Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորի ավագանու ՀՅԴ ցուցակի անդամ Արամ Սարգսյանը թեև 23 տարեկան է, բայց արդեն հարազատ քաղաքի խնդիրների լուծման իր պատկերացումներն ու մոտեցումներն ունի: Երիտասարդի կարծիքով` տարիքը էական նշանակություն չունի մարդու մտածելակերպի համար ու խնդիրները տեսնելու, ընկալելու, դրանց լուծումները պատկերացնելու գործում: «Կան 20 տարեկան գիտնականներ, և կան 40 տարեկան հիմարներ»,- Yerkir.am-ի հետ զրույցում սրամտեց Արամը:
Լինելով անկուսակցական՝ նա որոշում է կայացրել ընդգրկվել հենց ՀՅԴ ցուցակում, ինչը բացատրում է հետևյալ կերպ. «Մեր քաղաքի հետ կապված` ՀՅԴ նպատակներն ավելի ռեալ եմ համարում, ներկայացված ծրագիրն էլ իրատեսական է, Դաշնակցության գաղափարախոսությունն էլ եմ հավանում: Հիմա Դաշնակցություն կուսակցությունը շատ է քննարկվում, բայց ես անձամբ առողջ մտածող մարդ եմ և գտնում եմ, որ Դաշնակցությունը քննարկման ենթակա չէ: Հնարավոր է, որ կուսակցության անդամներից որևէ մեկը չընդունվի ժողովրդի կողմից, դա ուրիշ հարց է եւ շատ սուբյեկտիվ մոտեցում է, բայց պետք է կուսակցությանը դիտել մեկ ամբողջության մեջ»,- ասաց նա` հավելելով, որ անկուսակցական է, բայց ներկայացնում է փաստերն այնպես, ինչպես իրականում կան:
Խոսելով այն մասին, որ քաղաքի բյուջեն չի բավականացնում Վանաձորի խնդիրները լուծելու համար, մեր զրուցակիցը նշեց, որ ոչ թե բյուջեն է քիչ, այլ քաղաքը քիչ է մասնակցում միջազգային տենդերներին կամ ընդհանրապես չի մասնակցում: «Եթե մեր քաղաքը մասնակցի միջազգային տենդերներին, ինչպես մնացած քաղաքները, ապա Վանաձորի ներկայիս վիճակը զգալիորեն կբարելավվի»,-վստահեցրեց նա:
Արամի կարծիքով` դա մեծագույն սխալ ու բացթողում է քաղաքային իշխանությունների կողմից, և եթե այդ հարցը լուծվի՝ Վանաձորը չի զիջի ՀՀ մնացած քաղաքներին: Չնայած սրան` նա դժվարացավ ասել, թե ինչո՞ւ չի արվում այդ քայլը, բայցև նշեց, որ պարտադիր պետք է արվի:
Երիտասարդը նշեց, որ եթե սկսի թվել քաղաքի խնդիրները, մի քանի ժամը չի բավականացնի: Բայց մի քանի առաջնահերթ խնդիրներ նշեց: «Մեր քաղաքը շատ բարեփոխումների կարիք ունի, օրինակ` զբոսաշրջության ոլորտը մեզ մոտ շատ թույլ է, պետք է զարգացվի անպայման»,- ասաց նա և անմիջապես նշեց, որ զբոսաշրջությանը զարկ տալու համար նախ պետք է ունենալ բարվոք ճանապարհներ, հետո մտածել հետաքրքիր հուշարձանների և այլ լուծումների մասին:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Վանաձորն արդյունաբերական քաղաք է եղել, սակայն հիմա դա էլ չկա: «Այս բոլոր խնդիրները գումարվում են իրար և առաջացնում ամենամեծ խնդիրը` երիտասարդությունը հեռանում է Վանաձորից: Եթե այս խնդիրները լուծվեն, բնականաբար, մեր երիտասարդությունը չի լքի հարազատ քաղաքը, Երևան սովորելու մեկնող երիտասարդը կվերադառնա Վանաձոր, այսինքն` ուրբանիզացման մակարդակը շատ չի բարձրանա դեպի Երևան»,- ասաց նա:
Արամը վերջում նշեց, որ իրենք ուզում են Վանաձորի վիճակը բարելավել համակարգված թիմային աշխատանքով և վանաձորցուն համոզելու կարիք չունեն: «Համոզում են նրանք, ովքեր միայն խոսում են, ովքեր գործ չեն անելու, մենք վստահ ենք, որ մենք գործ ենք անելու, մենք մեր քաղաքի բնակիչներին ներկայացնում ենք մեր ծրագիրը, որը կյանքի ենք կոչելու անմիջապես»,- ասաց նա և վանաձորցիներին կոչ արեց կատարել ճիշտ ընտրություն: