Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կատարվում է ընտրական համակարգի աննախադեպ և արմատական փոփոխություն, եթե չասեմ հեղափոխական փոփոխություն: Գլխավոր հարցը՝ սա փոփոխություն է դրական ուղղությամբ, թե՝ ոչ, խթանելու է ժողովրդավարությունը, թե՝ ոչ:
Ամեն ինչ գնահատվում է ոչ թե զգացմունքներով, այլ համեմատության մեջ, իսկ այդ համեմատությունը կոռեկտ և լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է երեք հիմնական ուղղություններով գնահատել, թե ներդրվող ընտրական համակարգը ինչպես է լուծում ընտրական համակարգում տարիներ ի վեր կուտակված և չլուծված գլխավոր երեք բնույթի հարցերը՝ կապված ընտրակեղծիքների դեմն առնելու, ընտրապայքարում հավասար պայմաններ ստեղծելու և ներկայացուցչական ժողովրդավարություն հաստատելու առաջնահերթությունների հետ, որպեսզի ընտրություններն իսկապես լինեն ազատ, արդար և թափանցիկ:
Այս հարցը վերջնականապես և լիարժեք լուծվու՞մ է՝ իհարկե, ոչ, բայց որ լուրջ և խորքային հիմքեր է ստեղծում դրա համար ակնհայտ է, իսկ երբ փորձ է արվում նախորդների հետ համեմատել այս ընտրակարգը և ասել ավելի վատն է ոչ մի քննադատության չի կարող դիմանալ, իսկ տեղ-տեղ ուղղակի նմանվում է մանկական կամակորության: Դատե°ք ինքներդ Ա. Ընտրակեղծիքների դեմ պայքարի և ընտրությունների կազմակերպման առավել անկախ և ինքնուրույն կառույց ձևավորելու առումով:
- ԿԸՀ-ն ձևավորում է հիմա ԱԺ 3/5-ով, որ մինչև հիմա ոչ մի մասնակցություն ընդհանրապես չուներ, ասում են ավելի վատ է, քան առաջ:
- Բազմակի քվեարկությունների դեմ առնելու համար մինչև հիմա առաջարկվում էր հրապարակել քվեարկածների ցուցակները, թանաքոտել մատերը, առանձնացնել հնարավոր բացակաների ցանկը: Այս մեխանիզմներից և ոչ մեկը մինչև հիմա չի եղել՝ հիմա առաջարկում է նույն խնդիրը լուծող իրական այլընտրանք՝ քվեարկության մատյանները, քվեարկածների համարները դառնում են լիարժեքորեն հասանելի, քվեարկող անձի իդենտիֆիկացումը և արձանագրումը կատարվում է ոչ թե թանաքոտմամբ, այլ մատնահետքերի գրանցման և հաշվառման միջոցով:
Ասում են էլի հարցը չի լուծվում: Նախ, որևէ մեխանիզմ, որևէ իմաստ չունի, հարց չի լուծում, եթե քաղական ուժը նախապես չի պատրաստել ու չի տիրապետում փաստացի բացակաների կոնկրետ տվյալներին: Կամ տեսանկարահանման հարցը՝ տեսանկարահանումը online չի, բայց տեսաձայնագրումը բոլոր տեղամասերի համար ապահովվում է: Բայց քանի որ բառացիորեն մեր ասածը չի, չնայած որ ոգին պահպանվել է, բայց տառը չի պահպանվել, ուրեմն մեր առաջարկած 5 կետերը չեն բավարարվել: Ակնհայտ է, որ քաղաքական ուժը, եթե իրական կառույց չունի, չի կարողանում լինել բոլոր ընտրատեղամասերում, ոչ մի օրենսգիրք էլ նրան ընտրակեղծիքներից չի փրկի: Վերահսկելու համար նախ և առաջ պետք է ներկա լինել տեղամասերում:
Բ. Ընտրական հավասար պայմանների ստեղծման մասով: Մինչև հիմա դրան հասնելու համար գլխավոր միջոցն էր անցնել համամասնական ընտրակարգի: Մի մասն ասում է, որ սա համամասնական չի՝ այդպիսիների օպոնենտը մենք չենք, այլ ողջ միջազգային պրակտիկան և ճանաչված մասնագետները: Այդպիսիները թող փորձեն գիտական թեզ պաշտպանել և ապացուցել ի հեճուկս ողջ փորձագիտական հանրությանը, որ համամասնական է միայն փակ ցուցակներով անցկացվող քվեարկությունը:
Տեսեք՝ ինչ կստացվի, եթե հաջողվի, կարող եք նաև փորձել բազմապատկման աղյուսակը վերանայելու հայտ ներկայացնել: Մյուսն ասում է համամասնական է, բայց մեր ուզածը չի և ավելի վատն է, քան նախորդ խառը համակարգն էր: Այսինքն, եթե նախկինում երկու քվեաթերթիկ էր քվեարկվում և եթե անգամ որևէ քաղաքական ուժ ունենար 70 տոկոս, միևնույն է, փոքրամասնությունմ էր լինելու 41 բոնուսային մեծամասնական մանդատների առկայության պատճառով:
Մենք հիմա հենց այդ երկրորդ քվեաթերթիկն ենք վերացրել, ասում են ավելի վատն է: Այսինքն, իշխանությունը 30 տոկոս էլ ունենար, միանգամից 20 տոկոս բոնուս էր ստանում ու դառնում մեծամասնություն, էդ լավ էր: Հիմա, որ մեծամասնության համար վերին շեմ է հաստատվել, որ որևէ մի իշխանական ուժի երբեք չի հաջողվել համամասնական ընտրակարգով մեծամասնություն կազմել, որ որևէ անձ ուղղակի չի քվեարկվելու, այլ միջնորդավորված, հետևաբար անձերի ընտրությունը դառնալու է շատ ավելի քաղաքական՝ այս ամենը հետընթաց է համարվում: Այսինքն, որ վերացվում են իշխող քաղաքական ուժին օրենքով տրված բոնուսային առավելությունները, դա ոչինչ չարժե, քանի որ իշխանությունները կարող են գործի դնել իրենց մարդուժն ու ֆինանսական ռեսուրսները:
Կարծես թե նախորդ համակարգը որևէ կերպ սահմանափակում էր այդ ռեսուրսի կիրառումը կամ իբրև թե որևէ օրենսգրքով ընդհանրապես կարելի է հավասարեցնել բոլորի մեկնարկային կարողություններն ու ունեցած ռեսուրսը: Գ. Վերաջապես նորկայացուցչական ժողովրդավարության մասին: Այս խնդիրը լուծվում է համապատասխան թե° կառավարման, թե° ընտրական համակարգեր ներդնելու միջոցով:Նախ առաջնային մեկ մանդատի վրա հիմնված ժամանակակից խորհրադարանական համակարգի ամրագրումը անխուսափելիորեն հանգեցնում է հենց այդ ներկայացուցչական ժողովրդավարության զարգացմանը:
Հաջորդը՝ աշխարհում գործող բոլոր տեսակի համամասնական ընտրակարգերն էլ խթանել և խթանում են կուսակցական համակարգերի կայացումը: Ավելին՝ Սահմանադրությունը և այս ընտրական օրենսգիրքը խթանում են իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգի կայացումը: Շատ ճիշտ է նշվում, որ եթե կա կայուն մեծամասնության ապահովման խնդիր, պետք է լուծվի նաև կայուն փոքրամանության երաշխավորման խնդիրը: Այո, հենց դա էլ արվում է՝ կայունության նվազագույն շեմը ամրագրված է թե մեծամասնության համար «54%», թե փոքրամասնության «մանդատների 1/3-ը»:
Սրանով լուծվում է կարևորագույն մի խնդիր՝ մեծամասնության կայունությունը լուծում է քաղաքական ճգնաժամերից խուսափելու և անվտանգության հետ կապված խնդիրը, փոքրամասնության կայունությունը լուծում է իշխանություններին հակակշռելու և զսպելու խնդիրները: Արդյունքում հակադրությունների, միասնության և պայքարի դասական դեալեկտիկական զարգացման օրենքին համապատասխան կունենաք ոչ թե «գերեզմանային», այլ իսկապես ժողովրդավարական կայունություն: ՀՅԴ-ը վստահ է, որ փոփոխությունները ճիշտ ուղղությամբ են գնում, և մենք առաջիկա ընտրություններում կյանքի կոչելու ընթացքում, շարունակաբար հղկելով, կարող ենք ունենալ իսկապես վստահելի ժողովրդավարական ընտրություններ: