կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-15 13:46
Քաղաքական

Բյուրոկրատիան պետք է վերանա. նորանշանակ վարչապետ

Բյուրոկրատիան պետք է վերանա. նորանշանակ վարչապետ

Այսօր կառավարության նիստում, որը վարում էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Նանման» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու մասին հարցը: Երկրորդ հարցը համանման արտոնություններ շնորհելու մասին էր, մասնավորապես` առաջարկվում էր ներդրումային ծրագրի շրջանակներում «Շանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգել:

Արծվիկ Մինասյանը ներկայացրեց, թե այս պահի դրությամբ քանի ընկերություն է արտոնություն ստացել, և ինչ ներդրումային փաթեթ են ներկայացրել նրանք: «Այս պահի դրությամբ 65 ընկերություն օգտվել է այս իրավունքից, արտոնությունների ընդհանուր ծավալը` 3 տարով հետաձգման, կազմում է 42 միլիարդ դրամ, ընդհանուր աշխատատեղերի թիվը 6688 է նախատեսված եղել, մոնիտորինգային արդյունքը այս պահի դրությամբ 5025 ստեղծված աշխատատեղ է»,- ասաց նախարարը` հավելելով, որ ՊԵԿ-ից լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց հետո կներկայացնեն արդյունքներ, թե այդ ամենը որքանով է նպաստ բերել տնտեսության աճին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցեր ուներ: Նա նախ խնդրեց թղթերը լրացնելիս ուշադիր լինել թվերին, որովհետև անհամաչափություն կա, թե որքան ներդրումների դիմաց որքան աշխատատեղ է խոստանում ընկերությունը:

«Եթե դուք մոնիտորինգ եք անում, թե որքան աշխատատեղ են նախատեսել, բայց իրականում որքան աշխատատեղ է ստեղծվել, նաև հնարավոր չէ՞ զուգահեռաբար պարզել, թե որքան փող է հետ վերադարձվել, մենք ռեգուլյար հարցո՞ւմ պետք է անենք ՊԵԿ-ին, կա՞ վերահսկելու համակարգ»,- հարցրեց վարչապետը:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ, որպես այդպիսին, նման համակարգ չկա:

«Պարո\'ն Մինասյան, ես չեմ ասում` Դուք գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: Ունենք կառույց` ՊԵԿ: Ի միջի այլոց ասեմ, որ ես ՊԵԿ-ին նոր հանձնարարություն չեմ տվել, ես ՊԵԿ-ին ասել եմ, որ իր գործառույթը կատարի` ընդամենը: Այդ առումով այսօրվա իմ հանձնարարականը կարող է աբսուրդ հնչել, որովհետև ես ասել եմ այն, ինչը պետք է ՊԵԿ-ը կատարեր վաղուց: Այս պահին Դուք, լինելով էկոնոմիկայի նախարար, արտոնություններ տալով բիզնեսին, հետո մոնիտորինգ անո՞ւմ եք: Օրինակ` նախորդ ընկերությունը որքա՞ն ժամանակ է ծախսել, մինչև ստացել է այս արտոնությունը»,- հարցրեց վարչապետը:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ երկու ընկերությունների դեպքում էլ մոտ մեկ շաբաթ են ծախսել մինչև արտոնություն ստանալը: Կարեն Կարապետյանը արձագանքեց. «Չեմ հավատում, դուք 7 հատ վիզա եք ներկայացրել: Դուք բիզնեսին աջակցող կառույց եք, դուք պետք է, նրանց ձեռքը բռնած, բոլոր կառույցներով գնաք, որ նրանք իրենց ապահով զգան: 1 միլիոն 500 հազար դրամ արտոնություն է խնդրում, երևի մի 7 ամիս նամակ է գրել: Մենք պետք է այդ ամեն ինչը կանոնակարգենք, անենք ամեն ինչ, որ բյուրոկրատիան վերացնենք: Կա խաղի կանոն, որի մասին պետք է հայտարարվի, թե որ դեպքում ենք մենք արտոնություն տալիս: Վերջ»,- ասաց վարչապետը:

Արծվիկ Մինասյանը արձագանքեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում բյորոկրատիան թեթևացնելու ուղղությամբ, և առաջիկայում կներկայացվի արտոնություններ տալու հստակ  գործիքակազմ:

Որոշումն ընդունվեց: