Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Նոյեմբերի 4-6 Աղվերանում ԿԳ նախարարությունն անցկացրեց սեմինար` լրագրողներին ներկայացնելով կրթական մի շարք ծրագրերի ընթացքն ու առաջիկայում կատարվելիք աշխատանքները: 2011-ը ԿԳ ոլորտում եղել է բուռն` արձանագրվել են թե հաջողություններ եւ թե բացթողումներ: Այս տարի ՄԱԿ-ի մարդկային զարգացման ծրագրի կրթության ցուցանիշներով` Հայաստանը 56-րդ տեղում է. մենք զիջում ենք Վրաստանին, սակայն զգալիորեն առաջ ենք Թուրքիայից եւ Ադրբեջանից:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, խոսելով կրթական ոլորտում կոռուպցիայի մասին, նշեց, որ, այո, կոռուպցիա կա, բայց այն միայն կրթական համակարգում է: Աշոտյանը տեղեկացրեց, որ շատերը դասախոսին քննությունից առաջ կամ հետո «վերաբերմունք ցույց տալը» եւ ընդունելության ժամանակ սեփական երեխայի համար միջնորդելը կոռուպցիա չեն համարում:
«Հետաքրքիր է, որ ընդունելության քննությունների ժամանակ կանգ են առնում բոլոր թեմաները` հայ-թուրքական հարաբերություններ, Իրանի միջուկային զենք եւ այլն. բոլորը սկսում են միայն հետեւել նրան, թե ով բուհ ընդունվեց: Իրականում ոչ մեկին չպետք է հետաքրքրի, թե ով է ընդունվում բուհ, այլ այն, թե ով է աշխատում»,-ասաց Աշոտյանը:
Նախարարը կարծում է, որ եթե անգամ 10 ԿԳ նախարար լինի, միեւնույնն է, հարցը չի լուծվի, մինչեւ հասարակական վերաբերմունքը չփոխվի:
ԿԳՆ աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանի կարծիքով` կրթության մատչելիության առումով ամենից խոցելի է համարվում նախադպրոցական երեխաների կրթությունը: Նրա խոսքով` տարրական եւ միջին դպրոցներում անհրաժեշտ է համախառն ընդգրկվածությունը հասցնել 99 տոկոսի, որն այժմ 80 տոկոս է: Խոսելով հատուկ կարիք ունեցող երեխաների ընդունելության քննությունների կազմակերպման մասին, Ստեփանյանը հավաստիացրեց, որ կույր երեխաների համար հատուկ քննություն է կազմակերպվում, իսկ թե երբ եւ որտեղ է կազմակերպվել նման գոնե մեկ քննություն, այդպես էլ չիմացանք:
Այսօր Հայաստանում կա 107 ավագ դպրոց. ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ ավագ դպրոցն օգնեց աշակերտներին գտնել իրենց տեղը.«Սակայն դեռ կան գյուղեր, որտեղ կրթությունը 12-ամյա է»:
Հովհաննիսյանը նշեց, որ ավագ դպրոցի բոլոր ուսուցիչները վերապատրաստվել են. այժմ էլ մաթեմատիկայի եւ պատմության ուսուցիչների թափուր տեղ կա:
Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը նշեց, որ շատ կարեւոր է օրերս ՀՀ կառավարության կողմից հաստատված Ուսուցման ազգային հիմնադրամ ստեղծելու հարցը, որի նպատակը հաջորդ տարվանից սկսած` կարճաժամկետ վերամասնագիտացման ծրագրերի կազմակերպումն է, որը կնպաստի որակյալ մասնագետներ ունենալուն: ՀՀ կառավարության որոշմամբ` 2012-ին հատկացվել է 22 մլն դրամ, իսկ 2013թ. սկսած` այն կաշխատի ինքնաֆինանսավորմամբ:
Գիտության զարգացման համար իր կարեւոր դերն ունի գիտության երիտասարդացումը, որի խթանման համար էլ աշխատանքներ է տանում Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: «Հայաստանում գիտությունը ծերացել է մոտ 20 տարով»,-ասաց Հարությունյանը` հավելելով, որ եթե 2011-ին Գիտության պետական կոմիտեին պետբյուջեով հատկացված է եղել 4 մլրդ դրամ, ապա 2012-ին նախատեսվում է հատկացնել շուրջ 10,3 մլրդ դրամ:
Հարությունյանը նշեց, որ կոմիտեում ամենից շատ հիմնարկներ ունի Գիտությունների ազգային ակադեմիան /ԳԱԱ/, որն ունի շուրջ 34 ինստիտուտներ եւ գիտական կենտրոններ: Մեր հարցին, թե երիտասարդացման հարցում կան վիճակագրական տվյալներ կապված հենց ԳԱԱ-ի հետ, Հարությունյանը պատասխանեց, որ առանձին տվյալներ չունեն: «Ինչ տարբերություն, այնպես եք ասում` կարծես ակադեմիան Հայաստանում չէ. տվյալները ընդհանուր են»,-ասաց Հարությունյանը` հարցս էլ ավելի հարցական դարձնելով:
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղազարյանը տեղեկացրեց, որ 2011-ին 4 դոկտորական եւ 35 թեկնածուական աշխատանք է բեկանվել կամ կրկնակի պաշտպանության ուղարկվել. դրանց մեջ կան աշխատանքներ, որոնց հեղինակները փորձել են միջնորդության միջոցով կոչում ստանալ: «Տարեկան շուրջ 450-500-ի է հասնում գիտական աստիճաններ ստացողների թիվը, ինչն այնքան էլ շատ չէ: Այս տարի 259-ն են գիտական կոչման արժանացել. ոչ պետական բուհերից կոչումներ ստացողների թիվը 5-10 է հասնում»,-ասաց Ղուկասյանը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ