարածքի վրա): Դրան ի պատասխան, բնապահպանները բողոքի դուրս եկան` մելիքգյուղցիների աջակցությունը ստանալով, որոնք բարձրաձայնում են, որ արդեն 7 տարի է` իրենք խաբեության զոհ են դարձել:

 

ԳԳՄ/ ՋիՋիՍիԱր հայաստանյան ընկերության ղեկավարությունը եւ այդ ընկերության արբանյակ համարվող որոշ պետպաշտոնյաներ ու որոշ անձնավորություններ, ոտ ու ձեռ ընկած, փորձեցին անցած տարիների «ցեխից» մաքուր դուրս գալ: Կարծում եմ, որ չի ստացվի, քանի որ այս խնդրին ծանոթ է ոչ միայն հասարակությունը, այլ նաեւ խնդիրը դրված է ղեկավարության առջեւ, որպեսզի լուծում տրվի, եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

 

Երբ հերթական այցով եղա Մելիքգյուղում ինձ տեղեկացրին, որ բուռն հասարակական քննարկումներից, մամուլում տեղ գտած նյութերից հետո ընկերության որոշ պաշտոնյաներ գնացել են Մելիքգյուղ, հավաքել գյուղացիներին եւ իրենց հերթական փուչիկ խոստումները ներկայացրել, թե ամեն ինչ լավ է լինելու, ավելին` փորձել են մարդկանց համոզել  (խաբված մարդկանց, ովքեր ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել ընկրությունից), որ, ի պաշտպանություն իրենց, մեկնեն Երեւան եւ ինչ-որ ակցիայի ձեւով զորակցությունը հայտնեն ԳԳՄ/ ՋիՋիՍիԱր-ին:

 

Ուշագրավն այն է, որ ընկերության տնօրինությունն իր ձախողումների մեջ մեղավոր է համարում բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին: «Դե, Վարդան Այվազյանն է անում….»,- նման նախադասությամբ իմ եւ մելիքգյուղացներից մեկի միջեւ սկսվեց զրույցը: Սակայն արդեն երկար ժամանակ հետեւելով ԳԳՄ- Վարդան Այվազյան հակամարտությանը` ես միայն կարող եմ ասել, որ այդ առումով մինչ օրս Թուխմանուկի հանքավայրի անունը չի շոշափվել, իսկ թե ինչպե՞ս է լինում, որ այսօրվա խնդրին դարձյալ Այվազյանի անուն է կապվում, մեկնաբանություններ անելն ավելորդ եմ համարում: Միայն կարող եմ հիշեցման կարգով նշել, որ ԳԳՄ- Այվազյան հակամարտությունը սկսվել է դեռեւս 2006 թվականի հունիս ամսից` կապված է ԳԳՄ-ին Հանքավանի եւ Մարջանի հանքավայրերի լիցենզիայից զրկելու հետ:

 

Հետաքրքիր մի դրվագ նույնպես. պարզվեց, որ երբ ԳԳՄ/ ՋիՋիՍիԱր-ի ներկայացուցիչները վերջին անգամ լինում են գյուղում, եւ երբ գյուղացիները պահանջում են, որպեսզի ընկերությունը վճարի իրենց` ամիսներով չտրված աշխատավարձը, հնչվում է հետեւյալ պատասխանը. «Եթե էս բնապահպանական ակցիաները չանեին, Աշոտ Պողոսյանն էլ (ԳԳՄ-ի տնօրենը) չէր տանի ու պետական հարկերը չէր փակի ու էդ փողով ձեր աշխատավարձերը կտար»:

 

Ի դեպ, Մելիքգյուղը, որպես ազդակիր համայնք, ոչնչից չի օգտվել, երբ իր տարածքում շահագործվել է Թուխմանուկի ոսկու հանքավայրը, մինչդեռ հանքավայրը շահագործող ընկերությունը պարտավոր էր համայնքում իրականացնել ինչպես համայնքային, այնպես էլ սոցիալական եւ տնտեսական ծրագրեր:

 

Գյուղի բակերից մեկում (անձրեւ էր գալիս` կարկտախառն) զրույցի բռնվեցի 3-ամյա Մհերի հետ, ով մոտեցել ու փորձում էր հասկանալ` ով եմ: Հարցրեցի. «Բա մանկապարտեզ չե՞ս գնում Մհեր»: «Կա՞, որ գնամ, չկա մանկապարտեզ, որ լիներ կգնայի»,- տխուր աչքերն ինձ հառած` պատասխանեց Մհերը:

 

Այս անգամ EcoArmGlo-TV Ձեզ է ներկայացնում լուսանկարներով հավաքված տեսաշար:

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Մելիքգյուղ- Երեւան

Լուսանկարները՝ հեղինակի (այստեղ)