Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վանաձորի ավագանու ՀՅԴ-ական թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նախընտրական ծրագրի հիմնադրույթներից մեկը աջակցությունն է մասնակցային ժողովրդավարության կայացմանը և այդ համատեքստում կանանց ներգրավվածության խթանմանը համայնքի հասարակական-քաղաքական գործընթացներում:
«20 տարուց ավելի է` անդամն եմ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի, մի կազմակերպության, որն արդեն երկար տարիներ զբաղվում է ՏԻՄ-երում կանանց ընդգրկվածության հիմնախնդիրներով, և այդ փորձը ցույց է տալիս, որ մենք ունենք կանանց հզոր ներուժ, իսկ անտեսելով այն` արհեստականորեն անտեսում ենք բնակչության ավելի քան 50 տոկոսի, բարձրագույն կրթություն ունեցողների` ավելի քան 60 տոկոսի մտավոր և կազմակերպական ռեսուրսը, ինչը, մեղմ ասած, մեծ շռայլություն է մեր երկրի և համայնքի համար, առավել ևս` այսօրվա արտագաղթի պայմաններում»,- ասաց Կյուրեղյանը:
Նա համոզված է, որ անհրաժեշտ գիտելիքներ ու փորձառություն ունեցող կանանց մասնակցությունը ՏԻՄ գործընթացներին կնպաստի համայնքի զարգացմանը, համայնքի կառավարման մակարդակում ավելի հավասարակշռված որոշումների կայացմանը` բնակչության բոլոր խմբերի շահերի հաշվառմամբ: «Վանաձորը միշտ եղել է սոցիալապես և քաղաքականապես ակտիվ քաղաք՝ ակտիվ քաղաքացիական հասարակությամբ: Թե\' կանանց և թե\' տղամարդկանց այդ պոտենցիալը կօգտագործվի քաղաքի կառավարման որակը և վանաձորցիների բարեկեցությունը բարձրացնելու համար: Կստեղծվի քաղաքապետին կից Հասարակական խորհուրդ, որում կընդգրկվեն քաղհասարակության ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների առաջատար և ճանաչված փորձագետներ: Հասարակական խորհուրդը կնպաստի համայնքի մասնակցային կառավարման կայացմանը, կհանդիսանա բաց, անկաշկանդ ու շահագրգիռ քննարկումների հարթակ»,- նշեց նա:
Վերջում, խոսելով քարոզարշավի մասին, մեր զրուցակիցը նշեց, որ այն ընթանում է բնականոն հունով, որ ՀՅԴ-ն Վանաձորում ներկայացված է մրցունակ թիմով, որ թիմում ներգրավված են վանաձորցիների հարգանքը վայելող, իրենց գործունեության ոլորտում կայացած, ճանաչված մարդիկ, ովքեր խոստումներ չեն շռայլում, լուծումներ են առաջարկում, ովքեր լավ գիտեն Վանաձորի և վանաձորցիների խնդիրները, գիտեն ինչպես լուծել դրանք։ «Ունենք թիմ, անհրաժեշտ մտավոր ռեսուրսներ, քաղաքական հենարան` ի դեմս մեր հզոր կուսակցության, ունենք կամք` անելու ավելին, անելու ավելի լավ, քան արվում է։ Մենք հաղթելու ենք»,-վստահեցրեց Կյուրեղյանը: