կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-19 18:28
Տարածաշրջան

Ախալցխայում հայկական դպրոցը բացվեց վերանորոգված և կահավորված տեսքով

Ախալցխայում հայկական դպրոցը բացվեց վերանորոգված և կահավորված տեսքով

Ախալցխայի հայկական դպրոցը այս տարի իր դռները բացեց աշակերտների համար վերանորոգված և կահավորված դասարաններով: Դպրոցի վերանորոգման և կահավորման հարցով զբաղվել էր գործարար և բարերար Արտյոմ Սուրմալյանը: Դպրոցի բացման արարողությանը և ուսումնական տարվա մեկնարկին ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ քաղաքապետի և մաժորիտար պատգամավորի գլխավորությամբ, ինչպես նաև հյուրեր Ախալցխայ շրջանից ու Հայաստանից: Գրում է  Javakhkmedia.com-ը։

Դպրոցի ուսումնական տարվա մեկնարկը մուտքի մոտ տրվեց պետական հիմնով, տեր հոր օրհնությամբ ու վրացական պարով, ինչից հետո հյուրերը հանդես եկան բազմաթիվ ելույթներով ու ողջույնի խոսքերով: Ընթացքում միջոցառումը շարունակվեց հայկական և վրացական պար-երգերով:

Դպրոցը վերանորոգած բարերար Արտյոմ Սուրմալյանը իր խոսքում շնորհավորեց աշակերտներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նշեց, որ հեռանալով Ախալցխայից ինքը մտքով մի պահ անգամ չի հեռացել այս դպրոցից, այստեղի հայությունից ու քաղաքից: Նա նաև ցավով նշեց, որ դպրոցի վերանորոգման ժամանակ ականատես չեղավ մարդկանց, ովքեր գային և ինքնակամ մասնակցեին իրենց դպրոցի վերանորոգմանը և վերանորոգումից հետո դպրոցի մաքրման աշխատանքներին:

Հարկ է նաև նշել, որ այս տարի հայկական դպրոց է հաճախելու 52 առաջին դասարանի աշակերտ: Նախորդ տարիների համեմատ աշակերտների թիվը նվազել է, ինչի արդյունքում 3-4 դասարանի փոխարեն այս տարի բացվելու է երկու դասարան: