Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված է նաեւ «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի նախագահ, սամբոյի աշխարհի հնգակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող, ԽՍՀՄ եռակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը:
Ղազարյանը նաեւ սամբոյի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչն է: Ակումբում, որ ստեղծել է 1999 թվականին, մարզվում են սամբո և ձյուդո մարզաձևերը նախընտրողները: Այստեղ աշխատողները Հայաստանի, մեկը` անգամ Սովետական միության վաստակավոր մարզիչներ են: Այսօր ակումբում մարզվում է մոտ 150 մարզիկ, մեծ մասը` պատանիներ:
Ղազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ցավով նշեց, որ բանակից հետո հիմնականում այլևս չեն մարզվում: Ըստ նրա` ակումբում այժմ մարզվում են գործող մարզիկներ, ովքեր բարձր արդյունքներ են գրանցել միջազգային ասպարեզում: «Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերում Դավիթ Ղազարյանը նվաճել է բրոնզե մեդալ` ձյուդո մարզաձևից: Արսեն Ղազարյանը Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն է: Սամբո մարզաձևից` Լաերտ Ավագյանը աշխարհի փոխչեմպիոն է, Տիգրան Կիրակոսյանը` մեծահասակների կրկնակի փոխչեմպիոն»,- պատմեց մարզիչը:
Խոսելով ակումբի ֆինանսավորման և մարզական գույքի մասին` Ղազարյանը նշեց, որ փոքր աջակցություն է ցուցաբերվում ՀԱՕԿ-ի կողմից, մյուս աշխատանքներն իրենք իրենց ուժերով են կատարում:
Անդրադառնալով ավագանու ընտրություններին մասնակցելու դրդապատճառներին` նա հիշեցրեց, որ ավագանու անդամ դառնալու փորձ ունի. 1999-2003 թվականներին է եղել: 2008 թվականին Վանաձոր քաղաքի քաղաքապետի ընտրություններում անգամ թեկնածություն է առաջադրել: «Յուրաքանչյուր քաղաքացի ցավում է իր քաղաքի համար և ցանկանում այն տեսնել լավ վիճակում: Ասում են՝ սպորտը պայքար է , բայց սա էլ պայքարելու միջոց է` հանուն մեր քաղաքի, հանուն մեր ազգաբնակչության: Մեր ուժը, մեր էներգիան ենք ուզում ներդնել քաղաքի զարգացման գործում: Ուզում ենք, որ մեր քաղաքացիները մեր քաղաքում ավելի լավ ապրեն»,- նշեց Ղազարյանը:
Հարցին, թե ի՞նչն է ստիպել վաստակավոր մարզչին միանալ հենց ՀՅԴ-ի թիմին, պատասխանեց, որ դեռ խորհրդային տարիներից եղել է տարբեր պետություններում, եւ դաշնակցականները միշտ տարբերվել են: «Հայրենասեր մարդիկ են: Իմ կյանքի ընթացքում տարբեր երկրներում շատ եմ հանդիպել դաշնակցականների, նրանք միշտ պատրաստ են եղել օգնել, աջակցել, լինել հայ մարդու կողքին: Էնպես չի, որ նոր եմ ճանաչում Դաշնակցությանը: ՀՅԴ-ն հավատ է ներշնչել: Այո, ես հավատում եմ դաշնակցականներին, նրանք ազգասեր են, նրանք միշտ կծառայեն ազգին»,- հայտարարեց վաստակաշատ մարզիչը եւ վստահեցրեց` հանգիստ է, կարեւորը սաներն ու նրանց ծնողները աջակցում են իրեն, ողջունել են ավագանի ընտրվելու համար պայքարելու՝ իր որոշումը:
Ղազարյանը նաեւ վստահ է՝ կհաղթեն. «Մրցանակակիր, միանշանակ, կլինենք, այդպիսի սպորտսմեն չկա, որ դուրս գա պայքարի՝ մտածելով, թե ուր որ է պարտվելու է, հաղթելու ենք»: