կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-08 16:35
Քաղաքական

ՀՅԴ Վանաձորի կոմիտեի հայտարարությունը Վանաձորի ավագանու հետընտրական իրավիճակի վերաբերյալ

ՀՅԴ Վանաձորի կոմիտեի հայտարարությունը Վանաձորի ավագանու հետընտրական իրավիճակի վերաբերյալ

Հարգելի վանաձորցինե´ր,

2016թ. հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրության արդյունքում Վանաձորում ձևավորվեց ավագանի, չնայած ընտրական գործընթացն իր ծրագրային, բանավեճային մեթոդներով և գործիքներով առանձնապես աչքի չընկավ: Մինչդեռ այդ հնարավորությունը կար, քանզի առաջին անգամ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններն ընդամենը պետք է հարազատ քաղաքի հիմնախնդիրների լուծման նպատակով առողջ բանավիճեին, համատեղ լուծումներ գտնեին և անցնեին դրանց իրագործմանը: Ցավոք, դա տեղի չունեցավ. ավելին՝ համայնքի կառավարման ճգնաժամը շարունակվում է արդեն 2 ամիս: Սա խոսում է այն մասին, որ համամասնական ընտրական ձևաչափը դեռևս քննություն ունի հանձնելու առնվազն ՏԻՄ մակարդակում: Հասկանալի է, որ Վանաձորում դեռևս վաղ է խոսել կուսակցական (թիմային) ինստիտուտի կայացման մասին. դրա համար տարիներ են անհրաժեշտ, նույնիսկ երկրի մակարդակով է համակարգը չձևավորված: Ավելորդ անգամ համոզվեցինք, որ կուսակցությունները հանուն իրենց նեղ կուսակցական հավակնությունների, մեղմ ասած, կարող են զոհաբերել համայնքի, տվյալ դեպքում հանրապետության 3-րդ քաղաքի շահերը:
ՀՅ Դաշնակցության Վանաձորի քաղաքային կոմիտեն կոչ է անում ավագանու կազմում ներգրավված բոլոր կուսակցություններին՝ կշեռքի նժարին դնել Վանաձորի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման շահերը և սեփական կուսակցական նեղ շահերը` Երևանյան պրիզմայով անդրադարձված՝ որոշելու համար դրանցից հանրորեն օգտակարն ու առավել հրատապը: Բոլորս ապրում ենք Վանաձորում, և այս պարագայում անտարբերությունը և քայլեր չձեռնարկելը հավասարազոր է թշնամության, մանավանդ երբ հաշվի ենք առնում նաև երկրի առջև կանգնած արտաքին և ներքին մարտահրավերները: Վանաձորը պետք է օր առաջ կերպարանափոխվի:

ՀՅԴ Վանաձորի կոմիտեն, այսպիսով, համոզված է, որ նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներն առավելապես արհեստական զարգացումների հետևանք էին, և հետևություններ պետք է անեն բոլորը՝ և՛ ՀՀԿ-ն, և՛ ԼՀ – ՀՎԿ - ԲՀԿ` Երևանում ձեռք բերված փխրուն հուշագրի արդյունքում այդպես էլ չձևավորված դաշինքը:

Ի վերջո, տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության նպատակով սեփական պատասխանատվությամբ գործող համայնքային նշանակության հարցերը լուծելու իրավունք ու կարողություն է և պետք է հնարավորինս խուսափել համայնքային խնդիրների լուծման մեջ երևանյան- միջամտություններից:

Բացի այդ, ըստ ՀՀ ՏԻՄ օրենքի, ավագանու մեծամասնությունն է իր բաց քվեարկությամբ հաստատում քաղաքի զարգացման ծրագիրը, համայնքային բյուջեն, իսկ քաղաքապետը հետևում է այդ որոշումների կատարմանը: Ուստի և ճիշտ կլինի օգտվել համագործակցության հուշագրի արդյունքում Ձեր ձեռք բերած 18 մանդատ ունենալու առավելությունից և կյանքի կոչել քաղաքը զարգացնող Ձեր ծրագիրը, նրան համապատասխանող Ձեր բյուջեն և հետևել դրա իրականացմանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Վանաձորի քաղաքային կոմիտեն, վեր կանգնելով բոլոր անձնախնդիր հարթակներից, մտահոգ հարազատ քաղաքի կառավարման հարցով, առաջարկում է հետևյալ քայլերը.
1. Հրավիրել ավագանու ոչ պաշտոնական նիստ (ցանկալի է՝ առանց ԶԼՄ-ների ներկայացուցիչների), խոսել իրավիճակի մասին փակ դռների ետևում, գտնել լուծումներ և հանդես գալ հայտարարությամբ: Որպես ընդունվելիք որոշման նախագիծ կարող է լինել ավագանու պաշտոնական նիստի հրավիրումը՝ կողմերի փոխադարձ պարտավորություններով, խաղի կանոնների հստակեցմամբ:
Վստահ ենք, որ վանաձորցին կհասկանա և կընդունի ցանկացած առողջ որոշում, եթե այն հանունի ոգով է և ոչ թե ընդդեմի:
Ընդունված հայտարարության մեջ կարող են լինել նաև բանակցությունների արդյունքում ձեռք բերված այլ պայմանավորվածություններ:
ՀՅԴ ավագանու խմբակցությունը կողմ կքվեարկի բոլոր այն նախագծերին, որոնք կնպաստեն Վանաձորի զարգացմանը՝ անկախ այն բանից, թե ո՛ր կուսակցության ներկայացուցիչներն են դրանց հեղինակները: ՀՅԴ խմբակցությունը հանդես կգա նաև իր կոնկրետ առաջարկներով:
2. Ավագանին պետք է հենվի ամբողջ Վանաձորում, ինչպես նաև Վանաձորից դուրս գտնվող վանաձորցիների` ակտիվ, երիտասարդ, հեղինակավոր, հայտնի, հնաբնակ մասնագետների/մարդկանց վրա: Պետք է մոռանալ նախընտրական, ընտրական և հետընտրական բոլոր բացասական զարգացումները և համայնքային կառավարման նոր մշակույթի սկիզբ դնել. համենայն դեպս՝ վանաձորցին դա է ակնկալում բոլորից:
3. Առաջիկայում պետք է հայտարարել մի քանի մրցույթներ` ակնկալելով քաղաքի զարգացման համար լավագույն և ինքնատիպ լուծումներ և դրանց ֆինանսավորման աղբյուրներ: Այս առումով պետք է օգտագործել բոլոր հնարավոր լծակները՝ կառավարություն, սփյուռք (պետք է ստեղծել սփյուռքում ապրող վանաձորցիների տվյալների շտեմարան և նրանց ներգրավել քաղաքի կառավարման գործընթացներում՝ ստեղծելով նպաստավոր բիզնես պայմաններ):

ՀՅԴ Վանաձորի քաղաքային կոմիտեն պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ` այս համատեքստում, և հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին ՀՅԴ Վանաձորի գրասենյակ:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Վանաձորի քաղաքային կոմիտե