Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարգելի պարոն Ղուկասյան,
Գնահատելով Ձեր անկեղծ ցանկությունը՝ ստանալ պարզաբանումներ ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններում ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Արթուր Աղաբեկյանի՝ որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու օրինականության հարցի վերաբերյալ, հարկ եմ համարում պատասխանել Ձեզ՝ պահպանելով Ձեր նախընտրած հրապարակային գործելաոճը.
1. ՀՅԴ-ն մշտապես հանդես է եկել սահմանադրական կարգը պահպանելու եւ այն իրականություն դարձնելու հետեւողականությամբ, հետեւաբար գնահատելի է սահմանադրական կարգի պահպանմանը հետեւելու ու դրանով առաջնորդվելու Ձեր նպատակադրումը:
2. Ձեր կողմից բարձրացված հարցը քննարկվել է մինչեւ Արթուր Աղաբեկյանի՝ որպես ԼՂՀ ԱԺ պատգամավորի թեկնածուի առաջադրումը եւ հանգամանորեն ուսումնասիրվել է այս ընթացքում:
3. Դուք հավուր պատշաճի վկայակոչում եք ԼՂՀ սահմանադրությունը, որի 78-րդ հոդվածը սահմանում է. «Պատգամավոր կարող է ընտրվել քսաներեք տարին լրացած, վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: Նույն նորմը ամրագրված է նաեւ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածում: Այս նորմերը պահանջում են պատգամավոր ընտրվելու համար միաժամանկյա չորս պայմանների առկայություն:
4. «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության քաղաքացիության հիմնական սկզբունքների մասին» ԼՂՀ օրենքի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը անձի քաղաքական-իրավական կապն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, որն արտահայտվում է նրանց փոխադարձ իրավունքների, պարտականությունների եւ պատասխանատվության համակցության մեջ: ԼՂՀ քաղաքացին կարող է միաժամանակ հանդիսանալ այլ պետության /այլ պետությունների/ քաղաքացի: Անգամ արտասահմանյան պետություններում ապրող ԼՂՀ քաղաքացին, անկախ այնտեղ գտնվելու ժամկետից, պահպանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ընտրական օրենսգրքի» հավասար ընտրական իրավունք վերտառությամբ 3-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը հավասար պայմաններ է ապահովում ընտրական իրավունքի իրականացման համար:
6. Արթուր Աղաբեկյանի ողջ կենսագրությունը անբաժանելիորեն կապված է ԼՂՀ անկախությունը ձեռք բերելու եւ պետականությունը հաստատելու գործընթացի հետ: Այսպես՝ 1963թ. նոյեմբերի 24-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ծված Արթուր Աղաբեկյանը 1988-1994թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, եղել է ԼՂՀ Հադրութի պաշտպանական շրջանի առաջին հրամանատարը, ապա՝ ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի 4-րդ բաժնի պետը։ 1992թ. եղել է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահի խորհրդական, իսկ 1992-1996թթ.՝ ԼՂՀ պաշտպանության բանակի առաջին ՊՇ հրամանատար։ 1997-1999թթ. եղել է 1-ին ԲՇ հարավարեւելյան բրիգադի հրամանատարը, իսկ 1999թ.՝ ԼՂՀ ներքին գործերի նախարարը։
7. Ինչպես ճշմարտացի կերպով նշել եք, Արթուր Աղաբեկյանը 2007-2012թթ. հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ ՀՅԴ խմբակցության անդամ: 2007թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ 2009թ. մայիսի 21-ին տվել է հրաժարական։ Բազմիցս նշվել է (դրա վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հաճախ կհանդիպեք անդրադարձերի), որ Արթուր Աղաբեկյանը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվել է նաեւ այն հիմնական պատճառով, որ նպատակ է դրվել անմիջականորեն ներգրավվել ԼՂՀ տնտեսական զարգացման գործում: Ծավալելով ԼՂՀ տարբեր բնակավայրերում ներդրումներ ներգարվելու կազմակերպական մեծ աշխատանք՝ նա 2009թ. մայիսի 21-ից հետո հիմնականում (առավելապես) գտնվել է ԼՂՀ-ում: Հրապարակային նման գործելաոճը անհրաժեշտաբար զուգակցվել է նրա՝ Արցախում բնակվելու օրինական իրավունքի հետ, որոնց համակցությունը համապատասխանում է օրենսդրության պահանջներին, ըստ որի՝ մշտական բնակության վայր է համարվում այն վայրը (կացարանը), որտեղ անձն ունի բնակվելու իրավունք, որը հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր (կացարան):
8. Հարկ է նաեւ փաստել, որ 2009թ. մայիսի 21-ից հետո՝ մինչեւ ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունների ավարտը՝ Արթուր Աղաբեկյանը չի խախտել ՀՀ ԱԺ պատգամավորի համար ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված այն սահմանափակումները, որոնք կարող էին հիմք հանդիսանալ նրա՝ ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար: Մասնավորապես, մշտական բնակության վայրի ՀՀ սահմանադրության 64-րդ հոդվածով նախատեսված պայմանն անհրաժեշտ է անձի ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, սակայն այն փոխելը հիմք չէ նրա որպես ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունների դադարեցման համար (ՀՀ սահմանադրության 65-րդ, ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 12-րդ հոդվածներ):
9. Ինչպես նշեցի ԼՂՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար ԼՂՀ սահմանադրությունն ու ընտրական օրենսգիրքը սահմանում են չորս փաստերի առկայություն, որոնք, ինչպես նաեւ պատգամավորի թեկնածու առաջադրվելու եւ գրանցվելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունները հաստատող փաստաթղթերը ԼՂՀ ընտրական օրենսգրքի 106-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված են ԼՂՀ կենտրոնական Հուսով եմ, որ կարողացա ներկայացնել այն իրավական եւ քաղաքական հիմքերը, որոնք թույլ են տալիս միանշանակ հաստատել, որ Արթուր Աղաբեկյանի ԼՂՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելն ու գրանցումը համապատասխանում է ԼՂՀ գործող օրենսդրության պահանջներին: Գոհունակություն հայտնելով Ձեր կողմից ցուցաբերած վստահության համար՝ համոզված եմ, որ Արցախի խորհրդարանի այս ընտրություններում ՀՅԴ-ն կարող է մեծ քաղաքական արդյունք արձանագրել:
Հարգանքով՝ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ
Արմեն Ռուստամյան