կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-16 16:00
Քաղաքական

Վարչապետը դեղատոմսն ունի. ՀՀԿ-ական

Վարչապետը դեղատոմսն ունի. ՀՀԿ-ական

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասել էր, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից: Լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հարցրեցին` ՀՀԿ-ն թույլ կտա՞, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնա:

«Պրովոկացիոն հարցեր մի\' տվեք: Գագիկ Ծառուկյանն ինքնուրույն մարդ է: Չեմ կարծում, որ քաղաքականություն մտնելու համար որևէ մեկի թույլտվությունը պետք է հարցնի»,- արձագանքեց նա:

Հարցին, թե ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին այլևս չարիք չի՞ համարում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Չարիք է, թե` ոչ, խնդրում եմ գնահատականներ մի\' հնչեցրեք: Եթե մի մարդ քաղաքականությամբ չի զբաղվում, ես չեմ տա իմ գնահատականները»:

Իսկ թե ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ երկրի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, իսկ ՊԵԿ-ն էլ չի իրականացնում իր գործառույթները, ինչպես նշել էր նոր վարչապետը, նա նախ կարծիք հայտնեց, որ տնտեսության ծանր վիճակը պետք է դիտել համեմատության դաշտում, և եթե համեմատենք 90-ական թվականների հետ, ապա կա շարժ և առաջընթաց:

«Եվ եթե վարչապետը գնահատում է այն ծանր ու, դա գիտակցելով, եկել է վարչապետ, ուրեմն դրա դեղատոմսն ունի, որին էլ բոլորս աջակից կլինենք: Իսկ ՊԵԿ-ի հետ կապված` մի քիչ պետք է համբերենք, որովհետև ՊԵԿ նախագահը նույնպես նորանշանակ է, պետք է համբերել, և նորանշանակ վարչապետը կանի հետևություններ»,- ասաց Բաղդասարյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի այն հայտարարության մասին, որ վարչապետը չի կարող իրական փոփոխություններ կատարել, եթե չունի նախագահի որոշումների 50 տոկոսի վրա վետո դնելու իրավունք, նա ասաց, որ չի կարծում, թե նման անհրաժեշտություն կա, որովհետև 50 տոկոսի վրա վետո դնելը հակասություններ կառաջացնի նախագահի ու վարչապետի միջև: