կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-02 19:32
Հասարակություն

Զարգանալ՝ չզիջելով. Արմեն Ռուստամյանի ելույթը Արցախի անկախության օրվա կապակցությամբ

 Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր երկրորդ հայկական պետության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,  25-րդ տարեդարձն է: Դաշնակցությունը ավանդույթ է դարձրել այս տոնը նշել հրապարակային, ժողովրդի հետ միասին: Այս տարեդարձը առանձնահատուկ է ոչ միայն նրանով, որ հոբելյանական է, այլ նախ և առաջ նրանով, որ տեղի է ունենում մեր երկու հայկական պետությունների համար գերլարված, ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներով հագեցած մի չափազանց պատասխանատու ժամանակաշրջանում:

Ուստի այսօր առավել քան երբևէ պահանջվում է անկեղծ ու սթափ գնահատել մինչև հիմա մեր ստացածն ու կորցրածը, արժևորել մեր ձեռքբերումները, սրբագրել մեր սխալներն ու բացթողումները, չերկնչել առկա վտանգների ու սպառնալիքների հանդեպ և վերահաստատելով համազգային մեր ուխտը՝ գնալ առաջ:

Պատմական այս հանգրվանում հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախությունը և վերադարձրեց կորսված հայրենիքի մի հատվածը: Սա է այն գլխավոր պատմական ձեռքբերումը, որ մեր սերունդը պարտավոր է աչքի լույսի պես պահել և փոխանցել հաջորդ սերունդներին:

Իսկապես պատվաբեր, բայց դժվար է եղել հաղթելը, սակայն ոչ պակաս դժվարին, բայց պատվաբեր է հաղթանակը պահելն ու ամրագրելը: 25 տարիները հենց այս գիտակցությամբ ենք ապրել ու հաջողել, էլ ինչու պիտի նույն կերպ չշարունակենք: Հետևաբար՝ մեր միջից պետք է մեկընդմիշտ և իսպառ արմատախիլ անենք պարտվողականության որոմը և մեր կյանքը կառուցենք դարերի փորձությունն անցած հայտնի կարգախոսով՝ թե ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի:

Այո, խաղաղությունն է բնական միջավայրը արարման և կայուն զարգացման: Ոչ մի ողջամիտ մարդ դրան դեմ չի կարող լինել: Բայց խաղաղությունը չեն մուրում, այլ նվաճում են: Թշնամուն խաղաղության բերում են ոչ զիջելով, այլ՝ պարտադրելով: Եվ ուրեմն հող ու տարածք զիջելը ինքնին ոչ թե զսպում է թշնամուն, այլ նրան դարձնում է ավելի սանձարձակ: Այս համոզումով էր, որ մեր ժողովուրդը ժամանակին վճռականորեն մերժեց «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքով հակամարտությունը կարգավորելու օրվա իշխանությունների պարտվողական քաղաքականությունը: Չի կարող լինել ոչ մի կասկած, որ քաղաքական դիակ դառնալու նույն ճակատագիրն է սպասում մեզանից նրան, ով կփորձի այս կամ այն կերպ վերակենդանացնել այդ տխրահռչակ սկզբունքը:

Այս վստահությունն է կրկին մեզ ներշնչում վերջին ապրիլյան պատերազմը: Համայն հայության համախմբումը, մեր բանակի հերոսական դիմակայությունը ամենապերճախոս վկայությունն էր հայ մարդու անպարտելիության, անմնացորդ նվիրումի ու խիզախության: Համայն հայությունը հաշված ժամերի ընթացքում դարձավ մեկ բռունցք և հուժկու հարվածով ետ շպրտեց կրկին չափազանց ինքնահավան ու ամբարտավան դարձած ուխտադրուժ թշնամուն: Լիովին ձախողվեց նոր շփման գիծ արձանագրելու, ստատուս քվոն ռազմական ճանապարհով փոխելու, սեփական պայմանները թելադրելու նպատակով սանձազերծված և հիտլերյան «բլից կրիգի» ոգով ներշնչված ալիևյան նորօրյա արկածախնդրությունը: Կրկին հայկական բռունցքն էր ստիպողը, որ պատերազմը սկսողը պատերազմից փախչի և հրադադար խնդրի: Կրկին փաստվեց, որ միջազգային անվտանգության համակարգերը ի զորու չեն ժամանակին միջամտելու և արդյունավետորեն կանխելու պատերազմական գործողությունները: Կրկին առիթ եղավ վերահաստատելու, որ հենց իրեն զոհ ներկայացնող Ադրբեջանն է միակ և ամբողջական պատասխանատուն շարունակաբար պատերազմ հրահրելու և դրա հետևանքների համար:

Ապրիլյան պատերազմի օրերին, ինչպես ժամանակին արցախյան շարժման արշալույսին, ամենալավ առիթը կար ըստ արժանվույն կարևորելու և համայն հայության ազգային զարթոնքով առաջացած համախմբումը զորաշարժի բերելու համար: Սակայն, դժբախտաբար, ոչ միայն այդ հնարավորությունը ևս մեկ անգամ լիարժեք չօգտագործվեց, այլ ի հայտ եկավ «Սասնա ծռեր»-ի երևույթը, որ նոր փորձության մատնելով հայոց պետականությունը՝ խարխլեց մեր ներքին ու արտաքին անվտանգությունը, ջլատեց մեր միասնությունը՝ հասարակությանը կրկին բաժանելով յուրայինների և օտարների: Միևնույն ժամանակ ակնհայտ պետք է լինի, որ երկրում անհապաղ բարեփոխումների իրականացումը, կուտակված դժգոհությունն ու լարվածությունը լիցքաթափելը այլևս հրամայական անհրաժեշտություն են:

Անշուշտ, համակարգված, հետևողական և ծրագրավորված փոփոխությունները երկրում լիարժեքորեն կհունավորվեն և կերաշխավորվեն, երբ խորհրդարանական կառավարման և ժողովրդավարական ընտրությունների անցկացման համակարգերը մոտ ապագայում արդեն կյանքի կկոչվեն և վերջ կդրվի Հայաստանում չարիք դարձած անձնիշխանությանը: Սակայն ոչինչ չի խանգարում, որ այս հեռանկարին համապատասխան անհրաժեշտ գործընթացները քաջալերվեն արդեն այսօր:

Սիրելի հայրենակիցներ,

Անցած 25 տարիները աներկբայորեն փաստում են, որ մեր սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու, մեր ազգային նպատակներից չշեղվելու գլխավոր պայմանը «Զարգանալ չզիջելով» կարգախոսով առաջնորդվելն է: Սա է դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը: Հակառակը հեշտ է, բայց կործանարար: Քանզի եթե շարունակաբար զիջենք մեր շահերը, իբր որ կարողանանք զարգանալ, էլ շահ չի մնա ոչ միայն զարգանալու, այլ որևէ այլ բանի համար:

Հետևաբար, առաջնորդվել «Զարգանալ չզիջելով» կարգախոսով, նշանակում է մասնավորապես ամրապնդել այն գաղափարը, որ Արցախի ազատագրված տարածքները ոչ թե բեռ են, որից պետք է օր առաջ ազատվել, այլ զարգացման մեծագույն հնարավորություն: Ավելին՝ սա նշանակում է կառուցել մեր տնտեսական քաղաքականությունը այնպես, որ համապատասխանի շրջափակված և պատերազմի մեջ գտնվող երկրի կարգավիճակին ու պայմաններին: Պետք է ունենալ այն մշտական համոզումը, որ ավելի լավ է լինել շրջափակված, բայց պահպանել ներկա 42000 քառ. կմ տարածքները հայկական, քան ունենալ բաց սահմաններ, բայց զրկվել կենսական նշանակաթյան մեր տարածքներից:

Իհարկե, բանակցային գործընթացն ունի իր տրամաբանությունը, և եթե մենք ունենալով բոլոր հիմքերը պնդում ենք, որ Ադրբեջանը իր պահվածքով վեր է ածվել անբանակցելի կողմի, չպետք է առիթ տանք, որ նույն մեղադրանքը միջնորդները ներկայացնեն նաև մեզ: Հետևաբար, գնալ բանակցությունների նախապայմանով, որ հայկական կողմի որևէ զիջում չպետք է հանգեցնի ստատուս քվոյի փոփոխությանը, փաստացի նշանակում է ոչ այլ ինչ, քան հրաժարում բանակցություններից՝ դրանից բխող բոլոր վտանգներով:

Հայաստանի ու Արցախի մարտավարական սկզբունքը Ադրբեջանի հետ համակարտությունը կարգավորելու գործընթացում հստակ է ու հասկանալի՝ պատրաստ լինելով պատերազմի, խուսափել պատերազմից և մնալ փոխադարձ վեճերն ու խնդիրները առանց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառմամբ լուծելու միջազգայնորեն ընդունված չափանիշների և նորմերի շրջանակում: Իսկ այդպիսի խաղաղ կարգավորման  միակ միջոցը բանակցություններն են, որից հրաժարվելը չի բխում մեր շահերից:

Սակայն բանակցությունների միջոցով հիմնախնդրի արդար լուծումն ապահովող հայկական կողմերի հետապնդած հայեցակարգը պետք է հենվի Արցախի ժողովրդի արտահայտած կամքի վրա, ենթադրի Ադրբեջանի կողմից միաժամանակյա և համաչափ զիջումներ և լինի համահունչ խաղաղ կարգավորման միջազգային նորմերին ու չափանիշներին:

Առ այդ արցախյան հիմնախնդրի կարգավորման հայեցակարգը պետք է հետապնդի հետևյալ խնդիրների լուծումը՝

  1. առաջնորդվել 1991թ. անկախության և 2006թ. սահմանադրական հանրաքվեներով Արցախի ժողովրդի արտահայտած կամքով: Ըստ որոնց հռչակված է անկախ պետություն ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանների տարածքները ամրագրող սահմաններով և հաստատված է, որ մինչև ԼՂՀ պետական  տարածքի ամբողջականության վերականգնումն ու սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունն իրականացվում է փաստացի ԼՂՀ իրավազորության ներքո գտնվող տարածքներում        

 Այսպիսով, որևէ կարգավորում, որ չի ապահովում ԼՂՀ անկախ կարգավիճակի և նրա տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված հարցերի առաջնահերթ լուծում, անընդունելի է: Անընդունելի է ոչ միայն  Դաշնակցության, այլև Արցախի ողջ ժողովրդի համար: 

  1. բանակցային գործընթացի լիարժեքության ու արդյունավետության համար ապահովել ԼՂՀ լիիրավ մասնակցությունը բանակցություններին
  2. միջազգային արդյունավետ վերահսկողություն սահմանել՝ ապահովելու 1994-95թթ. զինադադարի եռակողմ պայմանագրի անվերապահ կատարումը
  3. բանակցային գործընթացը հունավորելու և Ադրբեջանի ռազմատենչ ու հակահայկական քաղաքականությունը չեզոքացնելու համար նոր թափ հաղորդել ԼՂՀ միջազգային ճանաչման գործին
  4. անվտանգության և պաշտպանության միասնական համակարգ հաստատելու նպատակով ՀՀ և ԼՂՀ միջև կնքել ռազմաքաղաքական դաշինք՝ ամրագրելով ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխավորը լինելու ՀՀ կարգավիճակը՝ ի նկատի ունենալով անհրաժեշտ պահին Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորությունը:
  5. ձևավորել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան և ռազմական հանցագործությունները ապացուցող փաթեթ և հասնել դրանց միջազգային դատապարտմանըՅայհվբն  հայանպաստ լուծումը կանխորոշելու նպատակով իրականացնել Արցախի վերաբնակեցումը

Սիրելի հայրենակիցներ,

 Այսօր ԼՂՀ-ում ընթացքի մեջ են սահմանադրական նոր փոփոխությունների հետ կապված քննարկումները: Այդ փոփոխությունների անհրաժեշտությունը ներշնչված էր ի սկզբանե Հայաստանում կատարվող նմանատիպ գործընթացներով և տրամաբանորեն ակնկալվում էր, որ պետք է նույն ուղղությամբ ընթանային: Ըստ այդմ, պատահական չէր, որ  Արցախի հիմնական քաղաքական ուժերը ի սկզբանե պաշտպանում էին հենց դեպի խորհրադարանական համակարգի անցնելու գաղափարը: Հրապարակված նախագիծը, տարօրինակորեն, չի համապատասխանում այդ քաղաքական տրամադրություններին և առաջարկում է անցում որևէ տեղ չփորձարկված, կառավարման իր ձևով նորարարական մի համակարգի: Պարոնայք, երկրի չճանաչված լինելը այն փորձադաշտի վերածելու առիթ չէ, այլ հակառակը՝ նրա ճանաչմանը կարող է առավելապես նպաստել աշխարհում ընդունված դասական ժողովրդավարական համակարգերի տեղայնացումը: Իսկ Արցախի պարագայում սահմանադրական որևէ փոփոխություն ինքնանպատակ չի կարող լինել, այլ պետք է հետապնդի հստակ 2 հիմնական նպատակ: Այն է՝ նպաստել ԼՂՀ միջազգային ճանաչմանը և պետության հզորացմանը՝ ամրապնդելով նրա ժողովրդավարական և իրավական համակարգերը:

 Ներկայացված նախագիծը մեզ կարող է հեռացնել հենց այս նպատակներից, քանզի միջազգային ճանաչման գործընթացը խթանելու համար չեն անում քայլեր, որ համահունչ չեն միջազգային փորձին և դժվարացնելու են մեր օտարերկրյա գործընկերների լոբբիստական աշխատանքները: Իսկ եթե ուզում ենք առաջ մղել երկրի հզորացման և ժողովրդավարացման գործընթացները, ապա դա պիտի կատարվի անցած փորձի հիման վրա եղածը լավացնելով, ոչ թե փորձարկումներով՝ նոր խնդիրներ հարուցելով: Հենց այս դեպքերից խուսափելու համար է, որ ժողովուրդն ասում է. «լավ է փորձած թանը, քան անփորձ մածունը»:

 Արցախում պետականության ամրապնդման և զարգացման հեռանկարային ծրագրերը պետք է ապահովեն «ԼՂՀ անկախությունից դեպի Հայաստանի հետ միացում» ռազմավարության սահուն իրացումը: Այս նպատակին պետք է ծառայեն նաև որևէ փուլում իրականացվող սահմանադրական փոփոխությունները և այդ համոզումով է, որ Դաշնակցությունը Արցախում ևս պաշտպանում է խորհրդարանական համակարգին անցնելու գաղափարը:

 Սիրելի հայրենակիցներ,

 25 տարին լիովին բավարար ժամանակ է փաստելու որևէ պետության կայացած լինելը, նրա կենսունակությունը և իր անկախությունը պաշտպանելու կարողությունը: Այսօր մի ամբողջ սերունդ է ծնվել ազատության մեջ  ու մեծանում է վայելելով իր հայրենիքի անկախությունը: Մենք պարտավոր ենք պահել, պահպանել մեր և նոր սերունդների ազատությունն ու անկախությունը՝ նրանց փոխանցելով սեփական հայրենիքում ապրելու ու արարելու բերկրանքը:

     Կեցցե\' ազատ ու անկախ Արցախը,

     Կեցցե\' Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը:

     Արցախը Հայաստան է, և վերջ:  

                        

       2 սեպտեմբեր 2016թ.