կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-23 23:37
Քաղաքական

Տարածքներ հանձնենք, մինչև գան մեր տանն ապրե՞ն. Արմեն Ռուստամյանի պատասխանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

Տարածքներ հանձնենք, մինչև գան մեր տանն ապրե՞ն. Արմեն Ռուստամյանի պատասխանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ընտրողների հետ կայացած հանդիպումից հետո ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող դիտարկումներին և տարածքների հանձնման վերաբերյալ նրա շեշտադրումներին: «Ինձ մոտ տպավորություն է, որ այդ քաղաքական ուժը կատարում է Ադրբեջանի գործը: Ադրբեջանն է ամեն տեղ թմբկահարում՝ հանձնեք տարածքները, թե չէ կգրավենք նաև Երևանը: Ադրբեջանը անընդհատ հոխորտում է և վախեցնում, հիմա էլ մի քաղաքական ուժ եկել է ու մեր մեջից է դա անում: Հիմա էլ ամբողջ ժողովրդին է վախեցնում, որ Ղարաբաղի հարցը եթե տարածքների հանձնմամբ չլուծվի, մենք այս երկրում նորմալ չենք ապրի: Այդ հայտարարություններն անելուց առաջ մարդիկ պետք է բարի լինեն ծանոթանալ Արցախի ժողովրդի տեսակետին»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով. «Փաստորեն, Ադրբեջանի նման կա ևս մեկ քաղաքական ուժ, որը պարզապես այդ հանրաքվեի արդյունքերը չի ճանաչում: Այդ ճանապարհն իսկապես մեզ թուլացնող, պառակտող, վախեցնող ճանապարհ է: Կողքից էլ ասում են՝ մենք հաղթանակ ենք տարել, այդ տրամաբանություն ունեցող մարդը ո՞նց կարող էր հաղթանակ տանել: Հերի՛ք է մարդկանց մոլորեցնեք, որ իբր թե այդ հաղթող քաղաքական ուժն է եկել, ո՛չ, այդ քաղաքական ուժը չէր հեռանա 1998-ին, եթե իրեն չպարտադրեին հեռանալ, որովհետև չեն համաձայնել այդ խաղաղության ծրագրին, տարածքներ՝ խաղաղության դիմաց տխրահռչակ բանաձևը չի ընդունվել իր իսկ շրջապատի կողմից»:

Դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Երևանին որևէ մեկը չի սպառնում, նրանց կռիվը Ղարաբաղին է վերաբերում, Ռուստամյանը պատասխանեց. «Եթե նրա համար Ղարաբաղն ու Երևանը նույնը չեն, այստեղ էլ մենք խնդիր ունենք, այս է ողջ հարցը: Մեզ համար Ղարաբաղը Հայաստանն է, եթե ոմանց համար Ղարաբաղը Երևան չէ, Հայաստան չէ, այդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Հայաստանում, ես զարմանում եմ, ի՞նչ գործ ունեն հայության միասնության խնդրի հետ: Ի՞նչ գործ եք ուզում անել, ադրբեջանահաճո՞: Երևի մարդիկ ազդվել են Ադրբեջանի քարոզչությունից կամ ամեն օր «Ազեր TV» են նայում էս մարդիկ»:

Հարցին, այսինքն` սուտ չէ՞, որ կա փաստաթուղթ և ստիպում են, որ ՀՀ իշխանությունները ստորագրեն, Ռուստամյանը պատասխանեց. «Այդ փաստաթուղթը վաղուց պատրաստ է եղել, Հայաստանը պատրաստ է եղել ստորագրել: Տեղյա՞կ չեն էդ մարդիկ, որ Կազան է եղել, որ գնացել էին, որ պետք է ստորագրեին. Բայց տասը նոր առաջարկներ բերելով, ի ճիգ են դարձել այդ առաջարկները: Այսինքն՝ ո՞նց, տարածքներ հանձնենք այնքան, որ ստեղից թողնենք, գնա՞նք: Տարածքները հանձնենք, մինչև գան մեր տանն ապրե՞ն, որ նոր հասկանա՞նք՝ ում հետ գործ ունենք: Ախր էդ մարդիկ մեր վերացումն ու ոչնչացումն են ուզում: Մարդը շատ հստակ ասում է այն ինչ Ալիևը կասեր, հետո էլ խաղաղության քարոզումից է խոսում, թող գնա Ադրբեջանում էդ խաղաղությունը քարոզի: Լավ է, որ նա անում է այս փուլում, ժամանակին դա արել է իշխանության գալուց հետո: Դուք պատկերացրեք՝ 88 թվին Լևոն Տեր-Պետրոսյանն այս բաներն ասեր, հրապապարակում մի վայրկյան կմնա՞ր, նրան կթողնեին մի վայրկյան ընդեղ մնա՞լ, հիմա լավ է գոնե նախապես է ասում, մարդիկ թող իմանան՝ այս քաղաքական ուժի իրական նպատակները որոնք են և թող համապատասխան քվեարկությամբ էլ արձանագրեն դա»: Ռուստամյանը նաև ասաց՝ Տեր-Պետրոսյանն այնպես է նկարագրում իրավիճակը, ասես ներկայացնում է պաշտոնական Երևանի տեսակետը: «Հիմա պարզվում է, որ նրանք իրականացնում են պաշտոնական Երևանի ծրագրի մի մասը՝ այդուամնայնիվ, իրենց հռչակելով ընդդիմություն: Այսինքն ինչը՞ Մադրիդյան սկզբունքնե՞րն են պաշտպանում, որն այսպես թե այնպես պաշտպանում է պաշտոնական Երևանը, Էդվարդ Նալբանդյանն այդ գործին է: Այսինքն՝ դու եկել ես իշխանության ծրագրի էդ մասն իրականացնելու համա՞ր, դե տենց էլ հստակ ասա, որ դու էդ իշխանության մի շարասյունն ես: Իշխանության գո՞րծն ես անում, միևնույն ժամանակ Ալիևին հաճոյանալով»,- ասաց Ռուստամյանը՝ շեշտելով, որ Դաշնակցությունն Արցախի ժողովրդի կամքի կողքին է լինելու մինչև վերջ: