կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-17 21:00
Քաղաքական

Վանաձորի փողոցների զգալի մասը երթևեկության համար պիտանի չէ. Վանաձորի ավագանու ՀՅԴ-ական թեկնածու

Վանաձորի փողոցների զգալի մասը երթևեկության համար պիտանի չէ. Վանաձորի  ավագանու ՀՅԴ-ական թեկնածու

Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` զրուցել ենք ՀՅԴ ցուցակով ավագանու թեկնածու Տիգրան Թադևոսյանի հետ: Yerkir.am-ի հետ զրույցում Տիգրանը նշեց, որ ինչպես մյուս քաղաքներում, Վանաձորում էլ խնդիրները հիմնականում նույնն են:

«Խնդիրները հիմնականում նույնն են` ընդհանուր համայնքային կառավարում, կանաչապատում, լուսավորություն, աղբահանություն, նույն քաղաքային խնդիրներն են: Մենք կոնկրետ մեր ծրագիրն արդեն մշակել ենք և մեր լուծումներն ու մոտեցումներն առաջարկել  ընտրողին»,- ասաց նա` հավելելով, որ իրենք կոնկրետ մասնավոր մի խնդիր չեն վերցել ու կենտրոնացել դրա վրա, բնակիչներին հուզող բոլոր հարցերին անդրադարձել են,  խնդիրների լուծման ձևերը  մշակել են:

Մեր զրուցակիցը նշեց, որ այսօր համայնքի հաշվեկշռում կան արտադրական կամ գրասենյակային տարածքներ, որոնք կա\'մ զբաղեցված չեն, կա\'մ դրանց հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում: Այդ տարածքները պետք է վերածվեն արդյունաբերական գոտիների՝ խրախուսելով Վանաձոր քաղաքում  ձեռներեցության զարգացումը:

«Քաղաքում գործող կամ գործունեություն ծավալել ցանկացող արդյունաբերական ձեռնարկություններին համայնքին պատկանող հողատարածքները կտրվեն խիստ սուբսիդավորված` սիմվոլիկ վարձավճարներով: Դրանով քաղաքն իր ներդրումը կունենա Վանաձորի` երբեմնի հզոր արդյունաբերության վերականգնման, քաղաքի բարեկեցության աճի և զբաղվածության մակարդակի բարձրացման գործում»,- ասաց Տիգրանը: 

Ըստ նրա` իրենց գլխավոր խնդիրներից է զբոսաշրջությունը զարգացնելը, որի հետ անմիջական կապ ունի ճանապարհների վիճակների բարելավումը: «Այսօր Վանաձորի փողոցների զգալի մասը երթևեկության համար պիտանի չէ, ինչն առաջացնում է թե՛ հետիոտների, թե\' վարորդների արդարացի զայրույթը: Քաղաք մտնող ճանապարհները, որոնցով Վանաձորի հյուրերն առաջին տպավորությունն են ստանում քաղաքի մասին, նույնպես անմխիթար վիճակում են: Փողոցների վերանորոգումը չպետք է սահմանափակվի միայն ասֆալտապատմամբ: Ասֆալտապատմանը զուգընթաց` լուծելու ենք փողոցների լուսավորության, դրենաժային համակարգի կառուցման, փողոցների հորիզոնական գծանշման և ցուցանակների տեղադրման խնդիրները»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ իրենք փողոցների բարեկարգումը ներառել են քաղաքի զարգացման ծրագրում:  

Վերջում Տիգրանը նշեց, որ իրենք քարոզարշավի շեշտը դրել են բակային հանդիպումների, բնակիչների հետ կենդանի շփման վրա և կոչ կանեն, որ ընտրեն հենց իրենց, քանի որ Դաշնակցությունը երբեք չի առաջնորդվել նեղանձնական կամ նեղկուսակցական շահերով: «Դաշնակցությունն այն կուսակցությունը չէ, որ ընտրությունից ընտրություն թոզ փչի ընտրողների աչքին, նաև կոնկրետ խնդիրների համար ստեղծված կուսակցություն էլ չի: Դաշնակցությունը ավանդական պատմություն, կենսագրություն ունեցող կուսակցություն է և երբեք նեղանձնական կամ նեղկուսակցական խնդիրներ չի լուծել»,- նշեց երիտասարդը: