Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 16-ին Հանրային խորհուրդն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներն արդեն ավանդական բնույթն են կրում խորհրդում: Նպատակը ոլորտ առ ոլորտ խնդիրները վերանայելն է և ոլորտի պատասխանատուների հետ դրանց լուծման ուղիները քննարկելը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտը Հանրային խորհրդի օրակարգի առանցքային խնդիրներից է:
Դեռևս նախկին նախարար Արմեն Աշոտյանի հետ ունեցած աշխատանքային հանդիպումների և խորհրդակցությունների ժամանակ խորհուրդը՝ ի դեմս ՀԽ կրթության և գիտության հանձնաժողովի, բազմաթիվ հարցեր է բարձրացրել՝ ակնկալելով դրանց լուծման ուղղությամբ հստակ քայլերի իրականացում: Նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում քննարկված ամենահրատապ հարցերից մեկը եղել է հանրակրթությունը՝ մասնավորապես ավագ դպրոցի հետ կապված մտահոգությունները, կրթական ծրագրերի բովանդակային կողմը և այլն:
Լևոն Մկրտչյանը նախ ինքն է խորհրդի անդամներին ներկայացրել իր մտահոգություններն ու առաջիկա անելիքները՝ անդրադառնալով ավագ դպրոցի կայացման, բարձրագույն կրթության՝ մասնավորապես մագիստրատուրայի, գիտական աստիճանաշնորհման և այլ խնդիրներին: Հանրային խորհրդի անդամ, ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի նախագահ, ներկայումս Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը նշել է, որ պետք է ձևավորել կրթության ընդհանուր գաղափարախոսություն, որը կկարգավորի ողջ կրթական դաշտը:
Նա անդրադարձել է 12-ամյա կրթական համակարգի արդյունավետությանը՝ մտահոգություն հայտնելով, որ այն խոչընդոտում է մրցակցությանը, քանի որ ավագ դպրոց պետք է գնան լավագույն աշակերտները: Արտուշ Ղուկասյանը ավագ դպրոցի կայացման գործում կարևորել է կրեդիտային համակարգի ներդրումը, որը նաև կկիրառվի բուհ ընդունվելիս, իսկ արդյունքում քննությունների ներկայիս ձևաչափը կբարեփոխվի: Խոսելով մագիստրատուրայի խնդիրների մասին՝ Ղուկասյանը նշել է, որ այն կայացած չէ, քանի որ հաշվի չի առնվում շուկայի պահանջարկը: Անդրադառնալով մարզերում կրթության վիճակին՝ նա լուրջ խնդիր է համարել բուհերում դիմորդների նվազ քանակը, իսկ դպրոցներում՝ աշակերտների թերծանրաբեռնվածությունը:
Իսկ հեռավոր գյուղերում առկա լուրջ խնդիրը ոչ միայն աշակերտների անբավարար քանակն է, այլև ուսուցիչների: Այս առումով նա կարևորել է երկպրոֆիլ դասավանդման համակարգի ներդրումը, երբ մեկ ուսուցիչը կարող է դասավանդել մեկից ավելի առարկաներ՝ նույն առարկայախմբից: Արտուշ Ղուկասյանը տարածքային համաչափ զարգացման կարևորագույն գործոն է համարել կրթական բաղադրիչի խորացումը մարզերում:
Ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայ-Ռուսական սլավոնական համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Էդուարդ Ղազարյանը 2 լուրջ մտահոգություն է ներկայացրել՝ կապված ինժեներական և մանկավարժական կադրերի պատրաստման հետ: Նա մտահոգիչ է համարել բուհերում ֆիզիկայի ցածր մակարդակը՝ այն դեպքում, երբ աշխարհն արդեն ընթանում է նանոտեխնոլոգիաների ճանապարհով: Էդուարդ Ղազարյանի խոսքով՝ պետք է վերանայվեն գիտատեխնիկական ոլորտի կրթական ծրագրերը, քանի որ դրանք չեն բավարարում աշխարհի այսօրվա միտումներին: Ինչ վերաբերում է մանկավարժական կադրերին, ապա Ղազարյանի համոզմամբ՝ տարրական դասարաններում ուսուցումը խնդրահարույց է, ինչը պայմանավորված է դասվարների ոչ բավարար մաթեմատիկական գիտելիքներով: Այս առումով նա անհրաժեշտ է համարել նրանց վերապատրաստումը: Ընդգծվել է առհասարակ կրթական համակարգում ֆիզիկամաթեմատիկական ուղղությունը զարգացնելու անհրաժեշտությունը: Խոսք է գնացել նաև դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի ուսուցման մակարդակի բարձրացման մասին, ինչին ներկայումս, ըստ խորհրդի անդամների, բավարար ուշադրություն չի դարձվում: ՀԽ անդամ Կարինե Դանիելյանն էլ բարձրացրել է էկոլոգիական կրթության ներդրման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև հարցեր՝ ուսուցիչների վերապատրաստման, դասավանդման պրոցեսում նորագույն տեխնոլոգիական մեթոդների կիրառման, սահմանային գյուղերի դիմորդների համար ճկուն զեղչային համակարգի ներդրման, կրկնուսույցների և այլ խնդիրների հետ կապված: Խորհրդի անդամները մի շարք առաջարկներ են ներկայացրել նախարարին՝ հույս հայտնելով, որ նախարարությունն իր հետագա գործունեության ընթացքում հաշվի կառնի դրանք: Նախարար Լևոն Մկրտչյանը, կարևորելով բարձրացված բոլոր հարցերն ու ներկայացված առաջարկները, խոստացել է դրանց առանձին-առանձին անդրադառնալ հետագա հանդիպումներում: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարին Հանրային խորհրդի հետ համագործակցելու պատրաստակամության համար, հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը կունենա պարբերական բնույթ և ոլորտում դրական տեղաշարժի հնարավորություն կստեղծի: