կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-09 17:22
Հասարակություն

Իշխանության և բնակչության միջև անջրպետը պետք է վերանա. Հովիկ Աբրահամյան

Իշխանության և բնակչության միջև անջրպետը պետք է վերանա. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Արևշատ համայնքի ամառանոցի ջրարբիացված արոտավայր: Այն ջրարբիացվել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրով:

 

Կառուցվել է 14 կմ ջրագիծ և երկու խմոց, ինչի համար ներդրվել է 124,2 մլն դրամ, որի մի մասը կառավարության պահուստային ֆոնդից: Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ձեռք բերել 47 մլն դրամի գյուղտեխնիկա: Ակնկալվում է, որ արոտավայրից կկարողանա օգտվել 1200 խոշոր եղջրավոր անասուն: Արևշատցիների խոսքով՝ ծրագիրը հրատապ էր և այն կնպաստի համայնքում անասնպահության զարգացմանը: Դիմելով արևշատցիներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը լինելու է գյուղացու կողքին:

 

ՙՙ«Նման ծրագրերը պետք է լինեն շարունակական: Մենք պետք է ժամանակի ընթացքում լուծենք մեր գյուղացիների առջև ծառացած խնդիրները: Լինելու են պայմանավորվածություններ, խոստումներ մեր հնարավորությունների սահմաններում, որոնք իրականացնելու ենք»՚՚,- ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ջրարբիացված արոտավայրի առկայությունը համայնքում և շնորհակալություն հայտնել արևշատցիներին՝ ջերմ ընդունելության համար: Վարչապետի հաջորդ կանգառն Ախուրյան համայնքն էր, որտեղ կառավարության ղեկավարին են ներկայացրել բնակելի շենքերի շինարարական աշխատանքներին վերաբերող մանրամասներ:

 

Նշվել է, որ Ախուրյան համայնքում 136 ընտանիքի համար կառուցվելիք 4 բազմաբնակարան շենքից՝ 3-ի (104 բնակարան) շինարարական աշխատանքները վերսկսվել են 2014 թվականին, իսկ 4-րդ շենքի շինարարությունը (32 բնակարան) դեռևս չի սկսվել: Պատասխանելով լրագրողների հարցին՝ 4-րդ մասնաշենքի շինարարությունը ձգձգվելու մասին հարցին՝ վարչապետը նշել, որ փորձելու է ճշտել պատճառները և լուծում տալ:

 

Հարցը կքննարկվի նաև մարզպետարանում կայանալիք խորհրդակցության ժամանակ: Այնուհտև վարչապետն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ հանդիպել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին: Հովիկ Աբրահամյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել են նրանց հուզող հարցերին, որոնք առնչվել են կրթության որակին, ուսանողների ուսման վարձին, աշխատանքային ուսումնական պրակտիկային և այլն: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին քննարկել ներկայացված խնդիրները և գտնել համապատասխան լուծումներ: Առաջարկվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համար նախատեսվող հեռակա ասպերանտուրայի տեղերի մի մասը հատկացնել Գյումրու մասնաճյուղին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ առաջիկայում կրկին այցելելու է համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ քննարկելու ապագա ծրագրերը: Վարչապետն ընդգծել է, որ յուրաքանչյուր պայմանավորվածություն լինելու է գործ և այդ կարգը յուրաքանչյուրը պետք է պահպանի: ՙՙ«Իշխանության և բնակչության միջև անջրպետը պետք է վերանա: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ մարդիկ խոստումներ են տվել և չեն իրականացրել: Կարծես թե հավատի, վստահության պակաս կա և մենք դա հաղթահարելու ենք ու դրա համար կա քաղաքական կամք:

 

Մեզ համար կարևորը քաղաքացուն բարեկեցիկ կյանքով ապահովելն է: Այսօր կարծես ակտիվանում է ազգաբնակչության և կառավարության կապը: Յուրքանչյուր դեպքի կառավարության անդամները արձագանքում են և այցելում մարզեր, համայնքներ: Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է, և մենք փորձելու ենք առաջիկայում նեդրումներ ներգրավել, ստեղծել նոր աշխատատեղեր:Մենք անպայման ունենալու ենք հաջողություն և ես դրանում չեմ կասկածում»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

 

Այնուհետև վարչապետն ուսանողներին է ներկայացրել նոր կառավարության ձեռնարկած քայլերը և ծրագրերը, որոնք առնչվում են փոքր և միջին բիզնեսին, այդ բնագավառում հավասար պայմանների ստեղծմանը, գործարար միջավայրի բարելավմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և այլն: