կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-24 15:56
Հասարակություն

Ե՞րբ կհալվի Մելիքգյուղի "սառցաբեկորը"

Ե՞րբ կհալվի Մելիքգյուղի "սառցաբեկորը"

 

Ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ընկերության` «Մեգո Գոլդ» դուստր ձեռնարկության եւ մելիքգյուղցիների հակամարտությունը տարիների պատմություն ունի:



Հանքատերն իր գործ է անում եւ ոսկի արդյունահանում, իսկ մելիքգյուղցիները լռակյաց տանում են այդ ամենը, այն դեպքում, երբ տարիներ շարունակ ոտնահարվել են նրանց իրավունքները:



Համայնքի բնակիչներից ոմանք աշխատանք են ունեցել հանքավայրում եւ, հանուն ամսական 60- 80 հազար դրամի ձայն չհանելով, փորձել են օրվա հացի խնդիր լուծել:



Այս օրերին, թեեւ գնալով թեժանում են Մելիքգյուղում հյուրընկալված «Գլոբալ Գոլդ» ընկերության  «գործերը»  եւ գարնան հալոցքի պես ջրի երես դուրս գալիս, մելիքցիները պատրաստվում են վար ու ցանք անել, բայց աշնանը նորից կհայտնվեն կոտրած տաշտակի առաջ, որը կոտրվել է ավելի քան 10 տարի առաջ ընկերության «ներդրումների»արդյունքում:

 

Մելիքգյուղ մեր այցելությունների եւ տարբեր հարցազրույցների արդյունքում պարզ դարձավ, որ ամերիկյան ընկերությունը ոչ թե ներդրում է արել, այլ  տիրացել է «Թուխմանուկ» ոսկու հանքավայրին, աշխատատեղեր ստեղծելու պատրվակով շահագործել է մարդկանց, արդյունքում՝ ոտնահարվել եւ ոտնահարվում են նրանց իրավունքները, իսկ ընկերության տնօրինությունը, աննախադեպ իր ցինիզմին հետամուտ լինելով, ազդակիր համայնքում ստեղծել է վախի մթնոլորտ:

 

Մեր հանդիպումների ընթացում մելիքցիներից շատերը առանց տեսախցիկի պատրաստ էին խոսել եւ իրենց բացահայտումներով պատռել ընկերության դիմակը:

 

Սակայն այս հարցում ոչ միայն մեկ կամ մի քանի լրատվամիջոցների, այլեւ պետության եւ համապատասխան ծառայությունների գործն է` անմիջապես միջոցներ ձեռնարկել եւ պարզաբանել ստեղծված իրավիճակը:

 

«Մեգո Գոլդ»-ի կողմից շահագործվող «Թուխ Մանուկ» ոսկու հանքավայրը եւ անմխիթար վիճակում գտնվող հողապատնեշով երկու պոչամբարը տեղավորված են թեքության վրա` 9 բալ սեյսմիկ ակտիվության գոտում:

 

Հիշեցնենք, որ նույնիսկ Սպիտակի ավերիչ երկրաշարժն իրեն զգացնել էր տվել այդ տարածքում, որտեղ համամիութենական շինարարական խմբերը մի առանձին թաղամաս են կառուցել այն ընտանիքների համար, որոնք 1988-ին իրենց տներ են կորցրել աղետի հետեւանքով:

 

Անթույլատրելի է կառուցել եւս մեկ պոչամբար նույն տարածքում, այն դեպքում, երբ նախորդ պոչամբարները կառուցվել են հողատարածքների վրա, որոնք ժամանակին եղել են մեր խոտհարքերը»,- ասում էին մելիքգյուղցիները:

 

Նշենք, որ մելիքգյուղցիները զբաղվում են հիմնականում պտղաբուծությամբ, բանջարաբոստանային եւ կերային, հացահատիկային կուլտուրաների մշակմամբ, դաշտավարությամբ, ինչպես նաեւ խոշոր եւ մանր եղջերավոր անասնապահությամբ ու թռչնաբուծությամբ:

 

Մասնագետների պնդմամբ` անգամ ցանկացած տեխնածին կամ քիմիական ազդեցություն անմիջականորեն բացասական ազդեցություն կունենա համայնքի գյուղատնտեսության եւ մարդու առողջության, բարեկեցության եւ սոցիալական պայմանների վրա, քանի որ համայնքի սոցիալական պայմանների ապահովման հիմնական երաշխիքը հենց գյուղատնտեսությունն է եւ այդ աշխատանքների կանոնավոր ապահովումը:

 

Փաստ է, եւ ոչ ոք չի կարող հերքել, որ ներկայումս գյուղում ընկել է հողի բերրիությունը, անմխիթար վիճակում են դաշտերն ու կերհանդակները, բանջարաբոստանային կուլտուրաները դեղնում եւ չորանում են անմիջապես:

 

«Հանքը, որ մի հատ պայթեցնում են, ոնց որ պատերազմի դաշտում լինենք, եւ արդյունքում ամբողջ փոշին մեր վրա է գալիս»,- ասում էին գյուղացիները եւ պնդում, որ հանքավայրի եւ պոչամբարից վեր բարձրացող փոշին քամիների միջոցով անընդհատ նստում է համայնքի հողերին, խառնվում խմելու, ոռոգման ջրերին եւ մթնոլորտին՝ սպառնալով իրենց առողջությանը:

 

«Մի հատ ման եկեք գյուղում եւ տեսեք, թե ինչ է կատարվում: Համարյա բոլորը միզուղիների խնդիր ունեն (միզաքարային հիվանդություն) եւ այդ ամբողջը կապվում է խմելու ջրի հետ»,- պնդում էին գյուղացիները:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Մելիքգյուղ- Երեւան

Մանրամասները՝ տեսանյութում