կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-05 17:18
Տարածաշրջան

Գերմանիայի պատվիրակությունը Թուրքիայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին

Գերմանիայի պատվիրակությունը Թուրքիայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին

Ինջիրլիք ռազմաբազա կատարած այցի շրջանակներում Թուրքիայում գտնվող Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) պատվիրակությունը և թուրք պաշտոնյաները անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝  Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի անդամներից կազմված պատվիրակությունը Ինջիրլիք մեկնելուց առաջ հյուրընկալվել է մեջլիսում, իսկ այնուհետև Գերմանիայի դեսպանատանը մամուլի ասուլիս է կազմակերպվել:

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ ասուլիսի ժամանակ Գերմանիայի խորհրդարանի Պաշտպանական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կարլ Լամերսը նշել է, որ մեջլիսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Դաշնային խորհրդարանի ընդունած Ցեղասպանության բանաձևը:

Լամերսը նշել է, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Քահրամանի և Դաշնային խորհրդարանի նախագահ Լամերտի միջև եղած մի նամակագրությունում ևս անդրադարձ  է կատարվել տվյալ խնդրին: Փոխնախագահը հույս է հայտնել, որ այդ նամակագրությունում տեղ գտած տեսակետներն այսուհետ հայկական բանաձևի հարցում դրական զարգացումների հիմք կհանդիսանան:

«Որպես խորհրդարան՝ Դաշնային խորհրդարանը, բնականաբար, իրավունք ունի որոշակի դիրքորոշում ունենալու 100 տարի առաջ տեղի ունեցած այդ դեպքերի վերաբերյալ: Մենք հավատում ենք, որ ապագային պետք է նայել՝ ելնելով հենց այդ որոշման սկզբունքներից և պետք է միջոցներ ձեռք առնել, որպեսզի այդ դեպքերը այլևս չկրկնվեն», - ասել է Լամերսը: Նա նաև հույս է հայտնել,  որ նշյալ սկզբունքով շարժվելու դեպքում հնարավոր կլինի կողմերի միջև դրական երկխոսություն ձևավորել:

Լամերսը նշել է նաև, որ մեջլիսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Թուրքիայի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Յուսուֆ Բայազըթը կարծիք է հայտնել, թե հայկական հարցը շահարկվում է տարբեր քաղաքական նպատակներով: Դրան ի պատասխան՝ գերմանացի պաշտոնյան հիշեցրել է, որ Դաշնային խորհրդարանը իրավունք ունի տվյալ հարցի վերաբերյալ որոշակի  քաղաքական մոտեցում դրսևորելու:

«Ոչ դաշնային խորհրդարանը, ոչ էլ կառավարությունը այս հարցում հակառակ կարծիք չեն արտահայտել: Թուրքիան, ինչպես նախկինում, շարունակում է պնդել, որպեսզի խնդիրն ուսումնասիրվի պատմաբանների կողմից: Իսկ մենք նշեցինք, որ այս հարցում խորհրդարանները ևս խոսքի իրավունք ունեն», - ասել է Լամերսը: