Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով հարցին, թե, ՀՅԴ-ի կարծիքով, ՀՀԿ անդամ չհանդիսացող նոր վարչապետն ի՞նչ ծրագրով է աշխատելու` Սերժ Սարգսյանի նախընտրակա՞ն, ՀՀԿ-ի նախընտրակա՞ն, թե՞ իր սեփական ծրագրով, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը դատարկ տեղ չի եկել և չի կարող անտեսել եղած ծրագրերը: Կա կոալիցիոն հուշագիր, որն անդրադառնում է ներքին կյանքի գրեթե բոլոր բնագավառներին, սահմանված են հստակ քայլեր ու ուղղություններ: Եվ այդ ամենը կարող է հիմք հանդիսանալ կառավարության նոր ծրագրի համար: Վարչապետը չի կարող այդ ամենը մի կողմ դնել ու գրել ծրագիր, որը կապ չունի այդ կոալիցիոն հուշագրի հետ»:
Ըստ նրա` ՀՅԴ-ն պահանջկոտությունից չի վախենում, ընդհակառակը` քաջալերում է, բայց ուզում է, որր դա տեղի ունենա անընդհատ: «Եթե վարչապետը պահանջկոտ է, դա միայն ողջունելի է: Մենք մեր նախարարներին չենք ասում, որ` դուք գնալու եք կառավարություն ու պաշտպանված եք, քանի որ դաշնակցական եք: Մեր նախարարները առաջին հերթին պաշտպանված պետք է լինեն իրենց գործով ու պրոֆեսիոնալ կարողություններով: Պահանջկոտությունը ողջունում ենք, բայց դա չպետք է դուրս գա ռազմավարության ընդհանուր տրամաբանությունից: Եվ ուրեմն` կոչ եմ անում բոլորին ու վարչապետին, որ մենք իրար հետ խոսենք հայեցակարգված, ռազմավարության ու մարտավարության հստակ դրույթների շուրջ: Սուբյեկտիվ մասն ինձ չի հետաքրքրում, ով ում դուր է գալիս կամ դուր չի գալիս, քանի որ դա կապ չունի մեր ընդհանուր պետական խնդիրների հետ»,- ասաց Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի կողմից ազատորեն կադրային քաղաքականություն վարելու իրավունքին, նա կարծիք հայտնեց, որ ազատությունը գիտակցված անհրաժեշտություն է և չի կարող լինել սանձարձակություն, այլ նախօրոք ձեռք բերված համաձայնությունների մեջ տեղավորվելու կարողություն` այս դեպքում:
Հարցին` արդյո՞ք ՀՅԴ-ն կադրերի պակաս չունի, որովհետև նոր վարչապետը հայտարարել է, որ ամենուր գոյություն ունի կադրերի պակաս, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն ամբողջ կաբինետի համար էլ կադրեր ունի»:
Ինչ վերաբերում է վարչապետի մեկ այլ հայտարարությանը, որ կախարդական փայտիկ չկա, նա ասաց. «Բայց կախարդական փայտիկ կա՞: Եթե մենք ապրեինք հեքիաթների աշխարհում, այո\', ոչ մի խնդիր էլ չէինք ունենա, բայց իրական կյանքը ուրիշ է: Կախարդական փայտիկ մի\' ուզեք այն պարզ պատճառով, որ այն գոյություն չունի: Վարչապետը ճիշտ է ասում, ազնիվ է ասում, քանի որ գիտակցում է խնդիրների ծավալը: Ես գնահատում եմ նրա այդ հայտարարությունը, որ տնտեսության վիճակը շատ ծանր է»: