Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե մի կողմ դնեմ անկողմնակալության հանձնառություն եւ առաքելություն ստանձնած մասնագիտությունս, ես համաձայն եմ Սերժ Սարգսյանի հետ, որ պետք է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին` գրեթե չեզոքացնելով նախագահի ինստիտուտի քաղաքական նշանակությունն ու դերը:
Ճիշտ է, ես ամբողջովին համոզված չեմ այս քայլում նախագահ Սարգսյանի լիակատար ազնվության մեջ, բայց դա չի խանգարում ինձ, որպեսզի կողմ լինեմ խորհրդարանական պետության գաղափարին, ավելին` բարձրաձայնեմ իմ տեսակետը, որն այս պարագայում իշխանության տեսակետն է: Ես, ուրեմն, Բաղրամյան 26-ին նվիրված սրիկա եմ: Միեւնույն ժամանակ, ես դեմ եմ ԵՏՄ-ին մեր երկրի միանալու որոշմանը, դե, չեմ ուզում լինել մի միության մեջ, որի /Հայաստանից բացի/ երեք հիմնադիր անդամներից միայն մեկն է ընդունել Ցեղասպանությունը, եւ բոլոր երեքում էլ մարդիկ չեն բողոքում, ոչ թե որովհետեւ լավ են ապրում, այլ որովհետեւ վախենում են:
Հիմա իշխանությունները, նաեւ ընդդիմության որոշ շրջանակներ ինձ կանվանեն գրանտակեր, ով ամեն ամիս «քեռի Սեմ»-ից քեշ փող է ստանում: Ուր էր, թե… Բայց ես դեմ եմ, որ որոշ մարդիկ մեքենաների հետեւի ապակուն` «Հարյուրամյակն առանց ռեժիմի» պաստառներով շրջում են քաղաքում եւ դեռ քաղաքից դուրս էլ են գալիս: Կնշանակի` ես ցանկանում եմ, որ «ռեժիմը շարունակի իր արյունարբու ճիրաններում պահել ժողովրդին», հետեւաբար` ռեժիմի ճորտն եմ:
Բայց ծեծին դեմ եմ, ավելին` մարդուն ծեծի ենթարկելը, այլ էլ իր` թեկուզ սխալ, թեկուզ հանցավոր գաղափարների համար, ես համարում եմ հանցագործություն, հետեւաբար, ծեծողներին` հանցագործներ: Կնշանակի, ես, այնուամենայնիվ, գրանտ ստանում եմ այս պարագայում ոչ միայն «քեռի Սեմ»-ից, այլեւ Երեւանում եվրոպական երկրների դեսպանատներից, ավելին` Ֆրանսիայի դեսպանն իմ մոտ ընկերն է:
Մեզանում արմատացող քաղաքական տգիտության անհետ վերացում է պետք, գոնե` մտածելու համար:
Հովիկ Աֆյան